Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցույց՝ ջրի համար

Սեպտեմբեր 15,2006 00:00

\"\"«Վեդի» ջրօգտագործողների ընկերությունը գոռավանցիներին ջուր է տալիս քեֆով

Արդեն քանի օր է՝ բողոքի ցուցապաստառներով կառավարության շենքի մոտ մենացույց է անում գոռավանցի Պետիկ Գուլգուլյանը: Բացի անցորդներից, նրա՝ անգամ ցենզուրայից դուրս բովանդակությամբ պաստառներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում. «Մի թեթեւ նայում են ու շտապ մտնում կառավարության շենք, չեմ էլ հասցնում մոտենամ, մեկ մեքենայից իջնելներն եմ տեսնում, մեկ՝ անհետանալը»,- «Առավոտին» պատմեց բողոքավորը: Նա տնից աթոռակ է բերել ու կառավարության շենքի առաջ տնավորվել. առավոտից մինչեւ ուշ գիշեր այնտեղ է լինում: «Հայաստանում կոռուպցիան վերածվել է բացարձակ պոռնկության եւ չկա մի օղակ, որ դրա դեմ պայքարի». այսպես է գրված Պետիկ Գուլգուլյանի ցուցապաստառներից մեկին: Նրա ցույցի հիմնական պատճառը «Վեդի» ջրօգտագործողների ընկերությունն է, որը, ըստ բնակչի, պարտաճանաչ ոռոգման ջրի հարկերը խեղճ գյուղացիներից պահանջում է, բայց ջուր չի տալիս: Գուլգուլյանն ունի ընդամենը 1 հա ցորենի արտ, որը չոռոգվելու պատճառով արդեն չորացել է: «Ես գնում եմ, ժամերով կռվում եմ, ցույցի եմ ելնում, մի 20 րոպե տալիս են, էլի կտրում, որովհետեւ եթե իմ նմաններին ջուր տան, էն օլիգարխների հազար հեկտարանոց հողակտորները չեն ջրվի, մեզ կարողանում են խաբել, փողը վերցնել ու ջուր չտալ, բայց չինովնիկներին չեն կարող»: ԱԺ պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը, օրինակ, ըստ Պ. Գուլգուլյանի, 100 հա խաղողի այգի ունի, նույնքան հողակտոր էլ Արտաշատի Նարեկ գյուղում ունի տարածքային կառավարման նախարարը. «Նրանց հողերը ժամանակին անջրդի են եղել, հիմա, երբ ջուր տալը դարձել է պարզապես Ջրօգտագործողների միության նախագահի քմահաճույքը, ջրի հունը, չգիտես ինչու, փոխվել է, գետը միայն նրանց է ծառայում: Արդյունքում՝ ամբողջ գյուղը ջրի կարոտ է մնացել: Ես պիտի գիշերները նստեմ արտի մեջ ու սպասեմ՝ երբ գոնե մի տասը րոպեով ջուր կտան՝ արտս ջրեմ»,- դժգոհեց Գուլգուլյանը:

Այն, որ Գոռավանում ջրի բիզնեսը ՋՕՄ-ի ձեռքում է, որն էլ իր քեֆով է գյուղացիներին ջուր մատակարարում, խոստովանում է նաեւ գյուղապետարանի քարտուղար Շահեն Հայրապետյանը. «Իրոք, այդ ընկերությունից 3 տարվա ընթացքում ոչ մի դրական բան չենք տեսել, նրանք ոչ մի ներդրում չեն արել, բազմաթիվ անգամ դիմել ենք համապատասխան մարմիններին, որ ՋՕԸ-ից մեզ դուրս հանեն, չի ստացվել: Իրենք են տերն ու տիրականը, մենք ոչինչ չենք կարող անել, մեր ջրի տերը մենք չենք»:

Գոռավանցիների ներկայացմամբ՝ «խաղողի այգիները 5-6 անգամի փոխարեն ոռոգել են մեկ անգամ, խաղողն էլ չորությունից ճյուղի վրա չամիչ է դարձել»: Գոռավանի մյուս բնակիչները պատրաստվում են միանալ Պետիկ Գուլգուլյանի ցույցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել