Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ուշադրություն է շեղում

Սեպտեմբեր 15,2006 00:00

Նկատի ունենալով մեր հարեւանների՝ ՄԱԿ-ում ծավալած գործունեությունը, նշում է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի՝ օրերս արտահայտած այն մտքի, թե Ղարաբաղը պետք է դիտել Ադրբեջանի կազմում, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Ուկրաինայի հետ հարաբերությունները նորմալ են, առեւտրի ծավալները աճում են եւ այլն, բայց քաղաքական դաշտում, իհարկե, խնդիրներ կան: ԳՈՒԱՄ-ի գործոնը կարծես թե Ուկրաինային որոշ հարցերի նկատմամբ օբյեկտիվ չի դարձնում, եւ այդ կարգի հայտարարությունները մեզ համար բացարձակ անընդունելի են, այդ կապակցությամբ մենք մեր տեսակետները ուկրաինական կողմին հայտնել ենք: Նման հայտարարությունները մենք համարում ենք քաղաքական սուբյեկտիվություն, որը հատուկ շահեր է հետապնդում հավասարակշռությունը հաշվի չառնելով, նման բաներն անընդունելի ենք համարում»:

ԱԳ նախարարին հարց տրվեց, թե ինչո՞ւ Հայաստանը խաղաղապահ զորամիավորում չի ուղարկում Լիբանան, երբ այնտեղ ապրող մեր հայրենակիցները շարունակ խնդրում են այդ մասին, հաշվի առնելով, որ Թուրքիան զորախումբ ուղարկել է, եւ դա հայերը խիստ մտահոգիչ են համարում: Ասաց, որ լիբանանահայ համայնքից իրոք որոշ կոչեր եղել են. «Համենայնդեպս, այստեղ բազմաթիվ այլ գործոններ կան, մենք համայնքի կոչը հաշվի առնում ենք եւ նաեւ երկխոսության մեջ ենք համայնքի ներկայացուցիչների հետ: Համոզված եմ, որ ճիշտ որոշում կկայացվի: Նման խնդիրները ինքնանպատակ պետք չէ լինեն, մեր գնալը այնտեղ ինչ-որ նպատակի պետք է ծառայի, հենց որ այդ նպատակը հստակեցվի, իսկ այդ հստակեցումը կլինի խորհրդակցությունների արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը վերջնական իր որոշումը կկայացնի»:

Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը համանախագահողները լրջորեն քննարկում են, եւ այդ մասին խոսելով՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ հանդիպումները ինքնանպատակ չեն կարող լինել. «Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ հանդիպել, բայց մթնոլորտը պետք է ճիշտ եւ բարենպաստ լինի, որպեսզի այդ հանդիպումը արդյունք տա: Ադրբեջանն անընդհատ փորձում է ուշադրությունը շեղել Մինսկի գործընթացից, սա փաստ է, գիտեք, որ ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեն մերժեց օրակարգում դնել ԳՈՒԱՄ-ի՝ սառեցված կոնֆլիկտների մասին առաջարկությունը, բայց երեկ Գլխավոր ասամբլեան այդ որոշումը փոխեց եւ մեկ ձայնի տարբերությամբ որոշեց դնել օրակարգում: Ահավասիկ իրավիճակ, երբ ուշադրությունը շեղվելու է Մինսկի գործընթացից: Այնպես որ, հարցականի տակ է նախարարների հանդիպումը, մինչեւ հստակեցում չլինի ՄԱԿ-ի գործընթացի ուղղությունների վերաբերյալ: Մեկ անգամ եւս Ադրբեջանը ամեն ջանք դնում է, որպեսզի շեղի, մեզ թվում է՝ Մինսկի խմբի փաստաթղթի բովանդակությունը, որի մեծ մասին Ադրբեջանը համաձայնություն տվեց, ներառյալ հանրաքվե, ինքնորոշման հարց եւ այլն, բայց երեւի ուզում է ետ կանգնել, եւ, իրենց հաշվարկներով, միջոցը Մինսկի գործընթացից ուշադրությունը շեղելը եւ դեպի ՄԱԿ տանելն է: Այնպես որ, պետք է վերլուծել ստեղծված իրավիճակը եւ միայն դրանից հետո որոշում կայացնել հաջորդ քայլերի մասին»: Գնահատելով Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքերը՝ ԱԳ նախարարն ասաց. «Կարծում եմ, այս պահին մեր արդյունքները վատ չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել