Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր սերունդն առաջին անկախության մասին չգիտի

Սեպտեմբեր 15,2006 00:00

\"\"Անկախության 15-ամյա հոբելյանի առիթով դպրոցականներին դաս տալու՝ այս տարի ձեւավորված ավանդույթը երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում շարունակեց Ջ. Կիրակոսյանի որդին՝ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

Նրա դասն ավելի շատ նմանվում էր հարցուպատասխանի, քանի որ փոխարտգործնախարարը իր գործին բնորոշ կերպով ցանկանում էր դիվանագիտորեն երեխաների գիտելիքներին եւս ծանոթանալ: «Ուսուցիչներն աշխատում են դպրոցական ծրագրերով, սակայն աշակերտներին պետք է շփվել նաեւ այն մարդկանց հետ, ովքեր երկրում իրականացնում են քաղաքականությունը»,- դասն այսպես սկսեց Ա. Կիրակոսյանը: Նա չթաքցրեց, որ մեծ է դասավանդելու պատասխանատվությունը, ինչը հատկապես մեծանում է հոր անվան դպրոցում ուսուցչի դեր ստանձնելիս: Փոխարտգործնախարարը աշակերտներին ներկայացրեց Հայաստանում արտգործնախարարության ձեւավորման ճանապարհը: «Խորհրդային շրջանում այն կարծես թե ձեւական բնույթի էր, միայն 10 դիվանագետ էր աշխատում այդ կառույցում: Իսկ 1991-ին ժառանգեցինք այժմյան սահմանադրական դատարանի շենքը: Իհարկե, սկզբնական շրջանում դժվար էր, քանի որ երկիրը տնտեսապես թույլ զարգացած էր»,- ասաց Ա. Կիրակոսյանը: Նշենք, որ նա 1991-ի անկախությունից հետո մեր երկրի առաջին փոխարտգործնախարարն էր:

Դասի ընթացքում աշակերտներին նրա տված հարցերից պարզ դարձավ, որ 10-րդցիները շատ լավ գիտեն արտգործնախարարության արտասահմանյան ներկայացուցչությունների՝ դեսպանատների եւ հյուպատոսարանների մասին, սակայն մեր ձեռք բերած առաջին անկախությունը համարեցին 1991-ինը: Միայն հուշելուց հետո հիշեցին, որ 1918-ին էլ ենք անկախացել:

Փոխարտգործնախարարը, իհարկե, չփորձեց աշակերտներին ծանրաբեռնել ղարաբաղյան բանակցային գործընթացին եւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներով: Սակայն նա փորձեց 10-րդցիներին բացատրել, թե ինչ է արտաքին քաղաքականությունը եւ ինչպես է այն իրականացվում: «Չմոռանալով մեր ունեցած դրականը՝ պետք է կիրառենք միջազգային նորն ու փորձվածը»,- այսպիսի նշանաբանով դիմեց աշակերտներին Ա. Կիրակոսյանը: Իսկ լրագրողներին նա տեղեկացրեց. «Բանակցային գործընթացը շարունակվում է: Ինչպես Փարիզում Վարդան Օսկանյանն ասաց, այդ գործընթացի դրական հունի մեջ մտնելու միտումներ կան: Հնարավոր է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում լինի, իսկ հարցի արդարացի լուծումը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի վրա: Եթե բանակցային գործընթացը դրական հունի մեջ մտնի, հնարավոր է նաեւ երկու նախագահների հանդիպում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել