Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 19,2006 00:00

Ընկերությունն իր վերացական պատասխաններով բարկացրել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

Այս օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «ԱրմենՏելի» սակագների բարձրացման հայտը եւ շուտով պետք է որոշում կայացնի՝ բավարարե՞լ ընկերության պահանջը, թե՞ ոչ: Իրականում այստեղ ուսումնասիրելու բան էլ չկա, որովհետեւ հանձնաժողովը, որպես վերահսկող, պետք է ոչ միայն չերկմտեր «ԱրմենՏելին» իր մերժողական պատասխանը տալիս, այլեւ պետք է որոշում կայացներ՝ ընկերությանը տուգանելու մասին: Իսկ «ԱրմենՏելին» տուգանելու համար հանձնաժողովը բազմաթիվ հիմքեր ու պատճառներ ուներ՝ սկսած բաժանորդներին անընդհատ խնդիրների մեջ գցելուց, կեղծ խոսելաժամանակներ նկարելուց, ուրիշների գումարները բռնագրավելուց՝ մինչեւ ինտերնետ կապի շուկայում մենաշնորհային դիրքերը չարաշահելը: Բայց քանի որ հանձնաժողովը սակագները բարձրացնելուց բացի այլ ֆունկցիա մեր երկրում չի կատարում, գրեթե կասկած չի մնում, որ հունվարի 1-ից ընկերության մատուցած ծառայությունների սակագները եթե ոչ կրկնակի, ապա մասամբ կթանկանան: Մինչ հանձնաժողովը մտածմունքների մեջ է՝ որքա՞ն բարձրացնել ինտերնետ կապ եւ հեռախոսագիծ տրամադրելու գինը, «ԱրմենՏելից» տուժածները, հանձնաժողովից հույսները կտրած, ընկերության դեմ բողոքները ներկայացնում են տրանսպորտի եւ կապի նախարարության հեռահաղորդակցության բաժին: Մեր տեղեկություններով՝ նախարարությունում արդեն բազմաթիվ բողոքներ են կուտակվել, որոնց մի մասի գործերը գլխավոր դատախազությունում են:

Նախարարության խորհրդով, օրինակ, դատախազությանն է դիմել «ԱրմենՏելի» բջջային հեռախոսակապի բաժանորդներից մեկը՝ Մելանյա Անիսոնյանը: Նրա «իզի» քարտում վերալիցքավորած 62467 դրամը ընկերությունը զրոյացրել էր՝ ժամանակին նոր լիցքավորում չկատարելու պատճառաբանությամբ: Գործնականում բաժանորդն իսկապես չէր հասցրել հաշիվը լիցքավորել, բայց անգամ կապի նախարարության մասնագետների տրամաբանությամբ՝ սա հիմք չի տալիս մոտ 150 դոլարի հասնող գումարը հաշվի վրայից սառեցնել. հնարավոր էր քարտը ժամանակավոր արգելափակվեր եւ երբ համապատասխան տուգանքը բաժանորդը կմուծեր՝ այն ժամանակ քարտից կօգտվեր: Սակայն «ԱրմենՏելը» դիմել էր փող աշխատելու ամենակարճ ճանապարհին՝ պարզապես գումարը բռնագրավելուն:

Մելանյան հայր չունի, ապրում է հիպերտոնիայով հիվանդ մոր հետ, որի ճնշումը ժամանակ առ ժամանակ կտրուկ բարձրանում է, եւ աղջիկը ստիպված է լինում մորը շտապօգնության միջոցով հասցնել հիվանդանոց: Հիվանդ մոր հետ անընդհատ կապվելու համար նա միշտ հեռախոսի հաշվի վրա մեծ գումար է ունենում: Քարտի վերալիցքավորման վերջնաժամկետի օրերին մոր վիճակը խիստ վատթարանում է, նա արյունահոսում է եւ փսխումներով նրան հասցնում են «Արմենիա» հիվանդանոց: Չնայած Մելանյան այս մասին սրտաճմլիկ նամակ է գրում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսին՝ խնդրելով հաշվի առնել իր հոգեվիճակը եւ մարդկայնորեն վերադարձնել գումարը՝ պարոն Ֆետսիսի սիրտը դրանից բացարձակապես չի շարժվում եւ ի պատասխան նա պարզապես գրում է՝ «ձեր գումարը զրոյացվել է 21.05.06, ժամը 01.01-ին»: Խնդրի առնչությամբ նույնիսկ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է դիմել պարոն Ֆետսիսին՝ ընկերությունից պահանջելով իրենց հստակ դիրքորոշումը ներկայացնել նախարարությանը՝ որպես հիմնավորում դիմումին կցելով նաեւ Մելանյայի մոր բոլոր էպիկրիզները եւ կանչի փաստաթղթերը: Բայց բաժանորդին հասցեագրված նույն վերացական պատասխանն էլ ուղարկվել է նախարարություն, որը վերջիններիս չի գոհացրել, ուստի նախարարի տեղակալը այսպիսի գրությամբ Ֆետսիսին պարզապես տեղն է դրել. «Հաշվի առնելով, որ նմանատիպ բողոք-դիմումները կրում են շարունակական բնույթ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ հարցին լուծում տալու համար եւ նախարարությանը սպառիչ պատասխան ներկայացնել»: Մինչ օրս «ԱրմենՏելը» սառեցված հաշվով բաժանորդների խնդրին որեւէ լուծում չի տվել, իսկ «սպառիչ» պատասխանը եղել է այն, որ «կանխավճարային համակարգում բաժանորդների հաշվի վրա գոյություն ունեցող գումարի զրոյացումը ղեկավարվում է ավտոմատ ձեւով եւ այն հնարավոր չէ վերականգնել»:

Մելանյայի եւ նման խնդրով «ԱրմենՏելից» տուժած բաժանորդների գործն այժմ ՀՀ գլխավոր դատախազությունում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել