Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԾԱԼԱԾ ՉԻ ՆՍՏԵԼ»

Սեպտեմբեր 19,2006 00:00

Ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ վստահեցնում, որ որոշ գործիչներ թողել են իրենց ամբիցիաները:

– Պարոն Հովհաննիսյան, իշխանության ներկայացուցիչները խիստ վիրավորվում են, երբ լրատվամիջոցները արձանագրում են, որ քրեական տարրերը եւ իշխանությունները սերտաճել են ու կրիմինալը քաղաքականության մեջ լուրջ դերակատարություն է ստանում. ձեր կարծիքով, կրիմինալ տարրերը իրո՞ք սերտաճել են իշխանության հետ:

– Երբեք Հայաստանում այսպիսի իրավիճակ չի եղել, որ կրիմինալն այսքան մեծ ազդեցություն ունենա երկրի կառավարման գործում: Եվ վտանգավորը հենց դա է, որ կրիմինալը հայտնվել է կառավարման համակարգի բուրգի վերեւում, այսօր քրեական տարրերը դարձել են կառավարման համակարգի բուրգի թելադրող: Անցած բոլոր կեղծված, անօրինական ընտրությունները, որոնց ժամանակ իշխանությունները հենվում էին կրիմինալի վրա, այսօր իշխանություններին դարձրել են պատանդ՝ նույն քրեական տարրերի ձեռքին:

– Սակայն նույն իշխանությունները դա չեն ընդունում եւ նույնիսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վիրավորվեց նման գնահատականից:

– Անդրանիկ Մարգարյանը եւ վերնախավում հայտնված բոլոր ընկերները շատ լավ գիտեն, թե իրենք ինչ են արել այս բոլոր տարիներին, եւ իրենք են մեղավոր, որ երկիրն այսօր այս վիճակում է: Ոչ մենք՝ քաղաքական գործիչներս, ոչ էլ դուք՝ լրագրողներդ, դրա համար չենք ուրախանում, չենք չարախնդում: Մենք ուղղակի փորձում ենք նորից եւ շատ ավելի վճռական բարձրացնել այս հարցը եւ նույն իշխանություններին ասել, որ սթափվելու ժամանակն է:

– Դաշնակցության ԳՄ որոշման մեջ հստակ ընդգծվեց, որ եթե ՀՅԴ-ն բավարար ձայներ չհավաքի խորհրդարանական ընտրություններում, ապա կտրուկ կփոխի իր մարտավարությունը եւ կդառնա ընդդիմություն: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Դաշնակցությունը հիմիկվանից գիտի, որ ընտրությունները կեղծվելու են եւ իր համար հող է նախապատրաստում:

– Դաշնակցությունը բավականին բազմափորձ, անցյալ ունեցող կուսակցություն է եւ իրենց համար քաղաքական որոշում կայացնելը շատ ավելի բարդ է, քան ցանկացած այլ կուսակցության համար, եւ կուրսի փոփոխությունը նրանց համար շատ ավելի դժվար է, քան ցանկացած այլ կուսակցության համար: Ինչ վերաբերում է ԳՄ այդ հայտարարությանը, ապա, կարծում եմ, դաշնակցական ընկերները շատ լավ հասկանում են, որ այլեւս ճանապարհ չկա: Իսկապես, այլեւս ճանապարհ չկա, եւ մի նոր կեղծված ընտրությունը Հայաստանի համար շատ վտանգավոր կլինի: Կարծում եմ, Դաշնակցությունը պարտավոր էր շատ ավելի կոնստրուկտիվ եւ ավելի տեսանելի աներ այդ հայտարարությունը, որովհետեւ իրենք եւս շատ լավ հասկանում են, որ իշխանությունների վերարտադրումը շատ ավելի վտանգավոր է լինելու մեր երկրի համար: Այնուամենայնիվ, Դաշնակցության այդ հայտարարությունը շատ նորմալ եմ ընդունում եւ ուզում եմ հավատալ, որ այն ձեւական չի լինի:

– Պարոն Հովհաննիսյան, որպես Արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ ԱՄՆ դեսպանատունը արդեն կոռուպցիայի օրինակներ է հրամցնում մեր իշխանություններին՝ կոնկրետ անուններով եւ փաստերով, իսկ այլ միջազգային կառույցներ իրենց գնահատականները շատ են կոշտացրել, արդյոք այս կարգի բաները չե՞ն նշանակում, որ դրսի ուժերի կողմից այլեւս մեր իշխանությունների հանդեպ նախկին ներողամիտ վերաբերմունքը չի լինելու:

– Իհարկե, դա ակնհայտ է երեւում եւ երեւում է ոչ միայն ԱՄՆ դիրքորոշումից: Այլեւս ակնհայտ է, որ նման ոչ լեգիտիմ իշխանություն պետք չէ նաեւ դրսի աշխարհին, եւ անգամ ՌԴ-ն այլեւս չի ուզում նման իշխանություն պահելու համար գին վճարել համաշխարհային հանրությանը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, խորհուրդ կտայի նայել պետքարտուղարության վերջին հաշվետվությունները, իրենց հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները, բոլոր դրանցում հստակ ընդգծվում է, որ Հայաստանում վիճակը բավականին ծանր է, Հայաստանը մեղադրվում է նարկոտրաֆիքինգի մեջ, մեղադրվում է կեղտոտ փողերի լվացման մեջ, մեղադրվում է ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու մեջ եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսուհետեւ անիմաստ կլինի, որ ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունը պահեն այս իշխանությանը, որովհետեւ իրենք եւս շատ լավ հասկանում են, որ այս իշխանությունները արդեն ավարտման փուլում են:

– Իսկ ընդդիմության անելիքը ո՞րը պետք է լինի, տպավորություն կա, որ ընդդիմությունը պարզապես ընդհատակ է անցել, սակայն նույնիսկ ընդհատակում ոչինչ չի անում, նստել է ձեռքերը ծալած:

– Գիտեք իմ տեսակետը, ես միշտ համախմբված, գաղափարական ընդդիմության կողմնակից եմ: Հիմա իրավիճակը այնպիսին է, որ, իրոք, անհրաժեշտ է համախմբված ընդդիմադիր դաշտի գոյությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է իրար միանան 20 կամ 40 կուսակցություն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե մենք կկարողանա՞նք հասարակությանը ցույց տալ համախմբման եւ միասնական հանդես գալու օրինակ, վստահ եմ՝ կկարողանանք, քանի որ այսօր հասել ենք այն փուլին, երբ բոլորը թողել են իրենց ամբիցիաները, հավակնությունները եւ հասկանում են, որ երազանքը իրականացնելու համար հարկավոր է մի քիչ իջնել հողին, երազանքը դարձնել ռեալ, հողեղեն եւ իրականացնել: Ընդդիմադիր դաշտում այսօր բոլորն են դա հասկանում, եւ, կարծում եմ, մենք մեր մեջ ուժ կգտնենք եւ կհայտարարենք այն մարդուն, ում շուրջը կհավաքվենք: Դա խիստ անհրաժեշտ է, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունը շատ ավելի ուժեղ է եւ կենսունակ, երբ ունի առաջնորդ:

– Կասե՞ք, ո՞ր ընդդիմադիր ուժերն են այդքան խելոքացել եւ թողել ամբիցիաները:

– Հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց, վստահեք իմ խոսքին, իրոք ընդդիմադիր դաշտն այսօր հենց այդ մաքուր վիճակում է: Չեմ ուզում անուններ տալ, դեռ ժամանակը չէ, եւ հետո, ինչո՞ւ առաջ ընկած ասել, մանավանդ՝ իշխանությունները ամեն նման դեպքից հետո փորձում են խանգարել: Հիմա մենք այդ շանսը իրենց չենք տալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել