Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 15,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնչորսերորդ

ՎԱՍՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ

– Տասներկուսը չի,- ասացի Լիզային.- քսա՛ն ա պակաս:

– Տասնութ,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:

– Հիմա ամեն ինչ կվերջանա,- ասացի ես:

– Ի՞նչը նկատի ունես:

– Ռեստորանը շուտով կփակեն: Վերջապես քո ու քրոջդ հանդիպումը կկայանա:

– Պատկերացնում եմ: Դա ո՛չ թե հանդիպում է լինելու, այլ՝ ճակատամարտ:

– Որ էս մի ժամվա մեջ տուն հասնես, դժվար թե խոշոր ճակատամարտ տեղի ունենա:

– Քե՛զ է թվում. ինքը ժամը իննից է սկսում աշխարհն իրար խառնել:

– Իննի՞ց: Երեւի մի քիչ չափազանցնում ես:

– Մի քիչ չափազանցնում եմ. ձմռանն իննից է սկսում, ամռանը՝ տասից:

– Հիմա ամառ ա:

– Հիմա ամառ է, բայց վաղուց արդեն ժամը տասը չի. արդեն տասներկուսն է,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:

– Տասնհինգ ա պակաս,- իր ժամացույցին նայելով՝ ասացի ես:

– Շատ ես մանրանում:

– Հույս եմ տալի: Քեզ դո՛ւխ եմ տալի:

– Էլի խոսակցականիդ անցար:

– Դու էլ գրականիդ ես անցել:

– Այսինքն, երկուսս էլ մեր բնական վիճակում ենք: Ասում ես՝ ինձ դուխ ե՞ս տալիս:

– Հա,- ասացի ես:

– Լավ կանես՝ քե՛զ դուխ տաս,- ասաց Լիզան.- ինչքան հասկանում եմ՝ քո ժամանակն է՛լ է արդեն լրացել:

– Ինձ լրիվ մի ժամ ունեմ,- իր ձեռքը բռնելով ու նորից իր ժամացույցին նայելով՝ ասացի ես:

– Բա ինչո՞ւ ես րոպեն մեկ ժամացույցիս նայում:

– Քո համար եմ անհանգստանում, ավելի ճիշտ՝ քրո՛ջդ համար:

– Թե՞ կայֆ է տալիս:

– Ի՞նչը:

– Րոպեն մեկ ժամացույցիս նայելը: Հատուկ նպատակով ես ժամացույցիս նայում, չէ՞:

– Ի՞նչ հատուկ նպատակ:

– Ուզում եմ ասել՝ ինքնանպատակ չես նայում:

– Ժամացույցին ինքնանպատակ չեն նայում. հատուկ նպատակով են նայում, որ իմանան՝ ժամը քանի՞սն ա:

– Քոնը, կարծում եմ, առանձնահատուկ դեպք է:

– Ի՞նչ իմաստով ա առանձնահատուկ:

– Էն իմաստով, որ ամեն անգամ ժամացույցիս նայելիս՝ ձեռքդ քսում ես ձեռքիս: Հաճելի՞ է:

– Ի՞նչը:

– Որ ձեռքդ քսվում է ձեռքիս, ավելի ճիշտ՝ որ ձեռքդ քսում ես ձեռքիս:

– Չի բացառվում:

– Ի՞նչը չի բացառվում:

– Հաճույքի մոմենտը:

– Էդ էր պակաս՝ բացառվեր:

– Համենայն դեպս, տհաճ չի:

– Էդ էր պակաս՝ տհաճ լիներ: Բայց գիտակցաբա՞ր ես անում, թե՞ բնազդաբար:

– Ի՞նչը:

– Էդ՝ ձեռքդ քսելը:

– Անասուն չեմ, որ բնազդաբար անեմ:

– Իզուր ես վիրավորվում. շատ հնարավոր է, որ բնազդաբար, անկախ քեզանից անեիր:

– Ես ամեն ինչ գիտակցաբար եմ անում:

– Շա՜տ հետաքրքիր է:

– Ի՞նչը:

– Էս քանի ժամ է՝ մեջքս ամուր գրկած պարում ես, բայց ձեռքդ ձեռքիս քսելուց երեւի ավելի՛ մեծ հաճույք ես ստանում:

– Շատ հնարավոր ա: Մարդ արարածը միշտ նորության ա ձգտում:

– Այսինքն, դա քեզ համար նորությո՞ւն է:

– Իմ համար դու ոտից գլուխ նորություն ես:

– Ասում ես՝ մարդ արարածը միշտ նորությա՞ն է ձգտում:

– Էրեւում ա՝ դու հե՛չ նորության կողմնակից չես:

– Որ ձեռքս ձեռքիդ չեմ քսում՝ դրա՞ համար:

– Թեկուզ:

– Ես ո՛չ թե նորության կողմնակից չեմ, այլ, ի տարբերություն քեզ, նորությունը մի քիչ ավելի՛ երկար եմ վայելում:

– Այսի՛նքն:

– Էս որ գրկված պարում ենք, ինձ համար միանգամայն նորություն է:

– Ուզում ես ասես՝ առաջին անգա՞մ ես տանգո պարում:

– Ձեւական շատ եմ պարել, բայց էսպես իսկական առաջին անգամ եմ պարում:

– Ձեւականը ո՞րն ա:

– Ձեւականն այն է, որ բոլորը պարում են՝ դու է՛լ ես պարում: Իրար ձեւական գրկում եք ու առանց որեւէ զգացմունքի պարում եք:

– Բա իսկակա՞նը որն ա:

– Հիմա որ իրար հետ պարում ենք՝ իսկականն է՛ս է. երբ դիմացինիդ զգում ես:

– Դիմացինիդ ի՞նչն ես զգում:

– Մարմինն ու հոգին:

– Հասկացա:

– Ընդամենը կե՛սն ասացի:

– Բա մյո՞ւս կեսը որն ա:

– Մյուս կեսն էլ այն է, որ հետդ պարողն էլ քո՛ մարմինն ու հոգին է զգում:

– Դու, փաստորեն, իսկակա՛ն պարուհի ես:

– Իսկական պարուհի եմ, բայց կյանքումս առաջին անգամ եմ իսկական պարում:

– Բայց մենք ավելի շատ խոսում ենք, քան՝ պարում: Համարյա չենք հիշում, որ պարում ենք:

– Հենց դա՛ է իսկական պարը: Հենց հիշեցիր՝ որ պարում ես, կնշանակի՝ չես պարում. ընդամենը ձեւացնում ես, թե պարում ես:

– Ես քո մարմինն ու հոգին զգում եմ:

– Էսքան որ չանկեղծանայի՝ դժվար թե զգայիր:

– Նախքան անկեղծանա՛լդ էի զգում:

– Նախքան անկեղծանալս չէիր կարող զգալ:

– Ինչի՞:

– Որովհետեւ մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանից սկսած՝ անկեղծ եմ եղել: Կոշիկի տնից սկսած՝ անկեղծ եմ եղել:

– Կինոյի՛ տնից:

– Հա:

– Ինձ թվում ա՝ դու չես էլ կարա անկեղծ չըլնես:

– Դրա համար էլ քույրս ինձ համար շատ է անհանգստանում ու վախենում:

– Ինչի՞ց ա վախենում:

– Վախենում է, որ իմ էս մշտական անկեղծությունը սխալ կընկալվի:

– Ինչի՞ պիտի սխալ ընկալվի:

– Շատ պարզ. մարդկանց հետ որ անկեղծանում ես, սկսում են քեզ ուրիշ աչքով նայել:

– Ի՞նչ աչքով:

– Մտածում են՝ դուրս ընկածի կամ փչացածի մեկն ես: Հաստատ դու է՛լ սկզբում էդպես մտածած կլինես:

– Սկզբում՝ ե՞րբ:

– Որ կինոյի տան մոտ քեզ ժպտացի:

– Կոշիկի՛ տան մոտ:

– Հա: Կոշիկի տան մոտ որ քեզ ժպտացի, երեւի մտածեցիր՝ փչացածի մեկն է:

– Էդպես չեմ մտածել:

– Բա ի՞նչ ես մտածել:

– Մտածեցի՝ ռուս ես:

– Նույն բանն է:

– Ո՞նց ա նույն բանը:

– Էնքանով է նույնը, որ, փաստորեն, դու ինձ ուրիշի տեղն ես դրել. մտքովդ անգամ չի անցել, որ նորմալ հայ աղջիկը կարող է փողոցում ժպտալ կամ խոսել:

– Ես մեղավոր չեմ, որ նորմալ հայ աղջկերքը փողոցում չեն ժպտում ու չեն խոսում:

– Ես էլ մեղավոր չեմ,- ժպտաց Լիզան:

– Դու էլ մեղավոր չես,- համաձայնվեցի ես:

– Ասում ես՝ ռուսի նման ե՞մ:

– Հեչ չեն ասե՞լ:

– Ասող եղել է:

– Ավելի ճիշտ՝ ո՛չ թե ռուսի նման ես, այլ՝ հե՛չ հայի նման չես: Անկեղծությունդ մի՛ կողմից, մյուս կողմից էլ՝ ռուսի արտաքինդ. պարզ ա, որ քույրդ քեզ համար կանհանգստանա:

– Ինձ ավելի հաճախ լեհուհո՛ւ են նմանեցնում:

– Հա. լեհուհու է՛լ ես նման:

– Լեհուհի տեսած կա՞ս:

– Ժիվոյ՝ չէ, բայց կինոներում տեսել եմ:

– Կինոներում ի՞նչ լեհուհի ես տեսել: Անունը հիշո՞ւմ ես:

– Կինոյի՞:

– Չէ՝ լեհուհո՛ւ:

– Բեատա Տիշկեւիչ:

– Բեատա Տիշկեւիչին նմա՞ն եմ:

– Շա՜տ:

– Դա արդեն առաջին անգամ եմ լսում:

– Հեչ չեն ասե՞լ, որ Բեատա Տիշկեւիչին նման ես:

– Ինչո՞վ եմ Բեատա Տիշկեւիչին նման:

– Չգիտեմ՝ ինչով ես նման, բայց շա՜տ նման ես:

– Հասկացա:

– Ի՞նչը հասկացար:

– Երկուսս էլ մի թեթեւ կուզ ունենք:

– Ես ու դո՞ւ:

– Չէ՛,- ծիծաղեց Լիզան.- ես ու Բեատա Տիշկեւիչը:

– Չեմ նկատել,- ասացի ես:

– Ի՞մը չես նկատել, թե՞ Տիշկեւիչինը:

– Ո՞ւր ա կուզ,- Լիզայի մեջքն ամուր գրկելով՝ հարցրի ես:

– Կուզը մի քիչ վերեւ է լինում, խելո՛ք,- ծիծաղեց Լիզան:

– Ինչ-որ չեմ զգում. կուզ չկա,- ձեռքերս մի քիչ վերեւ բարձրացնելով՝ ասացի ես:

– Մի քիչ է՛լ վերեւ,- ժպտաց Լիզան:

– Չկա,- ասացի ես.- կուզ չեմ զգում:

– Որ ավելի ամուր գրկես՝ կզգաս:

– Չեմ զգում,- Լիզային ավելի ամուր գրկելով՝ ասացի ես:

– Հե՛չ չես զգո՞ւմ,- ժպտաց Լիզան:

– Ուրի՛շ բան եմ զգում:

– Ի՞նչ ես զգում:

– Բառերով չեմ կարա ասեմ:

– Ի՞նչը բառերով չես կարող ասել:

– Էս զգացածս:

– Չափն անցանք:

– Ի՞նչ իմաստով:

– Ամե՛ն իմաստով: Հատկապես՝ ե՛ս չափն անցա:

– Ե՞րբ չափդ անցա ր:

– Հենց հիմա: Հիմա որ իմ մասին ամենավատ բաները մտածես՝ շատ էլ ճիշտ կանես:

– Քո մասին ի՞նչ վատ բան պիտի մտածեմ:

– Ինչ էլ մտածես՝ տեղ ունես:

– Ոչ մի վատ բան էլ չեմ մտածում:

– Երեւի արդեն ինձ վստահում ես, դրա համար էլ վատ բան չես մտածում: Երեւի արդեն ինձ մի քիչ հավատում ես:

– Մի քիչ չէ՝ շա՜տ եմ հավատում:

– Ինձ արդեն մի քիչ որ ճանաչում ես՝ դրա՛ համար ես հավատում:

– Քեզ արդեն լրիվ ճանաչում եմ:

– Մարդուն հնարավոր չի լրիվ ճանաչել, մանավանդ՝ ինձ:

– Ճանաչողի՛ց ա կախված:

– Ճանաչվողից ավելի՛ շատ է կախված: Ես հեչ ինքս ինձ կարգին չեմ ճանաչում, ուր մնաց՝ ուրիշները ճանաչեն:

– Ես ուրիշ ե՞մ:

– Ես որ ինձ կարգին չեմ ճանաչում, դու ո՞նց կճանաչես,- շարունակեց Լիզան.- էն էլ՝ մի օրում, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա մեջ:

– Էս ամբողջը մի օր ե՞ս հաշվում:

– Մի օր է՛լ չէ. ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք:

– Ինձ թվում ա՝ հազար տարվա ծանոթներ ենք:

– Ինձ է՛լ է էդպես թվում, բայց փաստը մնում է փաստ, որ ընդամենը մի օր է՝ ինչ իրար ճանաչում ենք, ավելի ճիշտ՝ մի քանի ժամ:

– Մի քանի ժամում հնարավոր չի՞ մարդուն ճանաչել:

– Նայած մարդու. ես հեչ ի՛նքս ինձ կարգին չեմ ճանաչում:

– Մարդ ուրիշներին ավելի՛ լավ ա ճանաչում, քան՝ ինքը իրան: Կարող ա սաղ կյանքում մարդ ինքը իրան չճանաչի:

– Ժարգոնով ես խոսում, բայց հետաքրքիր մտքեր ես արտահայտում:

– Ժարգոն չի:

– Բա ի՞նչ է:

– Իմ մայրենի լեզուն ա:

– Մայրդ էդ լեզվով է՞ խոսում:

– Չասեցի՝ մայրական, ասեցի՝ մայրենի:

– Դրանք տարբեր բաներ ե՞ն:

– Երեւի:

– Երեւի՞, թե՝ հաստատ:

– Հաստատ ոչ մի բան չկա:

– Կա՛:

– Ի՞նչն ա:

– Այն է, որ ես էլ քե՛զ եմ արդեն սկսում ճանաչել:

– Ես հեչ ի՛նքս ինձ չեմ ճանաչում, ուր մնաց՝ ուրիշները ճանաչեն:

– Ես ուրիշ ե՞մ:

– Ընդամենը մի օրվա ծանոթներ ենք:

– Էս ամբողջը մի օր ե՞ս հաշվում:

– Բա քանի՞ օր հաշվեմ:

– Ընդհա՛նրապես մի հաշվիր: Եթե հաշվես՝ հաստատ կսխալվես, մանավանդ որ՝ թվաբանությունից թույլ ես:

– Ի՞նչ գիտես:

– Որ թվաբանություն իմանայիր՝ բանասիրական չէիր գնա:

– Բա դո՞ւ խի ես բանասիրական գնացել:

– Իմն ուրիշ է:

– Ինչո՞վ ա ուրիշ:

– Ես աղջիկ եմ:

– Հաստա՞տ:

– Արդեն վուլգարանում ես:

– Կներես:

– Եթե մտքովդ ուրիշ բաներ են անցնում, կարող ես սառույցին գրել:

– Էս ամառվա շոգին ի՞նչ սառույց:

– Եթե ուրիշ բաներ պատկերացնում ես, սառույց է՛լ կարող ես պատկերացնել:

– Արդեն դու է՛լ ես վուլգարանում:

– Դո՛ւ սկսեցիր: Պարզվում է՝ բոլորի նման ես:

– Ի՞նչ իմաստով:

– Դու է՛լ ես, փաստորեն, անկեղծությունս չարաշահում:

– Էնքան են անկեղծությունդ չարաշահել, որ արդեն ինձ է՛լ ես կասկածում:

– Քեզ որ կասկածեի, հետդ ռեստորան չէի գա:

– Թամրազյանի՛ հետ ես ռեստորան էկել. ի՛նքն ա հրավիրել:

– Բայց սկզբում քե՛զ հետ պիտի գայի: Արդեն մոռացե՞լ ես, որ ընկերներիդ հետ ժամադրված էիր:

– Ի՞նչ ընկեր:

– Լեւոն Ներսիսյանի ու մյուսների:

– Ես Լեւոն Ներսիսյանին ի՞նչ ընկեր. ինքը մեծ մարդ ա:

– Տարիքն ի՞նչ կապ ունի:

– Տարիքի իմաստով չեմ ասում. ինքը մեծություն ա:

– Մտածեցի՝ եթե էդ մեծությունների հետ ռեստորան ես գնում, ուրեմն՝ որոշակի մակարդակ ունես:

– Հիմա հակառակն ե՞ս մտածում:

– Հակառակը չեմ մտածում, բայց մտածում եմ, որ չարժե մարդկանց հետ չափից ավելի անկեղծանալ: Մարդիկ կարող են անկեղծությունդ չարաշահել:

– Ո՞ր մարդիկ:

– Մեկը՝ դու:

– Նայի՝ դո՛ւ անկեղծությունդ չչարաշահես:

– Ի՞նչ իմաստով:

– Հենց ուղղակի՛ իմաստով: Մի քիչ շատ չե՞ս քո անկեղծությունից խոսում:

– Սովոր չեք, որ մարդիկ անկեղծանում են:

– Սովոր չեմ, որ մարդիկ էսքան երկար-բարակ իրանց անկեղծությունից խոսան: Որ անկեղծությունից խոսում ես, ուրեմն՝ արդեն անկեղծ չես: Անկեղծությունն էն ա, որ մարդիկ հեչ իրանք է՛լ չեն զգում:

– Ի՞նչը չեն զգում:

– Անկեղծ մարդու մտքով չի էլ անցնում, որ ինքն անկեղծ ա: Ո՛չ էլ ազնիվ մարդն ա մտածում, որ ինքն ազնիվ ա: Ո՛չ էլ վախենում են, որ ինչ-որ մեկը կարող ա իրանց անկեղծությունն ու ազնվությունը չարաշահի:

– Հետաքրքիր է:

– Ի՞նչն ա հետաքրքիր:

– Հետաքրքիր է, որ քեզանից չեմ նեղանում: Փաստորեն, դու ինձ վիրավորում ես, բայց քեզանից չեմ նեղանում:

– Ե՞րբ եմ քեզ վիրավորել:

– Հենց հիմա: Փաստորեն, հասկացնում ես, որ ես դերասան եմ. դերասանություն եմ անում:

– Սխալ ես հասկացել:

– Ո՞նց պիտի հասկանայի:

– Ուզում եմ ասեմ՝ կամ ընդհա՛նրապես չպիտի մարդկանց հետ անկեղծանաս, կամ էլ, որ անկեղծանում ես, չպիտի՛ վախենաս անկեղծանալուց:

– Եթե ինձ սխալ են հասկանում՝ ո՞նց չվախենամ:

– Հասկացվելու մասին ընդհա՛նրապես չպիտի մտածես:

– Դու չես ուզո՞ւմ, որ քեզ ճիշտ հասկանան:

– Իմ ի՞նչը ճիշտ հասկանան:

– Անկեղծությո՛ւնդ:

– Ես հազարից մեկ եմ անկեղծանում:

– Վերջին անգամ ե՞րբ ես անկեղծացել:

– Հենց հիմա:

– Հիմա անկե՞ղծ ես:

– Միանգամյան:

– Միանգամյանն ի՞նչ է:

– Միանգամյանը հայ ա: Ուզում եմ ասեմ՝ մի բուռ հայ ենք, իրար հետ որ անկեղծ չըլնենք՝ ո՞նց կըլնի:

– Կատակի ես վերածում:

– Իմիջիայլոց, կատակը հե՛չ վնաս չի:

– Ինչի՞ն վնաս չի:

– Անկեղծությանը:

– Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան: Վա՞տ բան եմ ուզում,- հարցրեց Լիզան:

– Ո՞վ չի ուզում, որ իրան ճիշտ հասկանան: Ես է՛լ եմ ուզում:

– Իսկ եթե չեն հասկանո՞ւմ:

– Էդ արդեն դժբախտություն ա:

– Ես էլ հենց էդ դժբախտությունից եմ վախենում:

– Չհասկանալը չհասկացողի՛ համար ա դժբախտություն, ո՛չ թե՝ չհասկացվողի:

– Իսկ չհասկացվո՞ղը:

– Չհասկացվողը պիտի մտքինը պարզ ասի, որ հասկանան:

– Եթե պարզ ես ասում, բայց չեն հասկանո՞ւմ:

– Եթե էդքանից հետո էլ չեն հասկանում, էդ արդեն իրա՛նց դժբախտությունն ա:

-Շա՜տ ինքնավստահ ես:

– Ինքնավստահ չեմ. ուղղակի՝ ցույց եմ տալի, թե ինքնավստահ եմ:

– Այսինքն՝ դերասանություն ե՞ս անում:

– Համարյա:

– Բա ասում էիր՝ անկեղծ ես:

– Անցավ: Իմ անկեղծությունը մոմենտներով ա. հո չե՞ս կարա օրվա քսանչորս ժամն անկեղծ ըլնես:

– Կամ մի՛շտ են անկեղծ լինում, կամ՝ ընդհա՛նրապես չեն լինում:

– Ես հազարից մեկ եմ անկեղծանում:

– Մնացած ժամանակ քեզ կեղծո՞ւմ ես:

– Անկեղծի հակառակը կեղծը չի:

– Բա ի՞նչն է:

– Սովորական վիճակն ա: Անկեղծանալուց առաջ մտածում եմ՝ արժի՞ էս մարդու առաջ անկեղծանամ:

– Հիմա ինձ հետ անկե՞ղծ ես:

– Հա: Չես հավատո՞ւմ:

– Հավատում եմ: Այսինքն, ինձ հետ անկեղծանալուց առաջ էլ ե՞ս նախօրոք մտածել՝ արժի՞ անկեղծանամ, թե՝ չէ:

– Նախօրոք ոչ մի բան չեմ մտածել:

– Բա ասում ես՝ նախօրոք ես մտածում:

– Սովորաբար նախօրոք եմ մտածում, բայց քոնը սովորական դեպք չի:

– Ի՞նչ առումով սովորական դեպք չի:

– Նախ՝ դու սովորական մարդ չես:

– Հետո՞:

– Հետո էլ՝ դու որ իմ հետ անկեղծ ես, ես ո՞նց կարամ քո հետ անկեղծ չըլնեմ: Եթե դիմացինդ անկեղծ ա, դու ստիպված ես անկեղծանում. զենքերդ միանգամից ցած ես դնում, միանգամից հանձնվում ես:

– Ո՞ւմ ես հանձնվում:

– Դիմացինիդ: Ավելի ճիշտ՝ դիմացինիդ անկեղծությանը:

– Բարդ բաներ ես ասում:

– Բարդ չի: Եթե դիմացինդ անկեղծ ա, քո անկեղծ չըլնելը ստորության պես բան ա:

– Իսկական հոգեբան ես: Մազմանյանի դասերն իզուր չեն անցել:

– Մազմանյանի դասերին համարյա չեմ նստել:

– Հեչ չի զգացվում: Ասում ես՝ ինձ հետ անկե՞ղծ ես:

– Արդեն մի քանի անգամ էդ հարցիդ պատասխանեցի:

– Ո՞ր պահից սկսած հետս անկեղծացար:

– Կինոյի տնից սկսած:

– Որ հետեւիցս գալիս էի՞ր:

– Հա:

– Բայց էդ ժամանակ հետս չէիր էլ խոսում:

– Անկեղծությունը խոսալու հետ ոչ մի կապ չունի. կարող ա շատ խոսաս, բայց հեչ էլ անկեղծ չըլնես, ու ընդհակառակը՝ կարող ա ոչ մի բան չասես, բայց…

– Անկեղծ լռես:

– Ճիշտ գլխի ընկար:

– Անկեղծորե՞ն էիր լռում:

– Անկեղծորեն հետեւիցդ գալիս էի:

– Անկեղծորեն գա՞լը որն է,- ծիծաղեց Լիզան:

– Անկեղծորեն գալն է՛ն ա, որ ոտներդ իրանք իրանց գնում ու քեզ տանում են:

– Ինձ համար շատ մեծ պատիվ է,- ասաց Լիզան:

– Ի՞նչը,- հարցրի ես:

– Ինձ համար մեծ պատիվ է, որ սովորաբար հազարից մեկ ես անկեղծանում, բայց ինձ հետ անկեղծացար:

– Քեզանից վարակվեցի. դու որ հետս անկեղծ ես, ես ո՞նց անկեղծ չըլնեմ: Չնայած… երեւի զգացմունքի հարց է՛լ կա:

– Ի՞նչ զգացմունք:

– Զգացմունքդ որ խեղդում ա, շատ դեպքերում անկախ քեզանից ես անկեղծանում:

– Ի՞նչ զգացմունք,- նորից հարցրեց Լիզան:

– Մեկի հանդեպ որ անտարբեր չես, հետը շատ հեշտ ես անկեղծանում:

– Ի՞նչ մեկ:

– Կնոջ մասին ա խոսքը, ավելի ճիշտ՝ աղջկա:

– Վերջին անգամ ե՞րբ է պատահել:

– Ի՞նչն ա երբ պատահել:

– Որ անտարբեր չես էղել:

– Էսօր:

– Ժամը երկուսից առա՞ջ, թե՝ հետո:

– Արդեն ավելորդ հարցեր ես տալիս:

– Ի՞նչ իմաստով ավելորդ:

– Է՛ն իմաստով ավելորդ, որ հարցիդ պատասխանն ինձանից լավ գիտես: Լավ կըլնի՞, որ ես էլ քե՛զ էդ տեսակ հարցեր տամ:

– Շատ լավ կլինի: Տո՛ւր:

– Սովոր չեմ: Ո՞նց կարամ մարդուն ընե՛նց հարց տամ, որի պատասխանն արդեն գիտեմ:

– Պատասխանը ո՞րն է:

– Պարզ ա, որ դու էլ ի՛մ հանդեպ անտարբեր չես:

– Քեզ ո՞վ ասաց:

– Մազմանյանը:

– Ի՞նչ Մազմանյան:

– Հոգեբանությա՛ն:

– Բա ասում էիր՝ Մազմանյանի դասերից փախել ես:

– Սկզբի շրջանում նստում էի:

– Եթե մինչեւ վերջ նստեիր, պատկերացնում եմ՝ հիմա ինչե՜ր կասեիր:

– Ինչե՞ր կասեի:

– Կասեիր, որ ես քո հանդեպ անտարբեր չեմ, դրա՛ համար եմ անկեղծանում ու այսքան շատ խոսում:

– Խի հակառակն էլ ա՞ պատահում:

– Հակառակը ո՞րն է:

– Որ քիչ խոսաս:

– Արդեն վիրավորում ես:

– Վիրավորվեցի՞ր:

– Բնականաբար:

– Պատերազմո՛ւմ են վիրավորվում:

– Դա էլ է՞ Մազմանյանն ասել:

– Չէ. էդ մեկը Լեւոն Ներսիսյանն ա ասել:

– Հիշեցի. դա ի՛ր խոսքն է: Լավ չի:

– Ի՞նչը լավ չի:

– Ուրիշների ասածները կրկնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել