Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա վերջինն է լինելու»

Սեպտեմբեր 14,2006 00:00

Ցանկացած թմրամոլ, հարբեցող կամ նույնիսկ ծխամոլ հասկանում է, որ իր անառողջ հակումները վկայում են թույլ կամքի եւ սեփական անձի նկատմամբ հարգանքի պակասի մասին: Նման մարդիկ ամեն օր կամ նույնիսկ օրը մի քանի անգամ մտքում ամենասարսափելի երդումներն են տալիս՝ թողնել վնասական սովորությունը եւ անցնել առողջ ապրելակերպի: Սակայն ամեն անգամ թմրանյութը, շիշը կամ ծխախոտը տեսնելիս նրանք կորցնում են առողջ դատելու ունակությունը եւ տրվում են ինքնաքայքայիչ կրքին՝ գիտակցության վերջին մնացորդները աշխատեցնելով ինքնասփոփման համար՝ «սա վերջինն է լինելու»: Խորհրդային տարիներին իշխանությունը պայքարում էր (կամ ձեւ էր անում, որ պայքարում է) հասարակական հիշյալ չարիքների դեմ: Մեխանիզմը մոտավորապես հետեւյալն էր. գալիս էր պարտկոմի, պրոֆկոմի կամ «նառոդնի կանտրոլի» ներկայացուցիչը, ասենք, Գավրիլայի բնակարան եւ տեսնում էր, որ վերջինս նստած է գետնին ծխի քուլաների մեջ՝ օղու շիշը ձեռքին: «Այ-այ-այ, Գավրիլա, այս ի՞նչ վիճակում ես»,- նախատում էր ներկայացուցիչը: «Մի պատժեք, ընկեր Սիդորով,- թոթովում էր Գավրիլան,- կյանքովս եմ երդվում՝ սա վերջին անգամն է»:

Հիմա էլ մեր իշխանություններն են 11 տարի շարունակ սարսափելի երդումներ տալիս, որ «նման ընտրություններ այլեւս չեն լինելու»: Ըստ որում, ընտրություններից (հանրաքվեներից) առաջ նրանք ասում են, որ արդեն հնարավոր չէ հնի կրկնությունը, որ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն եւ այլն: Ընտրություններից հետո 2-3 ամիս շարունակ պնդում են, որ դրանք շատ ժողովրդավար էին, այնուհետեւ կամաց-կամաց սկսում են խոստովանել, որ դրանք խայտառակ էին, մինչեւ որ հաջորդ ընտրություններից առաջ ասում են, որ այլեւս հնարավոր չէ հնի կրկնությունը, եւ այսպես շարունակ: Վերջին անգամ նման ինքնախարազանող եւ ապագայում «թարգելու» խոստում տվող իշխանության ներկայացուցիչը Արմեն Ռուստամյանն էր, որը մի քանի օր առաջ կրկին հնչեցրեց «այդպես շարունակել չի կարելի» ոճի հայտարարություններ:

Արեւմտյան «նառոդնի կանտրոլը» (ի դեմս ԱՄՆ Պետդեպարտամենտի, Եվրոպայի խորհրդի, Freedom house-ի եւ այլոց) երբ գալիս է մեզ մոտ եւ տեսնում է մեր իշխանավորներին՝ կեղծ քվեաթերթիկների խուրձերով եւ նկարած «արդյունքների» անկապ թվերով, նրանք էլ են սպառնում. «Սթափվեք, հարգելիներս, կպատժենք, «մարտահրավերների» փողերից կզրկենք»: Մերոնք էլ չքմեղանում են. «Մի պատժեք, ընկեր Ռայս (Վան դեր Լինդեն): Սա վերջին անգամն էր»: Բայց ինչպես թմրամոլի համար թմրանյութն է քաղցր ու անփոխարինելի, այնպես էլ մեր իշխանավորների համար՝ իշխանությունը: Հենց որ մտածում են, որ կարող է երբեւէ այն կորցնեն, ուղեղները խավարում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել