Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ թե Ստրադիվարիուսի, այլ Գվադանինիի ջութակով

Սեպտեմբեր 15,2006 00:00

\"\"Հարցազրույց ճանաչված երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ

– Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգաք Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ ոչ այն գործիքով, որով սովորաբար նվագում եք:

– Ճապոնիայի երաժշտական գործիքների ֆոնդում Ստրադիվարիուսի 18 ջութակներից մեկը վստահված է ինձ, սակայն կան երկրներ, որտեղ ես ելույթ եմ ունենում այլ գործիքով, քանի որ Ճապոնիան ոչ անվտանգ է համարում այդ գործիքի մուտքը որոշ երկրներ: Այնպես որ, Հայաստանում բեմ կբարձրանամ դարձյալ գերազանց՝ Գերմանիայի երաժշտական գործիքների հավաքածուից ինձ տրամադրած՝ Գվադանինիի պատրաստած ջութակով:

– Մրցանակակիր եք մի քանի միջազգային մրցույթների, սակայն անցյալ տարի Բրյուսելի Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթում առաջին մրցանակակիր դառնալուց հետո կարծես ավելի հնչեղ դարձավ ձեր անունը, իսկ դուք ցանկալի հյուր՝ աշխարհի տարբեր անկյուններում…

– Գուցե դա այդպես է, բայց ինձ համար էլ անհասկանալի է: Տեղեկացնեմ, որ «մրցութային կյանքս» սկսել եմ 2000-ին՝ մրցանակ շահելով Ֆրից Կրայսլերի անվան մրցույթում (Վիեննա), այնուհետեւ՝ Լուիս Շպորի անվան մրցույթում (Ֆրայբուրգ), հետո՝ մյուս հեղինակավոր մրցույթներում: Իսկ անցյալ տարվա մրցույթից հետո շնչելու ժամանակ չունեմ. հրավերին հաջորդում են այլ հրավերներ, անգամ այսօր պլանավորվում են իմ տարիներ անց կայանալիք համերգային ծրագրերը:

– Ո՞վ է ձեր իմպրեսարիոն:

– Այն մեկ անձ չէ, այլ Լոնդոնի «Ասկոնաս հոլթ» հեղինակավոր մենեջերական կառույցն է, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալներ: Նրանց շնորհիվ են կայացել իմ ելույթները Ռուսաստանում, Եվրոպայի, Հեռավոր Արեւելքի, Ամերիկա մայրցամաքի տասնյակ երկրներում՝ Բեռլինի, Տոկիոյի, Ֆրանսիայի, Անգլիայի, Լոնդոնի եւ այլ ճանաչված նվագախմբերի հետ: Այդ համերգները ղեկավարել են անվանի դիրիժորներ Մազուրը, Ֆեդոսեեւը, Հերբիգը, Յուկկա – Պեկկա Սարասատեն եւ այլք:

– Աշխարհում բիզնեսը վաղուց մուտք է գործել նաեւ դասական արվեստ: Քիչ չեն դեպքերը, երբ իմպրեսարիոն «քցել» է նույնիսկ անվանի երաժշտին, դուք «Ասկոնաս հոլթին» վստահո՞ւմ եք:

– Այո, արդեն 5 տարի է, ինչ նրանց արտիստն եմ: «Ասկոնաս հոլթը», բացի երաժշտիս համար հոգ տանելուց, գիտի անգամ իմ նախընտրած ուտեստները: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, այդ առումով էլ եմ վստահում իրենց:

– Որպես Եվրոպայում կրթություն ստացած երաժիշտ՝ խնդրում ենք զուգահեռներ անցկացնել հայաստանյան եւ եվրոպական երաժշտական դպրոցների միջեւ: Ի դեպ, երաժշտականների խնդրով մտահոգ են նաեւ ՀՀ մշակույթի եւ կրթության նախարարությունները:

– Հայաստանի եւ Եվրոպայի երաժշտական ուսման ընթացքը նույնը չէ: Եվրոպայում երաժշտական դպրոցում ուսուցանվում է միայն մասնագիտություն առարկան (ջութակ, դաշնամուր, թավջութակ եւ այլն), այսինքն՝ առանց կոնկրետ 7 տարի պարտադիր ուսուցման՝ երեխան ծանոթանում է միայն իր նախընտրած երաժշտական գործիքին: Հայաստանի օրինակով այնտեղ ծրագիր չկա, որ ասենք, առաջին դասարանում այս ծրագիրն է անցնելու, երկրորդում՝ այն: Երաժշտական առարկաները՝ սոլֆեջիո, մեծանուն երաժիշտների կյանքը, որը Հայաստանում անցնում են երաժշտական գրականություն անվան տակ, Եվրոպայում ուսուցանվում են հանրակրթական դպրոցներում, առարկան էլ կոչվում է երաժշտություն: Ես երկրորդ դասարանից եմ ընտանիքով Հայաստանից տեղափոխվել Գերմանիա, հետեւաբար չեմ կարող ասել՝ ուսման որ կարգն է արդյունավետ կամ ճիշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել