Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերին չհամոզեց

Սեպտեմբեր 19,2006 00:00

Մեր տնտեսական թռիչքների մասին նախագահի ելույթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներից ոմանք ընդունեցին վերապահումներով:

«ԱՀԿ անդամակցությունը խթանեց համաշխարհային տնտեսության մեջ մեր ինտեգրման գործընթացը՝ կանխատեսելի դարձնելով հարաբերությունները առեւտրային գործընկերների հետ: Բարեփոխումների արդյունավետությունն ապացուցվում է գրանցված արդյունքներով: Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 12.2%: Արտասահմանյան ներդրումների ծավալը անցյալ տարի հասել է շուրջ 500 մլն դոլարի: Սրանք ակնառու ցուցանիշներ են նավթ եւ գազ չունեցող հետսովետական պետության համար»,- երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» 3-րդ համաժողովին մեր երկրի ցնցող ու չտեսնված առաջընթացների մասին այսպիսի ելույթով սփյուռքահայերին ողջունեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Որքան էլ նա համոզիչ էր խոսում՝ համաժողովի մասնակիցներից շատերը, որոնք դեռ նոր էին ոտք դրել Հայաստան, արդեն հասցրել էին ծանոթանալ մեր իրական տնտեսական աճի հետ: «12% տնտեսական աճով ասես թոզ են փչում ժողովրդի աչքերին, մենք թեեւ արտերկրում ենք ապրում, բայց տեսնում ու շատ լավ ճանաչում ենք Հայաստանն ու իր խնդիրները: Մեր աչքից չեն վրիպում ոչ աղքատությունը, ոչ փողոցների կեղտը, գյուղական անմշակ հողատարածքները, որբերը, սրանց վրա չի կարելի աչք փակել, մինչդեռ իշխանությունները նրանցով չեն էլ հետաքրքրվում»,- ի հեճուկս նախագահի ամպագոռգոռ ելույթի՝ մեզ հետ զրույցում Հայաստանի մասին այսպես արտահայտվեց ամերիկաբնակ լրագրող Օշին Քեշիշյանը:

Հաշվի առնելով, որ սա դեռ համաժողովի առաջին օրն է, կարելի է ենթադրել, թե մեկնելու օրը՝ ամսի 20-ին նրանք դեռ ինչե՜ր կիմանան մեր երկրի «առաջընթացների» մասին: Ամերիկաբնակ Թելմա Գեւորգյանն արդեն այցելել էր Էրեբունի թանգարան ու ճանապարհին ծանոթացել մոտակա թաղամասերի աղքատ բնակիչների հետ, որոնք իրենց ամբողջ դարդուցավը պատմել էին սփյուռքահային. «Այստեղ մարդիկ այդքան էլ լավ պայմաններում չեն ապրում, շատ բարի ու ազնիվ մարդիկ տեսա, որոնք տուն չունեին, աղքատ էին»: Համաժողովի մյուս մասնակիցներն էլ Երեւանում մի փոքր շրջելուց հետո նկատել էին, որ մարդիկ այստեղ այնքան էլ բարեկեցիկ կյանքով չեն ապրում: «Պետությունը պետք է ուշադրություն դարձնի անապահով խավի ընտանիքներին: Այս մարդիկ ասես լքված ու անտեսված լինեն»,- նկատեց ՌԴ-ից ժամանած բժիշկ Ալֆրեդ Սամիրյանը:

Ընդհանուր առմամբ սփյուռքահայերը դժգոհում էին, որ հայերն արտասահմանում հաճախ ամուսնանում են օտարազգիների հետ, ինչը նպաստում է մեր ազգի ասիմիլյացիային: Բայց որպես մեր երկրի առավելություն, համաժողովի մասնակիցները նշում էին մատչելի գներն ու հայկական ուտելիքների բարձր որակը: Արտասահմանյան աշխատավարձերի համեմատ մեր երկրում գներն իսկապես մատչելի են:

Սփյուռքահայերի սիրտը շարժելու համար նախագահը շոշափեց նաեւ Արցախի խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել