Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐՕՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ՝ ՀՆԱՄՅԱ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

Սեպտեմբեր 15,2006 00:00

Հարցազրույց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հետ

– Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) միաձուլում է ճարտարապետությունն ու երաժշտությունը: Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Զվարթնոցի տաճարի մոտ տեղի կունենա ձեր բացառիկ թատերականացված համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 15-ամյակին…

– Մենք հարուստ ենք պատմամշակութային ճարտարապետական կոթողներով: Ճարտարապետությունն ինքնին երաժշտություն է, իսկ եթե այն միաձուլվում է երաժշտության հետ, ուղղակի հրաշափառ բան է դառնում: Մեծ մասշտաբի բազմաշերտ միջոցառում ենք կազմակերպելու: Լինելու են տարբեր հարթակներ, երաժշտություն, պար, ազգային ժողովրդական եւ եվրոպական գործիքների ներդաշնակում: Այս համերգին մեզ են միացել տաղանդավոր արվեստագետներ՝ լեգենդար պարուսույց Մորիս Բեժարի սան Աիդա Ամիրխանյանը, որի մասնակցությամբ Բիզե-Շչեդրինի «Կարմենը» բեմադրվել է յուրահատուկ ձեւով: Մենք ոգեշնչվել ենք 7-րդ դարի Զվարթնոցից ու մեր ողջ համերգի տրամադրությունը բխել է այդ միջավայրից: Համերգին կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդվարդ Հայրապետյանի, Բախի, Պյացոլլայի, Կորելլիի ստեղծագործություններից: Մատչելի, բայց միեւնույն ժամանակ բովանդակալից համերգ է նախատեսվում:

– Գառնիում ու Ղարաբաղում ՀՊԿՆ-ի կայացած համերգները հետագայում ֆիլմ դարձան, նույնը ակնկալե՞նք նաեւ զվարթնոցյան համերգից:

– Այո, իհարկե: Չմոռանամ նշել, որ այս համերգին մեզ միանալու է Հունաստանից TYPANA հարվածայինների անսամբլը եւ մի հիանալի հնչյունային ռեժիսոր Կանադայից՝ Ռասըլ Դոքինսը: Վերջինս նաեւ Գառնիի համերգն է ձայնագրել: Զվարթնոցի համերգը կնկարահանվի 12 տեսախցիկով, հետագայում կթողարկվի DVD: Օգտագործելու ենք լուսավորության այնպիսի էֆեկտներ, որ երբեւիցե Հայաստանում չի եղել: Դրանք ձեռք են բերվել 1,5 տարի առաջ՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով: Այնպես որ, հանդիսատեսին խոստանում ենք լույսի, երաժշտության, ճարտարապետության շքահանդես, լիակատար էքստազ: Կլինեն նաեւ անակնկալներ, այդ թվում՝ երաժշտական յուրահատուկ հրավառություն, թե ինչպիսի՝ փակագծերը չեմ բացի:

– Դուք հերթով Հայաստանի ու Արցախի պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները «օգտագործում» եք իբրեւ ֆոն ձեր համերգների համար, հաջորդը ո՞րն է լինելու:

– Իրոք հիասքանչ հուշարձաններ, եկեղեցիներ ունենք, բայց դրանց հասնելու, տեխնիկան տեղափոխելու, հոսանքի ու վերջապես միջոցների խնդիր կա: Համերգների՝ Շուշի, Գառնի եւ Զվարթնոց եռյակից հետո կանգ չենք առնի:

– Ի՞նչ անակնկալներ են սպասվում այս համերգաշրջանում:

– Անկախության 15-ամյակին զուգադիպել է ՀՊԿՆ-ի վերակազմավորման 10-ամյակը: Փաստորեն, Զվարթնոցի համերգով բացում ենք մեր 10-րդ համերգաշրջանը: Հետաքրքիր ծրագրեր ունենք պրեմիերաների, հյուրախաղերի ու գալահամերգների առումով: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կմեկնենք Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ, փետրվարին՝ Եվրոպա: 2007-ի 2-րդ կեսին նախատեսվում է Հարավային Ամերիկայի մեծ տուրնեն: Մի խոսքով՝ բուռն գործունեություն: Կարեւորում ենք նաեւ համերգները մարզերում: Այս տարի երեւի մի հատուկ համերգ կունենանք Գանձասարում, Ղարաբաղի սահմանամերձ գյուղերում ու Ջավախքում:

– Դուք մեծ փորձ ունեք հրավիրված երաժիշտների հետ համագործակցելու, այս համերգաշրջանում ո՞ւմ եք ներկայացնելու:

– Կնախընտրեի փակագծերը նախօրոք չբացել: Ասեմ, որ մի քանի գալահամերգ է լինելու այն բոլոր ճանաչված երաժիշտների հետ, որոնց մասնակցությամբ այս 10 տարիներին համագործակցել ենք:

– Եթե հանրագումարի բերեք նվագախմբի անցած ուղին, որո՞նք են ձեր նվաճումները եւ այն, ինչ չհասցրիք իրականացնել:

– Հետաքրքիր մարտահրավերներով դժվարին ճանապարհ ենք անցել: Թվում է, որ եթե կայանում ես, ամեն ինչ պիտի ավելի հեշտանա: Բայց հիմա ավելի դժվար է լուրջ գործունեություն ծավալելը, քան տարիներ առաջ: Պատճառը որոշ հանգամանքներն են՝ մենք դահլիճ չունենք, սա փաստ է: Չենք կարողանում նորմալ աշխատել: Դա նույնն է, թե վագրին գցես փոքր վանդակի մեջ, այն իհարկե իրեն կարյունի: Շատ ծրագրեր կիրագործեինք, բայց դրա համար էլ լուրջ ֆինանսական բազա է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել