Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5 ԿԳ ՍՈՒՐՃԻ ՀԱՄԱՐ՝ 5 ՏԱՐՎԱ ՊԱՏԻԺ

Սեպտեմբեր 19,2006 00:00

Հանձնաժողովը չի հանդիպել Սեւանի գաղութի դատապարտյալներին, իսկ «Առավոտի» թղթակիցը հանդիպել է

Սեւանի գաղութի 471 դատապարտյալներից 8-ի նկատմամբ համաներումը տարածվեց, իսկ 10-ի պատժաչափերը կրճատվել են: Սակայն «Առավոտը» տարաբնույթ լուրեր էր ստանում, որ այնտեղ դատապարտյալները շարունակում են հացադուլը:

Երեկ հացադուլի ահազանգի հետքերով գաղութում էինք եւ փորձում էինք տեսնել, թե ի վերջո ինչ է կատարվում այնտեղ: Գաղութի պետի՝ Վարուժան Եղիազարյանի տեղեկացմամբ, ոչ մի հացադուլ էլ չկա: Իրենք 57 դատապարտյալի համար դիմել են ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովին՝ վաղակետ ազատելու համար, սակայն հանձնաժողովը 3 ամսով հետաձգել է իր վերջնական որոշումը, ինչի մասին գաղութի ղեկավարությունը հայտնել է դատապարտյալներին:

Իջեւանցի Գեւորգ Աղասերյանը գողության համար դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Իր ասելով՝ նստել է արդեն 3 տարի: Դա երկրորդ դատվածությունն էր: Հարազատները երեք տարի է չեն տեսել Գեւորգին, քանի որ գաղութը հեռու է եւ միջոցներ չունեն՝ Սեւան հասնելու: Որեւէ խախտում չուներ: Հանձնաժողովը առանց նրա հետ հանդիպելու՝ մերժել է վաղակետ ազատելը: Մտադրվել է հացադուլ անել, սակայն հույս ունի, որ երեք ամիս հետո կվերանայեն որոշումը:

Հարութ Պողոսյանը նախկինում 4 անգամ դատապարտվել էր: Հավատացնում է, թե «բնածին, պոտենցիալ» հանցագործ չի եւ ոչ էլ «գերի»: Սեպտեմբերի 11-ին նախազգուշական հացադուլ է արել մի քանի ժամով: Ըստ դատապարտյալի, 16 տարի նստած մարդու համար հարցը այդ 2 տարին չէ, որ նա պիտի անցկացնի ազատազրկման վայրում, այլ այն, որ իրեն հանձնաժողովը չի պատճառաբանում, թե ինչու է մերժել դրական եզրակացություն տալ:

20-ամյա Արեն Գեւորգյանը սեպտեմբերի 11-ին հացադուլ է հայտարարել, սակայն մի քանի ժամ անց դադարեցրել է այն: Հասցրել է 4 անգամ դատվել: 2 տարի 7 ամիս է՝ ինչ Սեւանում է: 5 կգ սուրճ է գողացել խանութի դիմացից: Ասում է, որ «զոնում կա մեկը, որը 1 կգ մուրաբայի համար 3 տարով ազատազրկվել է»: Նաեւ վստահեցնում է, որ գաղութի պետին վստահելով՝ հացադուլի մտադրությունից հրաժարվել է: Ունի ստամոքսի խոց, սրտի խնդիրներ: Շինարարության վրա է աշխատում: Հայրը Ուֆայում է աշխատում, ունի քույր եւ եղբայր, եւ տեսակցությունն էլ ամիսը մեկ հարազատների հետ հաջողվում է: Չնայած հոր հետ վերջին անգամ հանդիպել է 12 տարեկանում: Հանձնաժողովը նրան էլ չի հանդիպել:

24-ամյա Խաչատուր Գեւորգյանը երկրորդ անգամ է դատվել: Ավտոմեքենայի միջից գողացել է մագնիտոֆոն, ինչի համար 5 տարվա ազատազրկման են դատապարտել: Դիլիջանից է: 3 տարի մորը չի տեսել: 25 օր առաջ մահացել է 1-ին խմբի հաշմանդամ քույրը: Տանը օգնող չունի. մայրը հավաքարար է, հավատում էր, թե հանձնաժողովը շատուշատ մարդկային հանգամանքներ հաշվի կառներ: Հանձնաժողովը նրան էլ չէր հանդիպել:

Արամ Ափյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել գողության համար: 2-ն անց է կացրել Սեւանում: «Արդեն տանը պիտի լինեի, բայց այստեղ եմ», տրտնջում է նա: 76 տարեկան հիվանդ մայր ունի, հայրը որդու կալանքի ժամանակ մահացել է: Երեք երեխաներից մեկը ծառայում է բանակում, երկուսը անչափահաս են: Չի ծխում, չի խմում, գաղութի տված հացի կեսն էլ, ինչպես ասում է, աղավնիներին է տալիս: Նա տեղեկացնում է, որ 30-35 հոգի՝ դիմումները պատրաստ մտադիր էին հացադուլ սկսել, սակայն տեղեկացել են, որ հանձնաժողովը եզրակացությունը հետաձգել է երեք ամսով: Պետրոս Աբգարյանի, Արմեն Ասլանյանի, Կարեն Շահինյանի, Արթուր Բալաբեկյանի նախազգուշական հացադուլը նույնպես ժամեր է տեւել: «Երեւի մարդ չեն կարծել՝ դրա համար չեն պատասխանում մեզ»,- ասում է Բալաբեկյանը:

Հ. Գ. Տեղեկացանք, որ գաղութում է գտնվում մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ջոն Հարությունյանը: Վերջինս 2 անգամ դիմել է՝ իրեն ԼՂՀ տեղափոխելու հարցով՝ պատճառաբանելով, որ հարազատները Ղարաբաղից չեն կարողանում գալ՝ տեսակցելու: Սակայն դատախազության կողմից մերժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել