Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 15,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնհինգերորդ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

– Դու է՛լ ես Լեւոն Ներսիսյանի էդ ասածը կրկնել,- ասացի ես։

– Ե՞րբ,- զարմացավ Լիզան:

– Էֆենդու կաֆեում:

– Իսկ դո՞ւ երբ ես Լեւոն Ներսիսյանից էդ խոսքը լսել:

– Երեկ՝ մոտավորապես էս ժամին: Հետաքրքիր ա, չէ՞:

– Ի՞նչը:

– Պայմանավորվել էի, որ էսօր իրանց հետ պիտի ռեստորան գնայի, բայց ձեր հետ էկա:

– Մե՛ր շնորհիվ:

– Քո՛ շնորհիվ:

– Թամրազյանի՛ շնորհիվ:

– Թամրազյանի հաշվին, բայց՝ քո՛ շնորհիվ: Ե՛ս էի ուզում քեզ պատիվ տամ, բայց, փաստորեն, դո՛ւ ինձ պատիվ տվիր:

– Ընդունելի՛ լինի: Ես եմ քեզ պատիվ տվել, բայց դու ես մեծ-մեծ խոսում ու փիլիսոփայում:

– Շատ մեծ-մեծ ե՞մ խոսում:

– Մեծ-մեծ ես խոսում, բայց ասածներիդ մեջ խելոք մտքեր է՛լ են պատահում:

– Օրինակ:

– Ճիշտ ես ասում, որ անկեղծությունն ու շատախոսությունը միանգամայն տարբեր բաներ են,- ասաց Լիզան:

– Էդ մեկը հաստատ ճիշտ եմ ասել,- ասացի ես:

Էս ամենավերջին ասածս գրելիս՝ հանկարծ ինքս ինձ բռնացրի է՛ն բանում, որ ահա ես է՛լ եմ շատախոսում, ընդ որում՝ շատախոսում եմ ո՛չ միայն որպես Լիզայի պարընկեր ու զրուցակից, այլեւ՝ էդ ամբողջ երկխոսությունը գրի առնող ու էս ամենի հեղինակ, ու էս ամբողջ իրողության մեջ ամենատարօրինակն ու անբացատրելին էն է, որ ես հատկապես ու ընդհանրապես շատախոսությունից հոգնող ու զզվող եմ, ընդ որում՝ ամենից ավելի զզվում եմ գեղարվեստական գրականության մեջ հանդիպող շատախոսությունից, ու չնայած էդ օրը ես ու Լիզան իսկապես շատ էինք խոսում, բայց հիմա ես՝ որպես էս ամբողջ խոսակցության վավերագրող ու պատմիչ, երեւի պարտավոր էի իմ ու Լիզայի էս խոսակցության ավելորդ մասերը դեն նետել ու հիշելով գրի առնել միմիայն գլխավորն ու կարեւորագույնը, բայց ես ո՛չ միայն մեր էս խոսակցությունը չեմ կրճատում, այլեւ՝ մի բան էլ երեւի ավելացնում ու արհեստականորեն ձգձգում եմ, որովհետեւ չեմ կարողանում հասկանալ, թե որո՞նք են յոթանասունվեց թվականի օգոստոսի յոթի իմ ու Լիզայի էդ անվերջանալի խոսակցության ավելորդ տեղերը, եւ առավել եւս չեմ հասկանում՝ որոնք են իմ ու իր էդ երկար ու ձիգ խոսակցության գլխավորն ու կարեւորագույնը, ու եթե հասկանայի էլ՝ երեւի էլի ձեռքս չգնար իմ ու իր ասածներից որեւէ բան կրճատել, որովհետեւ մարդ արարածը միայն ուրիշների շատախոսությունից է հոգնում ու զզվում, եւ ուրիշների շատախոսությունից էլ հոգնում ու զզվում ես միայն էն դեպքերում, երբ ուրիշների շատախոսությունը բացարձակապես քեզ չի վերաբերում, բայց եթե ուրիշների շատախոսության թեմայի շրջանակներում դու կաս ու միանգամայն դրականորե՛ն կաս, ուրիշների էդ շատախոսությունից ո՛չ միայն չես հոգնում ու չես զզվում, այլեւ՝ միանգամայն մարդկային մղումներով ու միանգամայն հաճույքով ուրիշների էդ շատախոսության միանգամայն ակտիվ մասնակիցն ես դառնում, իսկ Լիզայի ու իմ շատախոսությանն էս ասածներս ավելի՛ են վերաբերում, որովհետեւ Լիզան արդեն ինձ համար ո՛չ միայն ուրիշ չէր, այլեւ արդեն հարազատի պես մեկն էր, ու չնայած երեսուն տարուց ավելի է՝ իրեն չեմ տեսել ու իր մասին աննշան տեղեկություն անգամ չունեմ, բայց իմ էս տեւական վերադարձից ու անդրադարձից հետո ահա վերստին հարազատանում է, եւ էդ է պատճառը, որ հիմա՝ երեսուն ու ավելի երկար ու ձիգ տարիներ անց չեմ ղմշում իր բերնին գալ ու իր ասածները խմբագրել կամ կրճատել ու նմանապես չեմ ղմշում ի՛մ ասածները խմբագրել ու կրճատել, որովհետեւ շատ հնարավոր է, որ կրճատելու դեպքում իմ ու իր ասածներից հենց կարեւորագո՛ւյնը կրճատեմ, քանզի մարդ արարածն իր շատախոսության նոպաների մեջ ի վիճակի չէ իր ասածների կարեւորն ու անկարեւորն իրարից ջոկել ու զանազանել, ու մեզ հարազատ մարդկանց ասածների ճիշտն ու սխալն է՛լ չենք կարողանում զանազանել, եւ շատ հաճախ մեր հարազատների ու մոտիկների հենց ավելորդաբանություններն ենք ընդունում, եւ եթե մեկին համակրում կամ սիրում ես, էդ անձնավորության լեզվական շեղումներն է՛լ ես հանդուրժում, ավելին՝ ո՛չ միայն լեզվական շեղումներն ես հանդուրժում, այլեւ՝ լեզվական արատները, ընդ որում՝ ո՛չ միայն հանդուրժում, այլեւ սիրում ես էդ, ուրեմն, արատներն ու շեղումները, ու էս առիթով հիմա հիշում եմ, թե ինչքա՜ն էի ափսոսում, երբ երեխաներիս մեծանալուն զուգընթաց՝ մեկ առ մեկ կորսվում ու շքվում էին նրանց ամենաառաջին սխալմխալ բառերն ու արտահայտությունները, եւ եթե երեխաներ ունեք, վստահ եմ, որ դուք է՛լ էդ ափսոսանքի պահերն ապրած կլինեք, ու էս առթիվ հիմա նաեւ մտածում եմ, որ Աստծուց մարդուն տրված լավագույն զգացողություններն է՛ն զգացողություններն են, որոնք հասկանալի ու հարազատ են նաեւ ուրիշ մարդկանց, ու էդ զգացողությունները երբեմն էնքան հարազատ ու ընդհանուր են, որ էդ ուրիշներին, ի վերջո, նույնացնում են քեզ հետ, ու գրողի պարագայում էդ ուրիշները ժամանակ առ ժամանակ ընթերցող են դառնում, եւ սկսվում է այն՝ ինչը վաղուց սկսված էր, բայց կերպարանք ու տիրություն անող չուներ, եւ եթե ընթերցողիդ հետ չափից ավելի ես անկեղծանում, ինքն աստիճանաբար հետդ սերտաճելով՝ սկսում է իր իսկ հավակնություններն ի հայտ բերել ու հետդ էլ հրամայական տոնով է խոսում ու շարունակաբար հրամայում է, որ դու հանկարծ չշեղվես ո՛չ թե քո կյանքից ու քո ճշմարտությունից, այլ, առաջին հերթին, ի՛ր կյանքից եւ ի՛ր ճշմարտությունից, եւ շատախոսությունդ էլ հանդուրժում է միայն է՛ն դեպքերում, երբ հենց ի՛ր կյանքից ու ի՛ր ճշմարտությունից ես շատախոսում ու շաղակրատում, եւ անձամբ իմ դեպքում է՛լ մոտավորապես էս ասածս է տեղի ունենում, բայց քանի որ իրենք մշտապես շատ են, իսկ ես՝ ընդամենը մեկը, իրենց կյանքն ու իրենց ճշմարտությունը գրչիս տակից շատ հաճախ փուստ են անցնում, եւ քանի որ ճշմարտությունը չափազանց հարաբերական եւ նույնիսկ փոփոխական է, շատ հաճախ մեկիս ճշմարտությամբ մյուսիս ճշմարտությունը ո՛չ թե հաստատվում, այլ, ընդհակառակը, հերքվում է, եւ քանի որ մեր էս համընդհանուր կյանքում ամեն ինչն է հարաբերական, հարաբերական է նաեւ գրողի ու ընթերցողի փոխհարաբերությունը, եւ շատ հաճախ ընթերցողն իրեն գրողի տեղում ու վիճակում է պատկերացնում, ու գրողն էլ հաճախ իրեն ընթերցող է երեւակայում, ու էդպես՝ մեր իսկ երեւակայության սահմանները փոխադարձաբար ընդլայնելով՝ ընդլայնվում ու ի վերջո սերտաճում ենք, բայց էլի ե՛ս եմ վատամարդ դուրս գալիս, որովհետեւ, էլի եմ ասում, իրենք շատ են, իսկ ես՝ ընդամենը մի հոգի, ու չնայած ասում եմ՝ իրենք շատ են, իրենց էդ շատությունն է՛լ է չափազանց հարաբերական, որովհետեւ նախորդ՝ հեռուստացույցի եւ էս ընթացիկ՝ համակարգչի դարերը պոտենցիալ ընթերցողին հնարավորինս օտարեցին գրողից ու գրականությունից, բայց, այդուհանդերձ, գրողի պարտավորությունը ո՛չ թե օտարված ընթերցողների վերահաշվարկն ու վերջնահաշվարկն է, այլ՝ իր իսկ հարազատությունը էդ, ուրեմն, օտարվածներին, եւ եթե ասում եմ՝ իրենք շատ են, իսկ գրողը՝ ընդամենը մի հոգի, էդ մի հոգու եզակիությունն է՛լ է հարաբերական, որովհետեւ շատ թե քիչ որեւէ նորմալ հայ գրող իր ներսում ավելի՛ շատ Հայաստանի քաղաքացի ունի, քան էսօր՝ մեր դատարկվող Հայաստանը, եթե մինչեւ իսկ պաշտոնական վերջին մարդահամարի տվյալները նկատի ունենանք:

Այսուհանդերձ, շատախոսությունը գրողին հարիր չէ մինչեւիսկ է՛ն դեպքում, եթե իր ներսում նույնիսկ միլիարդից ավելի քաղաքացի ու գյուղացի ունի, եւ եթե սովորաբար շրջապատը շատախոս մարդկանց լուրջ չի վերաբերվում, շատախոս գրողին լուրջ չի վերաբերվում ո՛չ թե շրջապատը, այլ հենց ինքը՝ շատախոս գրողը, եւ ասածս առաջին հերթին գրողի գրավո՛ր շատախոսությանն է վերաբերում, եւ շատախոս գրողին գրողական ու ոչ գրողական շրջապատը լավ էլ լուրջ է վերաբերվում, որովհետեւ գրողական ու ոչ գրողական շրջապատի համար գրականությունն ու գրողական շատախոսությունը նույն բանն են, եւ վերջերս ընթերցող հասարակայնությունը վճռականորեն տրամադրվել է մինչեւիսկ գրողների հեռուստատեսային շատախոսությունը գրականության հետ շփոթել, ու մեզանում շատ ուրիշ բաներ է՛լ են գրականություն համարվում, եւ առաջին հերթին՝ մերկապարանոց ու ճապաղ հայրենասիրությունը, որովհետեւ մեր ընթերցող հասարակայնության համար գրողի չգրելը գրող լինելու առաջին եւ պարտադիր պայմանն է, եւ եթե հայրենասիրությունը սովորաբար սովորական սրիկաների վերջի՛ն հանգրվանն է, ապա հայրենասեր գրողի համար առաջին ու միա՛կ հանգրվանն է, որովհետեւ հայրենասեր գրողը մեզանում ո՛չ թե պարզապես հայրենասեր է, այլ՝ միանգամայն արհեստավարժ հայրենասեր, այսինքն՝ մեր հայրենասեր գրողը պարտադիր պիտի ձգտի հայրենասիրության դիմաց լավագույնս վճարվել, այսինքն՝ հայրենասեր գրողը պիտի հայրենասիրությամբ ապրի բառի բուն իմաստով, եւ դա մեր օրերում ո՛չ թե ազնվորեն հարստանալու բազմաթիվ տարբերակներից ընդամենը մեկն է, այլ՝ հենց առաջին գլխավոր ու հենց ամենաազնիվ տարբերակը, եւ դա արդեն բոլորի կողմից եթե ո՛չ օգտագործելի, ապա բոլորի կողմից միանգամայն ընդունելի ու հասկանալի տարբերակ է, եւ մեզանում արդեն բոլորն են համոզվել, որ հայրենասիրությամբ ընտանիք պահելն ու գոյատեւելն անհամեմատ ազնիվ ու գերադասելի է կաշառակերությունից, մարմնավաճառությունից եւ նույնիսկ վաճառականությունից, այսինքն, մեր հայրենասեր գրողը բոլորեքյա՛ն է շահավետ վիճակների մեջ հայտնվում, ու հայրենասեր բառը ես չակերտների մեջ չեմ առնում ընդամենն է՛ն պատճառով, որ մեր հայրենի կետադրական նշաններից չեմ սիրում հատկապես բազմակետն ու չակերտը, ինչպես նաեւ՝ շեշտը, եւ եթե շեշտը չափազանց շատ եմ օգտագործում, դա նրանից է, որ շարունակ փորձում եմ իմ էս անվերջանալի շատախոսությանս թնջուկից համեմատաբար կարեւոր բառերն ու արտահայտությունները շեշտել, բայց հայրենասեր գրողի համար էս տեսակ զգուշավորության պահանջ չի առաջանում, եւ նրանց համար նույնիսկ շատախոսության խնդիր չի առաջանում, որովհետեւ եթե սովորական գրողի համար շատախոսությունը միանգամայն բացասական հանգամանք է, ապա հայրենասեր գրողի համար շատախոսությունը, ընդհակառակը, միանգամայն ցանկալի եւ նույնիսկ պարտադիր պայման է, եւ դա նույնիսկ շատախոսություն չէ, բայց մենք առայժմ այլ համապատասխան բառ չունենք, ու էդ համապատասխան բառը ե՛ս չէ, որ պիտի բստրեմ ու շրջանառության մեջ մտցնեմ, որովհետեւ ես դեռեւս փնտրում ու չեմ գտնում է՛ն բառը, որը կբնորոշեր ու կբնութագրեր ո՛չ թե ուրիշների, այլ՝ հենց ի՛մ շատախոսությունը:

– Ճիշտ ես ասում,- ասաց Լիզան.- շատախոսների մեջ հազվադեպ են անկեղծ մարդիկ պատահում: Շատախոսները հիմնականում կեղծում են իրենց:

– Եթե չեն էլ կեղծում, ջրիկանում են. իրանց էդ անկեղծությունը լրիվ զրոյի են հավասարեցնում,- ասացի ես:

– Մենք է՛լ ենք արդեն ջրիկանում,- ասաց Լիզան:

– Մենք լուրջ բաներից ենք խոսում,- ասացի ես:

– Լուրջ բաներից որ շատ են խոսում, էդ լուրջ բաներն է՛լ են անլրջանում: Լրջությունն է՛լ շատախոսություն չի սիրում:

– Կարեւորը՝ մե՛նք իրար սիրենք:

– Մենք՝ ո՞վ:

– Ես ու դու:

– Արդեն լրիվ անլրջացար:

– Ոչ թե անլրջացա, այլ՝ անլրջացրի՛:

– Ի՞նչը:

– Մեր խոսակցությո՛ւնը: Դու չես ասո՞ւմ, որ չափից ավելի լրջությունն է՛լ մի բան չի:

– Ո՛չ չափից ավելի լրջությունն է մի բան, ո՛չ էլ՝ անլրջությունը: Երեւի մի երրորդ վիճակ պիտի գտնվի:

– Էդ երրորդ վիճակը մարդկությունը մինչեւ էսօր չի հայտնաբերել:

– Դա չի նշանակում, որ մեն ք չպիտի՛ փնտրենք:

– Ամեն մարդ ի՛ր համար պիտի փնտրի:

– Մենակ դժվար ա. միասին որ փնտրենք՝ կարող ա մի բան ստացվի:

– Բա նոր ասում էիր՝ առ այսօր ոչ ոք չի գտել:

– Հնարավոր ա, որ ինչ-որ մեկը գտած ըլնի:

– Եթե որեւէ մեկը գտած լիներ՝ հաստատ կիմանայինք:

– Որտեղի՞ց պիտի իմանայինք:

– Գրքերից:

– Ո՞ր գրքերից:

– Պատմության:

– Պատմության գրքերի մեջ մենակ նշանավոր մարդկանց մասին ա գրված. կարող ա մի հատ շատ հասարակ մարդ հայտնաբերած ըլնի էդ բանը:

– Ի՞նչ բան:

– Քո ասած էդ երրորդ վիճակը: Կարող ա էդ հասարակ մարդն էդ բանը հայտնաբերել ա, բայց ոչ մեկին չի ասել:

– Ինչո՞ւ չի ասել:

– Որ աչքով չտան:

– Դա լուրջ հիմնավորում չի: Եթե որեւէ մեկը որեւէ գյուտ է անում, ուզում է, որ բոլորն այդ մասին իմանան:

– Էդ քո՛ իմացած մարդիկ են ուզում:

– Իսկ քո իմացածնե՞րն ինչ են ուզում:

– Իմ իմացածներն ու քո իմացածները նույն մարդիկ են, բայց ես խոսում էի էն միակ մարդու մասին…

– Որի մասին պատմությունը լռել է,- միտքս շարունակեց Լիզան:

– Ո՛չ միայն պատմությունն ա լռել, այլեւ հենց ի՛նքը՝ էդ միակ մարդը:

– Արդեն էդ մարդուն աստվածացնում ես:

– Ես չեմ աստվածացնում. ի՛նքն ա աստվածացել:

– Էնպես վստահ ես խոսում, կարծես հաստատ գիտես, որ իրականում էդպիսի մարդ եղել է:

– Եթե մարդիկ մեկի մասին խոսում են, ուրեմն՝ էդ մարդն էղել ա: Քո կարծիքով՝ Աստված էղե՞լ ա:

– Ո՞ր Աստված՝ Քրիստո՞սը:

– Թեկուզ:

– Քրիստոսը ո՛չ թե եղել է, այլ՝ կա՛:

– Երբվանի՞ց կա:

– Մշտապես եղել է ու կա:

– Ծնունդից առաջ է՞լ կար:

– Այո՛. Հոր մեջ կար: Հայր ու Որդի նույնն են: Մշտապես եղել են ու կան:

– Բայց դու նոր ես, չէ՞, էդ մասին իմացել: Էս արձակուրդների վախտ ես, չէ՞, Ավետարանը կարդացել:

– Դա ի՞նչ կապ ունի,- զարմացավ Լիզան:

– Շատ մեծ կապ ունի: Եթե էս արձակուրդներին Ավետարանը կարդացած չըլնեիր՝ իրանք կըլնեի՞ն:

– Ովքե՞ր:

– Հայրն ու Որդին:

– Իհա՛րկե կլինեին:

– Բայց որ հարեւանդ Ավետարանը քեզ տված չըլներ, ու դու էլ կարդացած չըլնեիր, չէիր իմանա, չէ՞:

– Ի՞նչը չէի իմանա:

– Չէիր իմանա, որ Աստված կա:

– Կարեւորն իմանալը չէ. կարեւորը հավատալն է: Մարդիկ կան՝ գիտեն, բայց չեն հավատում:

– Մարդիկ էլ կան՝ գիտեն ու հավատում են: Այսինքն, բոլոր դեպքերում, իմանալը պարտադիր պայման ա:

– Բոլոր դեպքերում, կարծում եմ, կարեւորը հավատալն է:

– Մարդիկ էլ կան՝ ձեւ են անում, թե հավատում են,- ասացի ես:

– Ես էդպիսի մարդ չեմ տեսել,- ասաց Լիզան:

– Ես տեսել եմ: Նույնիսկ տերտերների մեջ ձեւական հավատացյալներ կան:

– Տերտերներին այդքան լա՞վ ես ճանաչում:

– Էրկուսին շատ լավ եմ ճանաչում:

– Ի՞նչ էրկուս:

– Մեր կուրսի տղերքից են: Որ ավարտական կուրսում էինք, Էջմիածնից մարդիկ էկան ու մեզ առաջարկեցին ճեմարան մտնել:

– Հետո՞:

– Մեր տղերքից էդ էրկուսը համաձայնվեցին:

– Սխա՞լ են արել:

– Սխալն ու ճիշտը չգիտեմ, բայց մեջներիցս հենց իրա՛նք շահած դուրս էկան: Համ բանակից ազատվեցին, համ էլ՝ էսօրվա օրով հիմնական աշխատանք ունեն:

– Էն էլ ի՜նչ աշխատանք:

– Սկզբում էդ էրկուսին ձեռ էինք առնում, բայց հիմա քիչ-քիչ հասկանում եմ, որ ճիշտն իրանք էին: Փաստորեն, համ բանակից պրծան, համ մանկավարժությունից, համ էլ՝ էսօրվա օրով կարգին աշխատանք ունեն:

– Դու չե՞ս աշխատում:

– Հըլը որ՝ չէ:

– Աշխատանք չես ճարո՞ւմ:

– Հարմար գործ չեմ ճարում:

– Հարմարը ո՞րն է. մասնագիտությա՞մբ:

– Չէ. մասնագիտությունս մանկավարժությունն ա, բայց մանկավարժությունից հոգնել եմ:

– Այդ ե՞րբ ես հասցրել մանկավարժությունից հոգնել:

– Մի տարի գյուղում դասատու եմ աշխատել:

– Ե՞րբ:

– Չորրորդ կուրսում հա՛մ դասատու էի աշխատում, հա՛մ էլ սովորում էի:

– Հինգերորդ կուրսում է՞լ ուսուցչությունդ շարունակեցիր:

– Ի՞նչ հինգերորդ կուրս. մերը չորս տարի էր:

– Հա՛. մոռացա, որ մանկավարժականն ես ավարտել:

– Շատ մոռացկոտ ես:

– Հետո՞. չորրորդ կուրսից հետո ուսուցչությունդ չշարունակեցի՞ր:

– Չէ. բանակ գնացի:

– Իզուր էլ Էջմիածին չես մտել: Որ ճեմարան գնայիր, քո էդ երկու համակուրսեցիների պես ե՛ւ բանակից կազատվեիր, ե՛ւ աշխատանք կունենայիր, ե՛ւ բարձր աշխատավարձ:

– Ինչքա՞ն բարձր:

– Ամեն օր կնունք ու թաղում կանեիր, մորուք ու փարաջա կունենայիր: Կյաժ մորուք կունենայիր: Պատկերացնո՜ւմ եմ,- ծիծաղեց Լիզան:

– Որ տերտեր դառած ըլնեի, հետս էս տոնով չէիր խոսա,- ասացի ես:

– Ի՞նչ տոնով եմ խոսում:

– Ձեռ առնելով:

– Բա ինչպե՞ս կխոսեի:

– Ձեռքս կպաչեիր ու կասեիր՝ հա՜յր սուրբ:

– Որ տերտեր դարձած լինեիր, ո՛չ իրար կհանդիպեինք եւ ո՛չ էլ իրար կճանաչեինք:

– Հաստատ չես կարա ասես. մեծ աշխարհ ա:

– Որ տերտեր դառած լինեիր՝ հո փողոցում աղջիկ չէի՞ր խոսացնի:

– Ես ըսենց է՛լ փողոցում աղջիկ չեմ խոսացնում:

– Ոչ էլ աղջիկները քեզ կխոսացնեին: Պատկերացնո՜ւմ եմ,- նորից ծիծաղեց Լիզան:

– Ի՞նչ ես պատկերացնում:

– Քեզ՝ փարաջայով ու կյաժ մորուքով: Կոշիկի տան մայթով հետեւիցս սուսուփուս գալիս ես:

– Որ տերտեր ըլնեի՝ հո քաղաքի մեջ փարաջայով չէի՞ ֆռֆռա:

– Բա ո՞նց կֆռֆռայիր: Քո էդ երկու համակուրսեցիները քաղաքի մեջ ո՞նց են ֆռֆռում:

– Ջինսերով:

– Մեջս կասկած մտավ,- որոշ ժամանակ լռելուց հետո ժպտաց Լիզան:

– Ի՞նչ կասկած:

– Հո տերտեր չե՞ս,- ջինսե շալվարիս նայեց ու հռհռաց Լիզան:

– Բա մորո՞ւքս:

– Մորուքը պարտադիր չի,- շարունակեց քրքջալ Լիզան:- Ես մի անգամ առանց մորուքի տերտեր տեսել եմ:

– Որտե՞ղ:

– Սուրբ Սարգսում՝ քրոջս երեխաների կնունքին: Անմորուս ու շատ համակրելի տերտեր էր:

– Չխոսացրի՞ր:

– Չէ. հարմար պահ չեղավ:

– Շանսդ կորցրել ես:

– Դո՛ւ ես շանսդ կորցրել,- ծիծաղեց Լիզան:

– Խի՞ ես ծիծաղում:

– Որ Էջմիածին մտնեիր՝ մի գեղեցիկ օր երեւի կաթողիկոս է՛լ դառնայիր,- շարունակեց ծիծաղել Լիզան:

– Կյաժ մորուքով կաթողիկո՞ս:

– Ի՞նչ կա որ: Անհրաժեշտության դեպքում մորուքդ կներկեիր: Պատկերացնո՜ւմ եմ:

– Հիմա՞ ինչ ես պատկերացնում:

– Քեզ՝ ներկած մորուքով ու գավազանով:

– Արդեն շա՜տ ենք ջրիկանում:

– Մեղա՜-մեղա՜,- ձեռքն ուսիցս հետ քաշելով՝ արագ-արագ խաչակնքեց Լիզան:- Իսկապե՛ս չափն անցա. շատ անլրջացա:

– Ո՛չ շատ անլրջանալն ա մի բան, ո՛չ էլ՝ շատ լրջանալը:

– Երրորդ տարբերա՛կը պիտի հայտնագործվի:

– Ի՞նչ երրորդ տարբերակ:

– Էդ որ ասում էիր. ասում էիր՝ ինչ-որ մեկը հայտնագործել է էդ երրորդ վիճակը:

– Հաստատ չգիտեմ. ենթադրում եմ, որ ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ հայտնագործած կըլնի:

– Ասում էիր՝ ինչ-որ մեկն էդ երրորդ տարբերակը հայտնագործել է, բայց չի ցանկացել, որ իր անունը պատմության գրքերում գրվի:

– Կամ էլ՝ չի՛ ուզել, որ իրա էդ գյուտի մասին ուրիշներն իմանան:

– Այսինքն, էգոի՞ստ է եղել:

– Էդ արդեն մեր խելքի բանը չի: Կարող ա՝ շատ մեծ մարդ ա էղել. կարող ա՝ Աստված հենց ի՛նքն ա:

– Քրիստո՞սը:

– Թեկուզ: Երեւի մտածել ա, որ մենք պատրաստ չենք էդ երրորդ վիճակին:

– Եթե մտածեր՝ կասեր. Ավետարանում ամեն ինչի մասին ասված է:

– Ամեն ինչի մասին ասված ա, բայց Աստծո մասին ոչ մի բան ասված չի:

– Ասված է, որ Ինքը շատերին բժշկեց ու մեռյալներին էլ կյանք շնորհեց:

– Էդ բաներն ուրիշներն են ասել. Ինքը չի ասել, թե մեռելներին սաղացրել ա:

– Այդ ուրիշներն իրենց աչքի տեսածն են պատմել:

– Իմ ասա՛ծն ես հաստատում:

– Այսի՛նքն:

– Այսինքն, էդ ուրիշնե՛րն են Աստծո արածների կամ ասածների մասին պատմել: Ոչ ոք չգիտի, թե Ինքը ինչ ա մտածել:

– Ինքն ինչ մտածել է՝ ասել է: Ի՛նքն է իր մասին ասել, որ Ինքը Աստծո Որդին է:

– Էդքանն ասել ա, որ Իրա մյուս ասածներին ու արածներին հավատանք:

– Ուրիշ ի՞նչ պիտի ասեր, որ չի ասել:

– Ինչ որ ասել ա՝ մե՛ր մասին ա ասել: Ինքը Իրա մասին, փաստորեն, ոչ մի բան չի ասել: Նույնիսկ էդ երրորդ տարբերակի մասին ոչ մի բան չի ասել: Երեւի մտածել ա, որ պատրաստ չենք կամ էլ արժանի չենք էդ երրորդ տարբերակին ու վիճակին:

– Այդ երրորդ վիճակն այդքան կարեւո՞ր է: Այդ լրջությունն ու անլրջությունն այդքան կարեւո՞ր են:

– Ո՛չ թե լրջությունն ու անլրջությունն են կարեւոր, այլ՝ դրանցից ազատագրվելը: Եթե մարդ արարածը դրանցից ազատագրվի, էդ ժամանակ արդեն իրա բնական վիճակում կհայտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել