Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ը պառակտման շեմին է

Սեպտեմբեր 19,2006 00:00

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ ՍԻՄ-ի 17-րդ համագումարը դարձավ կուսակցության պառակտման սկիզբ: Դա նույնքան անակնկալ էր, որքան պարզ երկնքում պայթած ամպրոպը:

Կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանն ու նրա տեղակալ, «Իրավունք» թերթի խմբագրակազմի նախագահ Հայկ Բաբուխանյանն իրենց թիմակիցներով նախ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Հ. Խաչատրյանի կողմնակիցները Հ. Բաբուխանյանին մեղադրեցին «Իրավունք» թերթի հրատարակման ընթացքում թույլ տված խոշոր՝ մոտ 3 մլն դրամի հասնող, ֆինանսական յուրացումների մեջ: Բաբուխանյանի կողմնակիցները «հակառակորդներին» հակադարձեցին Հ. Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ցուցումով «Իրավունքի» խմբագրական խորհրդի նախագահին հեռացնելու փորձեր անելու մեղադրանքով: Ու թեեւ կուսակցության համագումարում հայտարարություն ընդունվեց երկրում առկա քաղաքական իրավիճակի ու իշխանության ձգտող կրիմինալի դեմ վճռականորեն պայքարելու մասին, այդուհանդերձ, համագումարի հիմնական թեման ներկուսակցական «ռազբորկան» էր: Համագումարում ՍԻՄ նախագահ Հ. Խաչատրյանը Հ. Բաբուխանյանին համարելով որպես ընդունակ, տաղանդավոր, կազմակերպչական ջիղ ունեցող անձնավորություն, այնուամենայնիվ առաջարկեց Հ. Բաբուխանյանի գործունեությունը երեք ամսով սառեցնել: Ի վերջո, համագումարում ծայր առած բանավեճերից ու հնչած փոխադարձ մեղադրանքներից հետո արդեն օրվա երկրորդ կեսին ՍԻՄ նախագահ Հ. Խաչատրյանը ստիպված եղավ հեռանալ համագումարից: Թեեւ կուսակցության ղեկավար մարմնի ընտրությունները տեղի ունեցան Հ. Խաչատրյանի բացակայությամբ, այդուհանդերձ, ՍԻՄ համագումարի պատվիրակները նրան դարձյալ ընտրեցին կուսակցության նախագահի, իսկ Հ. Բաբուխանյանին՝ փոխնախագահի պաշտոնում:

Երեկ «Ազդակ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՍԻՄ նախագահը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հեռանալ քաղաքական գործունեությունից: Նաեւ՝ որոշ պարզաբանումներ ներկայացրեց կուսակցության համագումարի ընթացքում հնչած արտահայտությունների կապակցությամբ՝ վստահեցնելով, որ երբեք կուսակցության ֆինանսավորման աղբյուրների մեջ կրիմինալ չի եղել: «Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին, ապա կազմակերպությունում էլի կան բավականին մեծ միլիոնների հասնող գրանցված պարտքեր, որոնք ըստ էության չվերադարձվող անհուսալի պարտքեր են, եւ այստեղ կա հովանավորչության հետք, որը բարոյական առումով կարող է գնահատվել տարբեր կերպ, բայց իրավական առումով ես դա գողություն չէի անվանի, ես դա կանվանեի հովանավորչություն եւ կուսակցությանը պատճառված վնաս՝ հովանավորչության պատճառով»,- ներկայացնելով իրավիճակը՝ ասաց ՍԻՄ հիմնադիր նախագահը: Պարոն Խաչատրյանը նաեւ վստահ է, որ կուսակցության հոսքերը պայմանավորված են եղել որոշ քաղաքական կոմպրոմիսներով, որ արտահայտվել են «Իրավունքի» էջերում: Իհարկե, Հ. Խաչատրյանը չնշեց, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժի հետ է եղել կոմպրոմիսը, բայց խիստ վտանգավոր համարեց այդ միտումները, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում կուսակցությունը կդառնա այլ ուժերի խաղալիք. «Ինձ համար հետաքրքիր չէ, թե ՍԻՄ կուսակցությունը որ ուժի ձեռքը կանցնի: Ինձ համար կարեւոր է, որ ես լինեմ այնպիսի քաղաքական միավորի նախագահ, որը ի վիճակի է ինքնուրույն վճիռներ կայացնել»: Մեր հարցին՝ արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՍԻՄ-ում, կապված է իշխանությունների հետ եւ կուսակցության պառակտման մեջ խառն է իշխանությունների մատը, Հ. Խաչատրյանը կոնկրետ չպատասխանեց, բայց ասաց. «Եթե որեւէ միավոր չի կարողանում պահպանել իր ամբողջականությունը, վտանգ է առաջանում, որ այդ միավորը կարող է խաղալիք դառնալ այս կամ այն ուժերի ձեռքին, ակնհայտ է, որ առաջինը դա կդառնա Հայաստանի իշխանության ձեռքի գործիք, որովհետեւ Հայաստանի իշխանությունը այդ ստվերային մասով տիրապետում է գրեթե ամբողջ ասպարեզին: Այսինքն՝ որեւէ ուժ, լինի քաղաքական, թե տնտեսական միավոր, հենց անցնում է ստվերային ոլորտ՝ միանգամից ընկնում է Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի իշխանության մյուս կլանների, ղեկավարների ազդեցության տակ»: Հ. Խաչատրյանը հայտարարեց, որ մտադիր է դուրս գալ քաղաքականությունից, բայցեւ ասաց, որ չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել