Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ ԿԱՆ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ

Սեպտեմբեր 15,2006 00:00

\"\"Ըստ հանրապետության գլխավոր անասնաբույժի՝ Արագածոտնի մարզի հորթերը «սկվազնյակի» տակ չեն ընկել, բայց մրսել են:

Մոտ մեկ ամիս առաջ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում հիվանդության ուրից ավելի անասուն էր սատկել: Գյուղացիները խուճապի մեջ էին, որովհետեւ իրենց միակ ապրուստի միջոցը հանդիսացող անասուններն իրար հետեւից հիվանդանում ու սատկում էին: Թե՛ գյուղացիները եւ թե՛ տեղի անասնաբույժները համոզված էին, որ անասունները վարակված են դաբաղով, քանի որ հիվանդության բոլոր ախտանշանները՝ կովերի վրայի վերքերը, հյուծվելը, ախորժակազրկվելը, բերանից լորձի արտահոսքը եւ այլ նշաններ, դաբաղ էին հիշեցնում: Նույն ախտանշանները կային մարզի Հնաբերդ, Ծաղկահովիտ, Սանգյառ, Գեղաձոր, Քարվանսարա եւ Ռյա-թազա գյուղերում, որտեղ մեր այցելության պահին շատ անասուններ գոմերում պառկած էին ու սար չէին գնացել՝ հյուծվածության պատճառով: Սակայն գյուղնախարարության անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հավաստիացնում էր, որ իրենք նշյալ գյուղերում ոչ մի հիվանդություն էլ չեն հայտնաբերել. «Բնակիչներն ասացին, որ հիվանդության հետք եղել է Ռյա-թազայի սարերում, սակայն մենք նմուշներ ենք ուղարկել լաբորատոր ստուգման եւ պարզվել է, որ ոչ մի հիվանդություն էլ չկա»:

Մեր ահազանգից հետո գյուղնախարարությունը պետք է կրկնակի ստուգումներ անցկացներ՝ համոզվելու համար ինչի՞ց են մի շարք գյուղերում կովերը սատկում: Չնայած այս օրերին արդեն հիվանդությունն անկում է ապրել եւ այլեւս անասուններ չեն սատկում, այնուամենայնիվ, երեկ պարոն Բաղիյանից հետաքրքրվեցինք նախարարության ստուգումների արդյունքներով: Պարզվեց՝ դաբաղի համար կատարված լաբորատոր հետազոտությունն այս անգամ էլ բացասական է եղել, այսինքն՝ դաբաղը հերքվել է: Անասունների մոտ հայտնաբերվել են այլ ինֆեկցիոն հիվանդություններ՝ ստոմատիտ եւ մեկրոբացիլիոզ: Պարոն Բաղիյանին թվում էր, թե մենք սենսացիաներ ենք փնտրում եւ ինքը մեզ խորը հիասթափեցրեց՝ ասելով, որ Հայաստանում դաբաղ չի եղել: Իրականում մեր մտավախությունն այլ էր. հնարավոր էր՝ գյուղնախարարությունն ինքն էր պարզապես խուսափում սենսացիաներից ու բնակչության խուճապից, դրա համար էլ հիվանդությունը կոծկում էր: Մի շարք գյուղերի անասնաբույժներ մեզ հետ զրույցում խոստովանում էին, որ որեւէ կասկած չունեն՝ գյուղերում դաբաղ է, բայց չէին ցանկանում հրապարակել իրենց անունը՝ աշխատանքը չկորցնելու մտավախությամբ: Երբ անասնաբույժների գնահատականները փոխանցեցինք պարոն Բաղիյանին, նա պատասխանեց. «Կարող է դուք պատահական մարդկանց եք մոտեցել կամ էլ վայ-անասնաբույժների, որովհետեւ դաբաղն ախտանշաններով չեն որոշում, այն պետք է լաբորատոր հետազոտության հանձնել, իսկ եթե իրենց անունները չեն ասում՝ նշանակում է անհրաժեշտ միջոցառումները չեն կատարել ու գյուղապետից վախենում են»:

Երբ հանրապետության գլխավոր անասնաբույժին խնդրեցինք թվարկել դաբաղի բոլոր ախտանշանները, նա սկսեց ներկայացնել. «Կովի կճղակների եւ բերանի խոռոչում բորբոքումներ են լինում, կրծքին վերքեր են առաջանում, անասունները չեն կարողանում արածել, որովհետեւ բերանի վերքերը թույլ չեն տալիս, դրանից էլ նրանք հյուծվում են, պետք է ժամանակին նրանց վերքերը բուժել»: Լուսանկարներում պատկերված անասունների մոտ այս բոլոր ախտանշաններն առկա են: Հնաբերդ գյուղի անասունների մեծ մասի կուրծքը վերքոտված էր եւ կովկիթի ժամանակ արյուն էր արտահոսում, նրանք հյուծված էին, արոտավայր չէին գնացել ու վերքոտ, ախտահարված կճղակների վրա չէին կարողանում կանգնել: Այս առնչությամբ մեր դիտարկմանն ի պատասխան՝ գլխավոր անասնաբույժն արդեն անասնատերերին մեղադրեց. «Վերքերը հիվանդության ոչ թե նշաններն են, այլ՝ հետեւանքները, այդ վերքերը 1-2 օրվա մեջ շատ հեշտ է բուժել, դրանից կովերն անկում չեն ապրի, չեն սատկի, իսկ եթե սատկել են՝ անասնատերերն են մեղավոր, որ ժամանակին մարգանցովկայով կամ շիբով լվացում չեն արել»:

Ի դեպ, Գրիշա Բաղիյանը դաբաղի մասին մեր նախորդ հրապարակման ժամանակ («Առավոտ», 15.08.2006թ.) կովերի սատկելու առնչությամբ ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, նրանք «սկվազնյակի» տակ են ընկել: Երեկ նա խնդրեց հերքել այդ նախադասությունը եւ «կովագրիպի» մասին գրելով՝ իրեն անհարմար դրության մեջ չգցել. «Ես ասել եմ՝ նրանք մրսել են, բայց խոսքը գնացել է ոչ թե կովերի, այլ հորթերի մասին, դրանք տարբեր բաներ են, կովի դիմադրողականությունը մեծ է, հորթինը՝ ոչ»: Մինչդեռ մեր հրապարակման մեջ հենց հորթն էր «սկվազնյակի» տակ ընկել, ոչ թե կովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել