Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 09,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներեքերորդ

ՏԱՍՆՈՒԹ ՊԱԿԱՍ

– Արդեն տասներկուսն ա,- ասաց Լիզան՝ դարձյալ ժամացույցին նայելով ու ժամացույցով ձեռքը կզակիս քսելով:

Ես կզակովս Լիզայի ձեռքը սեղմեցի եւ ահագին ժամանակ սեղմած պահեցի՝ ինչպես ջութակահարն է ջութակն ուսի ու կզակի արանքում տեւականորեն պահում:

– Տասներկուսը չի. քսա՛ն ա պակաս,- ասացի ես:

– Տասնո՛ւթ,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:

Սոսի՛ն հիշեցի: Հենց հիմա՝ Լիզայի ժամացույցի ցույց տված ժամը հիշելով ու նշելով՝ լենինականցի Սոսին հիշեցի, ու հիմա էդ ժամի ու Սոսի հետ կապված ողբերգությանը չեմ կարող չանդրադառնալ, որովհետեւ մտքով արդեն իննսուն թվականի տիրույթներում եմ, ավելի ճիշտ՝ իննսուն թվականի Դնոյի ու Ռադիկի կազինոներում, որտեղեւ իննսունին լենինականցի Սոսի հետ ծանոթացա, եւ, ինչպես չափազանց քչախոս Սոսի համեմատաբար շատախոս ընկերների պատմածներից տեղեկացա, Սոսն իր քրոջը, ծնողներին ու իր երեք երեխաներից երկուսին ութսունութի երկրաշարժի ահավոր երախում կորցրել եւ երկրաշարժից մազապուրծ կնոջ ու երեխաներից փրկվածի հետ Երեւանում վարձով էր ապրում, ու նաեւ իմացա, որ Լենինականի իր տան վրա երկրաշարժի ուժը չէր պատել, բայց իր ծնողների տունն ամբողջովին գետնի տակն էր անցել, եւ երկրաշարժի պահին երեխաներից երկու մեծերը դպրոցում էին եղել, եւ դպրոցն է՛լ էր անմեղ հրեշտակների հետ ամբողջովին գետնի տակն անցել, եւ էս ողբերգության ամբողջ պատմությունը ո՛չ թե Սոսից էի լսել ու իմանում, այլ՝ իր լենինականցի երկու ընկերներից, որոնք նույնպես մեծ ողբերգության ու մեծ վշտի տեր էին ու Սոսի պես իրենք է՛լ էին իրենց մեծ ողբերգությունը փորձում կորցնել ու տարրալուծել կազինոյի պստիկ ողբերգությունների մեջ, բայց հատկապես Սոսի՛ն դա չէր հաջողվում անել, ու չնայած Սոսն իր ամենավերջին փողերն էր արդեն տանուլ տալիս, բայց իր հոգին արդեն վերջնականապես երկրաշարժի մեջ էր, իսկ ամենավերջին փողերը՝ որ տանուլ էր տալիս, Լենինականի իր անվնաս մնացած տան փողերն էին, եւ իր էդ անվնաս ու անվտանգ տունը ջրի գնով ծախել եւ Այգեստանում վարձով էր ապրում, որովհետեւ իր վերջնականապես ավերված հոգին չէր կարողացել հարազատների էդ գերեզմանոցում ապրել, ու էս մանրամասներն ինձ ո՛չ թե Սոսն էր պատմել, այլ՝ էլի իր էդ երկու ընկերները, ու չնայած Այգեստանի իր էդ վարձով տանը մի քանի անգամ խմել էինք, բայց իրենից իր էդ ահավոր ողբերգության մասին բառ անգամ չէի լսել, ու քանի որ ինքն իր ողբերգության մասին ընդհանրապես չէր խոսում, ես է՛լ իր հետ երկրաշարժի մասին բան չէի խոսում, բայց որ Լենինականի իր տունը կոպեկներով ծախել ու հիմա թափով էդ կոպեկնե՛րն էր տանուլ տալիս, էդ մասին ասել էր, ընդամենն է՛դ էր ասել, որովհետեւ ինքը ահավոր քչախոս էր, այսինքն՝ ինքը հազվադեպ պատահող քչախոս լենինականցիներից էր, ու դուք էլ նկատած կլինեք, որ լենինականցիների մեջ քչախոսներ շատ քիչ են պատահում, բայց որ պատահում են՝ Աստված հեռու պահի, որովհետեւ լենինականցու քչախոսը ո՛չ միայն բնության օրենքից որոշակի շեղվածություն է, այլեւ լենինականցու քչախոսը ծայրահեղ քչախոս է, եւ լենինականցու քչախոսությունը որոշակի շեղվածություն ունի նույնիսկ քչախոսությա՛ն օրենքից, որովհետեւ՝ եթե լենինականցին քչախոս է, ուրեմն՝ ո՛չ թե քիչ է խոսում, այլ՝ համարյա թե չի խոսում, բայց Սոսի պարագան մի քիչ այլ էր, ու ընկերներն ասում էին, որ ժաժքից առաջ լավ էլ ասող-խոսող էր, ու հիմա Սոսին հիշելով ու իր մասին մտածելով՝ գլխի եմ ընկնում, որ լենինականցին քչախոս է լինում հատկապես է՛ն դեպքում՝ երբ վշտի տեր է, ընդ որում՝ չափազանց մեծ վշտի տեր, ու չնայած Սոսի էդ մանկության ընկերներն է՛լ էին երկրաշարժին լուրջ կորուստներ տվել, բայց իրենք ասող-խոսող էին մնացել ու ասում-խոսում էին ո՛չ միայն իրենց, այլեւ Սոսի՛ ահավոր ողբերգության մասին, ու Սոսի ահավոր ողբերգության մասին, իհարկե, միայն Սոսի բացակայությամբ էին խոսում, եւ հիմա Սոսի էդ լենինականցի ընկերներին հիշելով ու իրենց մասին վերամտածելով՝ սկսում եմ նաեւ հասկանալ, որ լենինականցին քչախոս է դառնում եւ իրեն էլ մեծ վշտի տեր է համարում միայն է՛ն դեպքում, երբ գիտակցում ու հասկանում է, որ իր վիշտը դիմացինի վշտից անհամեմատ մեծ է, եւ եթե լենինականցին հակառակն է մտածում ու տեսնում, այսինքն՝ տեսնում է, որ դիմացինի ողբերգությունն իր ողբերգությունից անհամեմատ մեծ է, լավ էլ խոսքաշատ է մնում, եւ Սոսի մանկության ու պատանեկության էդ երկու ընկերները Սոսի առումով հենց էդպե՛ս էին մտածում, մանավանդ որ՝ Սոսի էդ ահավոր ու անհամեմատելի կորուստներին գումարում էին նաեւ Սոսի Լենինականի տան հանգամանքը, որովհետեւ ջրի գնով ծախած Լենինականի էդ անվնաս տան փողերի հալալ կեսն արդեն Դնոյի ու Ռադիկի ապարատներն անմնացորդ լափել էին, բայց Սոսի անձնական ողբերգությունն էնքա՛ն մեծ էր, որ կազինոյում իր էդ տանուլ տվածը մենք ավելի՛ էինք զգում, քան՝ ինքը, ու չնայած ես էլ իմ վերջին սովետական գրքի ամբողջ հոնորարն էի տանուլ տվել, բայց Սոսի ներկայությամբ նույնիսկ ամաչում էի իմ էդ պստիկ ողբերգության մասին մտածել, մանավանդ որ՝ կատաղի ինֆլյացիան արդեն սկսվել էր, ու տանուլ տվածս աչքիս օրեցօր ավելի ու ավելի աննշան էր դառնում, իսկ Սոսի տանուլ տվածը գնալով ավելի՛ ու ավելի՛ էր շոշափելի դառնում, որովհետեւ, ի վերջո, Սոսի տանուլ տվածը ո՛չ թե փող էր, այլ՝ տուն, ընդ որում՝ Լենինականի ահավոր երկրաշարժին կուլ չգնացած ու դիմացած եզակի տներից մեկը, որի արժեքն ու անհրաժեշտությունը Սոսը երկրաշարժից երկու տարի անց միայն սկսեց հասկանալ ու գիտակցել, եւ դա ա՛յն պահն էր, երբ ինքն արդեն վերջնականապես համակերպվեց իր մեծ ողբերգության հետ եւ արդեն սկսեց մտածել իր ընտանիքի ողջ մնացած երկու անդամների ու նաեւ ի՛ր մասին, եւ երբ սկսեց ողջ մնացածների ու իր մասին մտածել, անմիջապես հասկացավ, որ իր ընտանիքի կենդանի բեկորներին առաջին հերթին տուն է հարկավոր, եւ երբ էդ բանը հասկացավ, զուգահեռաբար գիտակցեց նաեւ, որ Լենինականի իր էն տոկուն ու երկրաշարժին դիմակայած տունն արդեն ուրիշինն է, ու մինչեւ էդ հասարակ բանը կհասկանար, էդ տնից մնացած գումարի երկրորդ կեսն էնպիսի՛ արագությամբ ինֆլյացիայի ենթարկվեց, որ, փաստորեն, արդեն Այգեստանի իր վարձով տան առաջիկա երկու թե երեք ամիսների վարձը հազիվ էր կազմելու, ու Սոսի սիրտը, որ ամենամեծ ողբերգությա՛նն էր դիմադրել ու դիմացել, էդ անհեռանկար ներկային չէր դիմանալու, բայց, այդուհանդերձ, սրտի ուղղությամբ ո՛չ ինքն էր մտածում եւ ոչ էլ՝ մենք, եւ երբ իննսունմեկի օգոստոսյան մի տոթ իրիկուն իր երկու ընկերներից միանգամայն պատահաբար տեղեկացա, որ Սոսը չկա, մտքովս անմիջապես ինքնասպանության տարբերակն անցավ, բայց երբ ընկերներն ասացին, որ Սոսի սի՛րտն է կտրուկ տեղի տվել, ես հասկացա, որ բոլորեքյան հարու տվող կյանքի շարունակական հարվածներին ոչ թե մե՛նք չենք դիմանում, այլ՝ մեր սրտե՛րը:

Երեք ամիս կլիներ՝ Սոսին չէի տեսել, որովհետեւ էդ թվի մայիսից սկսած՝ կազինո չէի գնում, քանի որ ո՛չ միայն էդ սովետական ամենավերջին գրքիս հոնորարն էր ամբողջապես մսխվել, այլեւ արդեն պետականորեն մսխվել ու կոպեկների էին վերածվել խնայդրամարկղին ի պահ տրված նախորդ բոլոր հոնորարներս, ու Սոսին վերջին անգամ տեսա էդ թվի մայիսի սկզբներին, երբ երկուսս էլ դեռեւս կազինո էինք գալիս, բայց արդեն չէինք խաղում, որովհետեւ արդեն երկուսս էլ խաղալու միջոց չունեինք, ու կազինո էլ գալիս էինք, որովհետեւ գնալու ուրիշ տեղ չունեինք, ու միտինգներն էլ արդեն պրծել էին, ավելի ճիշտ՝ միտինգներից Պարույրինն ու Ռաֆոյինն էին մնացել, ու «Պապլավոկի» նախկին ռիթմն է՛լ չէր վերականգնվում, որովհետեւ ո՛չ միայն սուրճի ու ամեն ինչի գներն էին օրեցօր աճում, այլեւ փողն է՛լ էր զգալիորեն քչություն անում, ու մենք Խաթլամաջյան Սեյրանի գլխավորությամբ մեր հիմնական ժամանակն օպերայի հրապարակի մշտական կոնտինգենտի շրջակայքում էինք անցկացնում եւ Համբարձումյան Ռաֆոյի ու Պարույրի միտինգներն էլ ընդամենն ականջի պոչով էինք լսում, ու չնայած Սեյրանն ութսունութին հանուն Պարույրի ազատության միտինգին մի քանի ժամով կալանավորվել էր, բայց հիմա արդեն Պարույրին ականջի պոչով ու ընդգծված քամահրանքով էր լսում, որովհետեւ Պարույրն արդեն դաշնակցության դեմ մի քանի ելույթ էր ունեցել, իսկ Սեյրանն արդեն միանգամայն օրինական ու օրինավոր դաշնակցական էր ու Պարույրին ընդամենը խմբագրելու նպատակով էր ականջի պոչով լսում, եւ հիմնականում Սուքիասին ու օպերայի հրապարակի ժողովրդական մյուս տրիբուններին էինք լսում, եւ ահա օգոստոսյան մի տոթ իրիկուն Սուքիասի ունկնդիրների մեջ տեսա Սոսի մանկության եւ պատանեկության երկու ընկերներին եւ իրենցից տեղեկացա, որ Սոսն արդեն չկա:

Սոսն ու ես գրեթե միաժամանակ՝ մարտի վերջերին խաղալը թարգեցինք, ու միակ պատճառը միջոցների բացակայությունն էր, ու չնայած մարտի վերջին օրերին արդեն դադարեցինք ապարատների հետ ուժներս չափել, բայց ամբողջ ապրիլի ընթացքում եւս շարունակում էինք նախկին ռեժիմով կազինո հաճախել, այսինքն՝ առավոտվա տասնմեկից մինչեւ գիշերվա տասներկուսը կազինոյում էինք անցկացնում ու չնայած ինքներս չէինք խաղում, բայց ուշադիր հետեւում էինք դեռեւս փող ունեցող մեր խաղընկերների մշտական անհաջողություններին ու հազվադեպ հաջողություններին, ու կողքից նայելով՝ վերջնականապես էինք հասկանում, որ էդ ապարատներին հաղթելը պարզապես ֆանտաստիկայի ոլորտից է, ու էդպես շարունակաբար ամբողջ ապրիլի ընթացքում չխաղալով ու խաղացողների ապուշ վիճակները տեսնելով՝ ես ու Սոսը վերջնականապես հասկացանք, որ տարուց ավել էլ ինքնե՛րս ենք ապուշի էդ դերերը միանգամայն հաջող կատարել, եւ Սոսն ու ես առավոտից իրիկուն կազինոյում կողք-կողքի նստում ու իրար հետ համարյա չէինք խոսում, որովհետեւ ամեն ինչ ահավոր պարզ էր, ու իրար ասելու բան չունեինք, ու չնայած Սոսը մինչ այդ էլ քչախոս էր, բայց վերջին ամիսներին ու հատկապես մեր էդ չխաղալու ապրիլին ընդամենն անկապ ու անտեղի ժպտում էր, ու չնայած օրեցօր իր էդ ժպիտն առավել անիմաստ ու անհեթեթ էր դառնում, ու չնայած իր էդ ժպիտի մեջ գերակշռողը դառնությունն էր, այդուհանդերձ, դա հենց ժպիտ էր եւ ո՛չ թե՝ այլ բան, եւ իր էդ անկապ ու դառնավուն ժպիտը հանկարծակի ծիծաղի ու խելագար քրքիջի էր վերածվում հատկապես առավոտները, երբ կազինոն նոր-նոր էր բացված լինում ու դեռեւս մարդաշատ չէր, ու մեկ էլ՝ գիշերվա տասներկուսի կողմերը, երբ կազինոն արդեն փակվելու վրա էր:

Ռադիկի կազինոյի պատին ահագին մեծ ժամացույց կար, եւ երբ Սոսի քրքիջն սկսվում էր, ինքն ինձ ձեռքով ցույց էր տալիս պատի մեծ ժամացույցը, եւ երբ իրեն հարցնում էի՝ «քեզ ի՞նչ էղավ», քրքիջն անմիջապես դադարեցնում ու ասում էր՝ «հե՛չ»:

Էդպես մի քանի օր շարունակվեց, ու ես արդեն մտածում էի, որ Սոսը խելագարվել է, եւ երբ էդ մտածմունքս իր երկու ընկերներին հայտնեցի, նրանցից մեկն ասաց. «Ինքն օր քեզի ժամացույցը ցույց կուտա, դու ուշադիր ժամացույցին աշե, հետո նոր խորաթա կէնենք»:

Հաջորդ առավոտ, երբ Սոսի անմարդկային ծիծաղը վերստին բռնեց, եւ Սոսն ինձ կազինոյի ժամացույցը ցույց տվեց ու գոռաց՝ «տե՛յա», ես ուշադիր նայեցի Ռադիկի կազինոյի ժամացույցին ու տեսա, որ տասներկուսից քսան է պակաս, ավելի ճշգրիտ՝ տասներկուսից տասնութ կամ տասնյոթ էր պակաս, ու երբ էդ նույն օրվա գիշերն իր հոմերյան քրքիջը վերսկսվեց, ինքը վերստին ձեռքով ժամացույցը ցույց տվեց ու գոռաց՝ «տե՛յա», ու վերստին տասներկուսից քսան էր պակաս, իսկ ավելի ճիշտ՝ տասնութ կամ տասնյոթ, եւ երբ էդ գիշեր Սոսին ճանապարհել ու իր երկու ընկերների հետ Մռավյանով իջնում էինք, ընկերներից բարձրահասակը, որի անունն արդեն մոռացել եմ, խորհրդավոր նայեց ինձ ու հարցրեց.

– Ժամին ուշադիր աշեցի՞ր, Արմո՛:

– Հա,- ասացի ես:

– Հետո՞,- հարցրեց ինքը:

– Ի՞նչ հետո,- հարցրի ես:

– Ժամի քանի՞սն էր,- հարցրեց ինքը:

– Տասներկուսից քսան էր պակաս,- ասացի ես:

– Քսա՞ն, թե՞ տասնութ,- հարցրեց մյուսը՝ ճաղատը, որի անունը նույնպես չեմ հիշում:

– Երեւի տասնութ կամ տասնյոթ,- ասացի ես:

– Կրնա՞ս ըսես՝ ըդիկ ինչ ժամ է,- հարցրեց բարձրահասակը:

– Սովորական ժամ ա. ոնց որ՝ բոլոր ժամերը,- ասացի ես:

– Ի՞նչ սովորական ժամ,- զարմացավ ճաղատը.- ըդիկ Լեննականի ժաժքի ժամն է:

– Հա,- մի քիչ մտածելուց հետո ասացի ես.- հիմա արդեն հասկացա: Խեղճը երեւի էդ ժամի վրա սեւեռվել ա:

– Ոչ թե ի՛նքն ա էդ ժամի վրեն սեւեռվել, այլ էդ ժամն ա իրա վրեն սեւեռվել,- ասաց բարձրահասակը:

– Ո՞նց,- հարցրի ես:

– Իրան օր հարցրի՝ խի՞ ես էդ ժամի վրեն կենտրոնացե, ինքն ասեց՝ երբ էլ աշեմ գը էդ ժամացույցին, նույն ժամը ցույց կուտա:

Հաջորդ առավոտ՝ տասնմեկից մի քիչ անց էլի կազինոյում էինք, ու աչքի պոչով ժամացույցին էի հետեւում ու սպասում էի Սոսի քրքիջին, ու ամենատարօրինակն էն էր, որ էդ ամբողջ ընթացքում Սոսը ժամացույցին մեջքով էր նստած՝ դեմքով դեպի ապարատը, որի վրա էդ ընթացքում մեր ծանոթներից մեկը «Poker» էր խաղում, բայց ես ո՛չ թե մեր էդ ծանոթի «Poker»-ին էի հետեւում, այլ՝ միայն Սոսին, ու էդ ողջ ընթացքում Սոսը ոչ մի անգամ չշրջվեց ու ժամացույցին չնայեց, իսկ ես էդ ամբողջ ժամանակ ձախ աչքիս պոչով Սոսին էի հետեւում, իսկ աջ աչքիս պոչով՝ կազինոյի պատի ժամացույցին, եւ երբ արդեն տասներկուսից քսան պակասից մի քիչ անց էր, Սոսը հանկարծակի շատ կտրուկ շրջվեց, նայեց ժամացույցին, հետո ինձ նայեց, ձեռքով ժամացույցը ցույց տվեց ու մռնչաց՝ «տե՛յա, Արմո՛»:

Մռնչոցի վրա կազինոյի ոստիկան հսկիչներից Հարութը վրա հասավ:

– Հո չոբան չե՞ս, արա՛,- գոռաց Հարութն ու ավելացրեց.- որ ամեն կրվող ըտենց գոռգոռա՝ ո՞ւր կհասնի:

– Ինքը շատ գեշ է կրված, Հարո՛ւթ ջան,- ասաց ճաղատը:

– Թող չխաղա՛,- նորից գոռաց Հարութը.- իրան ոչ մեկը չի խնդրել, որ խաղա:

– Արդեն մի ամիս կըլնի՝ ոչ մեկս չի խաղում,- ասացի ես:

– Որ չեք խաղում՝ սրանից հետո ըստեղ ոտ չդնե՛ք,- գոռաց Հարութը:

– Էղավ, Հարութ ջան,- ասաց բարձրահասակը:

Հարութը մի քիչ էլ գոռգոռաց, ու էդ ամբողջ ընթացքում Սոսը խելագար հայացքով ու դառը ժպտալով Հարութին էր նայում ու բառ անգամ չասաց:

Հետո մենք չորսով Ռադիկի կազինոյից դուրս եկանք, ավելի ճիշտ՝ մեզ տեղափոխեցինք Դնոյի կազինո, որովհետեւ ուրիշ գնալու տեղ չունեինք:

Ես էդ օրերին դեռ «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրն էի, բայց հիմնարկ համարյա չէի գնում, որովհետեւ հիմնարկում կրճատումներ էին սկսվել, եւ կրճատվողների հետ զրուցելու ու կրճատվողներին համոզելու պարտակնությունը հենց ի՛նձ վրա էր դրված, ավելի ճիշտ՝ ի՛նքս էի քաջաբար ու ինքնակամ հանձն առել կրճատման ենթակա աշխատողներին համոզելու էդ, ուրեմն, անշնորհակալ գործը, ու քանի որ էդպես էլ չկարողացա որեւէ մեկին համոզել, ինքս ի՛նձ համոզեցի եւ ինքս ի՛նձ կրճատեցի, ու արդեն մի քանի ամիս էր՝ առավոտները ո՛չ թե հիմնարկ էի գնում, այլ՝ կազինո, ու չնայած աշխատավարձս պահպանվում էր, բայց կատաղի ինֆլյացիան արդեն սկսված էր, ու հրատարակչության էդ աշխատավարձս արդեն կազինոյի փող չէր, ու մենք ամեն օր չնայած էլի իներցիայով կազինո էինք գալիս, բայց իննսունմեկի մարտի վերջերից սկսած՝ արդեն չէինք խաղում ո՛չ միայն էն պատճառով, որ փողն արդեն չափազանց քչություն էր անում, այլեւ է՛ն պատճառով, որ մենք, ճիշտ է, չափազանց ուշացումով, բայց արդեն վերջնականապես էինք համոզվել, որ էդ ապարատներից ոչ մի խեր չկա, ու մեր չխաղալու առաջին օրերին մեր չխաղալը համարյա չէր նկատվում, բայց երբ նկատվեց, էլի մեր խաթրին կպնող ու մեզ կազինոյից դուրս հրավիրող չկար, որովհետեւ մեզ ճանաչում էին ու գիտեին, որ ժամանակին ահագին խաղացել եւ ահագին տանուլ ենք տվել, բայց ապրիլի վերջերին, երբ մեր չխաղալն արդեն տեւական բնույթ ստացավ, կազինոյի աշխատողներն ու հերթապահ ոստիկաններն սկսեցին մեզ թարս-թարս նայել, ու էդպես՝ հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի մայիսի սկզբներից սկսած՝ մեր ոտքը նաեւ Դնոյի՛ կազինոյից կտրվեց, ու էդ մայիսի սկզբներից սկսած՝ Սոսին ու իր երկու ընկերներին այլեւս չտեսա:

Էդ նույն թվականի օգոստոսյան մի տոթ իրիկուն Սոսի երկու ընկերներին օպերայի հրապարակում տեսա, եւ երբ իրենց նկատեցի՝ Սուքիասի ճառն էին ուշադիր լսում, եւ երբ իրենց բարեւեցի ու Սոսի մասին հարցրի, ճաղատն ասաց, որ Սոսի քառասունքը երեք օր առաջ է լրացել, եւ երբ Սուքիասի ունկնդիրներից առանձնացանք, բարձրահասակն ասաց, որ Սոսն ինֆարկտից է մահացել, ու ճաղատը մանրամասնեց, որ ինֆարկտը Սոսին առավոտվա կողմ է խփել, եւ բարձրահասակն ավելի՛ մանրամասնեց, ասելով, որ իրենք Սոսի մահվան նախորդ օրը մինչեւ ուշ գիշեր Այգեստանի էդ վարձով տանը խմել են, եւ առավոտյան սովորականից ուշ զարթնելով՝ Սոսը տեղաշորից վեր է կացել, նայել է ժամացույցին ու տապալվել է հատակին:

– Հենց տեղում մահացել էր,- ասաց բարձրահասակը:

– Պարզ ա,- ասացի ես:

– Ի՞նչն է պարզ,- զարմացավ բարձրահասակը:

– Տասներկուսից քսան պակաս ա՞ էղել,- հարցրի ես:

– Ուղիղ տասնութ պակաս,- ասաց ճաղատը:- Ո՞նց օր գլխու ընգար:

– Արմոն էդ ժամի պատմությունը գիտի,- ասաց բարձրահասակը.- իրար հետ չէի՞նք, օր Հարութն իրան ու մեզ կազինոյից դուս հանեց:

– Հա. հիմի հիշեցի,- ասաց ճաղատը:

– Խե՜ղճ Սոս,- ասացի ես:

– Լեննական իրա հորնումոր ու էրեխեքի քովը թաղինք,- ասաց ճաղատը:

– Բայց ինքը Լենինական տուն չուներ. ծախել էր,- ասացի ես:

– Էրեւանի իրա էս վարձով տնից առավոտ շուտ դուս էկանք ու ուղիղ Լեննականի գերեզմըններ տարանք՝ իրա էրեխեքի ու հորնումոր քովը,- ասաց բարձրահասակը:

– Թաղմանը կայի՞ք,- հարցրի ես:

– Ի՞նչըխ կրնայինք չէրթայինք,- ասաց բարձրահասակը.- առաջի դասարանից հետն ախպեր ենք էղել:

– Թաղմանն ուրիշ ո՞վ կար,- հարցրի ես:

– Խեղճն ո՞վ ուներ՝ օր ով էղներ,- ասաց ճաղատը.- աներն էր, կնիկն էր ու մի քանի հադըմ բարեկամ:

– Արմո ջան, օր ճիշտը գուզես իմանաս՝ իրա մեռնելու մեջ մեր մեղքն էլ կար,- ասաց բարձրահասակն ու ավելացրեց.- էդ ամենավերջի գիշերը խմիչքի իմաստով երեւի չափն անցանք:

– Խմելը ոչ մի կապ չուներ,- ասաց ճաղատը.- ավելի շուտ՝ էդ ժամը կապ ուներ:

– Պանիխիդայի վախտ կնիկն ու աներն իրանց էդ ժամացույցի սլաքներն ուղիղ տասներկուսին տասնութ պակասի վրեն էին կայնացրել,- ասաց բարձրահասակը:

– Պանիխիդայի վախտ չէին կայնացրել. հենց Սոսի մեռնելու մոմենտին էին կայնացրե,- ասաց ճաղատը:

– Հա,- ասաց բարձրահասակը:- Պանիխիդային օր ներս մտանք ու իրանց էդ ժամացույցի սլաքներին օր աշեցինք՝ քիչ մնաց խելըռեինք:

– Կնիկն ու աները գիտեի՞ն՝ էդ տասներկուսից տասնութ պակասն ինչ ա նշանակում:

– Ի՞նչըղ չէին իմանա. իրանց գերդաստանի կեսից շատն էդ ժաժքի տակ ա մնացել,- ասաց բարձրահասակը:

– Բայց գիտեի՞ն, որ Սոսն էդ ժամի վրա սեւեռված ա,- հարցրի ես:

– Ի՞նչըղ չգիտեին,- ասաց ճաղատը.- վերջի ամիսը Սոսը տնից համարյա դուս չի էկել ու էդ ժամի ու ժամացույցի պատմությունն իրանց տնեցիքի գլխներուն է սարքել. կնիկն ասեց՝ ամեն օր տասներկուսից ուղիղ տասնութ պակաս գժի պես հռհռար գը:

– Ամեն դեպքում, իրա էդ մեռնելու գիշերը շատ խմանք,- ասաց բարձրահասակը.- չափներս վայ թե անցանք:

– Խմելը ոչ մի կապ չուներ,- ասաց ճաղատը:

– Օր տոչնի էդ ժամին էր ինֆարկտն իրան զարգե, էդոր համար էլ կնիկն ու աները նախորդ օրվա մեր խմելը շատ հաշվի չառան,- ասաց բարձրահասակը:

– Սոսն ի՛նքը զոռեր գը,- ասաց ճաղատը,- ի՛նքը զոռովեն էն երկրորդ շիշը կնգան բերել տվեց:

Ես Սոսի ընկերներին հրաժեշտ տվի, բայց Սոսն ու Սոսի էդ սեւեռուն ժամն առ էսօր էլ իմ մտքիցս դուրս չեն գալիս, եւ շատ հաճախ առավոտներն ու գիշերները հենց էդ ժամի հետ եմ հանկարծակի առերեսվում, ու քիչ առաջ էլ, երբ Սոսի հետ կապված էս պատմությունը հիշում ու գրի էի առնում, հանկարծ մեր ճաշասենյակի հեռուստացույցից ինձ հասան Պետրոսի եւ Պետրոսյան Մարինեի հեռուստաձայները. Պետրոսի հաղորդման առավոտվա կրկնությունն էր, եւ երբ ճաշասենյակ մտա ու ակամայից նայեցի մեր ժամացույցին, տեսա, որ տասներկուսից քսան է պակաս, ավելի ճիշտ՝ տասնութ:

Ինչեւէ. մեր էս մինուճար ու անբացատրելի կյանքում մեր գիտակցությանն ու մեր խելքին անհասանելի շատ ու շատ բաներ են եղել ու լինում, եւ երբ յոթանասունվեցի օգոստոսի յոթին Նորոյի «Երեքնուկի» տակ Լիզայի հետ տանգո էի պարում, էլի տասներկուսին քսան էր պակաս, ավելի ճիշտ՝ տասնութ, եւ չնայած երկրաշարժ չէր եղել, ու չէինք էլ ենթադրում թե՝ երբեւէ լինելու է, բայց երկուսս էլ անհանգիստ էինք, որովհետեւ Լիզան տանն իրեն անհամբեր սպասող քույր ուներ, իսկ ես՝ մայր, ու էդ գիշերամուտի մեր հոգսն էդ ու էդքանն էր, ու էդ գիշերամուտին էդքանն արդեն մեզ համար լիարժեք հոգս էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել