Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱ՛Մ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՍԻՐՈՒՄ, ՀԱ՛Մ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Սեպտեմբեր 19,2006 00:00

Երեկ անկեղծացավ «Իմ տունը Հայաստանն է» կուսակցության նախագահը

Երկու տարի առաջ «Առաջին գունդ» կոչվող արցախյան ազատամարտի վետերանների հասարակական կազմակերպության հիմքի վրա հիմնադրվել էր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը: Այսօր այդ կուսակցությունն արտահերթ համագումար է հրավիրել ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Կուսակցության նախագահը «Առաջին գունդ» հ/կ-ի նախագահ, «Կոնդ» ջոկատի հրամանատար Վաչագան Չիբուխչյանն է: Երեկ մեզ հետ զրույցում նա հերքեց, թե կուսակցության արտահերթ համագումարի հրավիրումը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով: Ասել է թե՝ այս կուսակցության համագումարից սենսացիաներ ակնկալել պետք չէ: Նրա մատուցմամբ, 16 հազար անդամ ունեցող այս կուսակցությունը, որի կորիզը կազմում են ազատամարտիկները, իր գործունեության երկու տարիների ընթացքում առանց աղմուկ-աղաղակի փորձել եւ լուծել է «ժողովրդին հուզող կենսական խնդիրներ», որոնց մի մասի լուծման համար էլ հրավիրվել է այսօրվա արտահերթ համագումարը: Նրա ասելով, համագումարի օրակարգում դրված հարցերը վերաբերում են ազատամարտիկների, նաեւ Հայաստանի սահմանամերձ ու դատարկվող գյուղերում բնակվող մեր քաղաքացիների խնդիրներին, որոնց լուծման նպատակով կուսակցությունն իր համագումարին մասնակցելու համար, բացի քաղաքական դաշտում գործող կուսակցությունների ներկայացուցիչներից, հրավիրել է նաեւ իշխանության անդամներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին ու ՀՀ պաշտպանության նախարարին:

Վ. Չիբուխչյանի փոխանցմամբ, իր գլխավորած «Առաջին գունդ» հ/կ-ի անդամները երկու տարի առաջ պարզապես ստիպված էին կուսակցություն ստեղծել, որովհետեւ հասկացել էին, որ միայն հ/կ-ի ջանքերով ազատամարտիկների համար կենսական նշանակության հարցերի լուծման հասնել չեն կարող: «Մենք ստիպված էինք քաղաքական դաշտ մտնել, թեեւ, անկեղծ ասած, դա մեր սրտով չէր: Այնքան էլ հաճելի չէ, երբ պատերազմի մասնակից տղաները քաղաքական դաշտ են մտնում, բայց մեզ ստիպեցին դրան գնալ, որովհետեւ Հայաստանում արցախյան ազատամարտի վետերանները դեռեւս կարգավիճակ չունեն»,- ասաց պարոն Չիբուխչյանը՝ պարզաբանելով, որ երկու տարի առաջ կուսակցության հիմնադրումը պատճառաբանվել է հենց այդ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

«Հետո մեզ դիմեցին Կոնդ թաղամասի բնակիչները, որոնց սպառնում էր Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագիրը: Մենք կանգնեցինք կոնդեցիների թիկունքին ու հասանք նրան, որ հայ իրականության մեջ առաջին անգամը լինելով՝ մենք միակ կուսակցությունը եղանք, որ կարողացանք ի շահ ժողովրդի հարց լուծել: Այսինքն՝ Կոնդում ապրող 14 հազար մարդ կամ շուրջ 500 տնտեսություն կարողացան մեր կուսակցության ջանքերի շնորհիվ իրենց հայրական ու պապական տներն ու հողերը սեփականաշնորհել: Իհարկե, իշխանության օղակներում էլ գտնվեցին մարդիկ, ովքեր հասկացան, որ դա է ճիշտ ճանապարհը՝ բախումներից խուսափելու համար: Մնացած բոլոր կուսակցությունները՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, ճիշտ է, շատ լավ ծրագրեր ունեն, բայց նման ռեալ գործ մեր ժողովրդի համար չեն արել: Արտահերթ համագումարում մենք բարձրացնելու ենք ոչ միայն ազատամարտիկներին կարգավիճակ տալու հարցը, այլեւ սահմանամերձ գյուղերի խնդիրը: Մենք իշխանությունների առաջ սահմանամերձ գյուղերին հարկային բոլոր պարտավորություններից ազատելու, այդ գյուղերի բնակիչներին արտոնյալ կարգավիճակ տալու հարց ենք բարձրացնելու: Մենք պարտադրելու ենք իշխանություններին դա անել ու մեր խոսքի տերն ենք լինելու: Այսօր սահմանամերձ գյուղերում արտագաղթը մեծ չափերի է հասել, ինչը կարող է ցավալի արդյունք ունենալ»,- ասաց Վ. Չիբուխչյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության մասնակցությանն առաջիկա ԱԺ ընտրություններին, ապա մեր զրուցակցի փոխանցմամբ, կուսակցությունը, գոնե առայժմ, այդ ընտրություններին մասնակցելու խնդիր չունի:

Այդուհանդերձ, մենք փորձեցինք հստակեցնել՝ կուսակցությունն իրեն ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտում է տեսնում: Վ. Չիբուխչյանի հետ զրույցից պարզվեց, որ կուսակցությունը ո՛չ մեկում, ո՛չ մյուսում է. «Ես հարգում եմ ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ դիմությանը: Բայց առհասարակ, երկրի ներսում ընդդիմություն ասածը լավ չեմ հասկանում: Ո՞ւմ ենք ընդդիմություն: Մենք մեր երկրի ներսում ընդդիմություն լինելու իրավունք չունենք, կարող ենք անձերին ընդդիմություն լինել: Եթե նախագահին չեմ սիրում, կասեմ՝ չեմ սիրում»:

Բայց սիրո՞ւմ եք: Մեր այս հարցին ի պատասխան պարոն Չիբուխչյանն ասաց. «Ես բոլորին էլ սիրում եմ, բայց եթե պետք լինի, դուրս կգամ իշխանության դեմ, ես ոչ մեկից վախենալու բան չունեմ»: Որպես արցախյան ազատամարտի վետերան՝ Վ. Չիբուխչյանը երեկ վստահեցրեց, թե Ռոբերտ Քոչարյանը հրաժարական կտա, բայց ԼՂ հարցի վերաբերյալ որեւէ ոչ հայանպաստ փաստաթուղթ չի ստորագրի: «Դա միանշանակ է»,- ասաց նա՝ հավելելով, թե ինքն ու իր կուսակցության անդամները ընդհանրապես դեմ են որեւէ, այդ թվում՝ «գրավյալ» որակված տարածք վերադարձնելուն: «Ոչ մի սանտիմետր, ոչ մի տարածք ոչ մեկը չի հանձնի: Բա ինչի՞ Արեւմտյան Հայաստանի տարածքը մեզ չեն հանձնում: Ասում են՝ հողը արյունով են վերցնում, չէ՞: Կռված տղաները դեռ ողջ են, ու նրանք ոչ մեկին հող չեն տա: Ես ինքս էլ նախագահի համար չեմ կռվի, բայց իմ հողի համար կկռվեմ»,- հայտարարեց կուսակցության նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել