Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերցրել են, տեղը դրել են

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Այսպես է մեկնաբանում ԵԿԳ-ի արտադրության տնօրենը՝ գործարանի պահեստներից սպիրտի օգտագործումը:

Գլխավոր դատախազությունը դեռ չի ավարտել ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող Երեւանի կոնյակի գործարանի հետ կապված գործի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը մեղադրանքներ էր հնչեցրել գործարանի տնօրինության հասցեին՝ ասելով, որ վերջիններս գործարանում առկա սպիրտի հափշտակումներով են զբաղված: Դրանց հիման վրա էլ դատախազությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ միասին գործարանում ստուգումներ էին սկսել իրականացնել, բայց դրանց արդյունքներն առայժմ հայտնի չեն: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գործարանի մամուլի պատասխանատու Զառա Նազարյանը, տնօրինությունը դեռ չի որոշել՝ Արամ Սարգսյանին պատրաստվո՞ւմ է դատի տալ կեղծ մեղադրանքների համար, թե՞ ոչ: Գործարանի գլխավոր տնօրեն Էրվե Կարոֆն առայժմ միայն հայտարարել է, որ իրենց իրավունք են վերապահելու Արամ Սարգսյանի դեմ գործողություններ ձեռնարկել, թե կոնկրետ ինչպիսին կլինեն այդ գործողությունները՝ պարզ չէ. «ԵԿԳ-ն բավականին լուրջ կազմակերպություն է եւ հենց այնպես խոսքերը քամուն չի տալիս»,- Արամ Սարգսյանին ուղղված պարոն Կարոֆի զգուշացումն այսպես մեկնաբանեց Զ. Նազարյանը: Ըստ ԵԿԳ-ի արտադրության տնօրեն Ֆիլիպ Տիբոյի՝ «պահեստը նրա համար չէ, որ ինչ դրել ես այնտեղ՝ հավերժ պահես, որքան քանակությամբ մենք այնտեղից սպիրտ, նյութ ենք հանում, այնքան էլ դնում ենք, պահեստը նրա համար է, որ հանես ու տեղը դնես»:

Վերջերս ռուսաստանյան բազմաթիվ կայքերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ռուսաստանում արգելվել է ԵԿԳ-ի կոնյակի վաճառքը եւ մեր գործարանի արտադրանքը Ռուսաստանում վաճառելու բացառիկ իրավունք ունեցող «Պեռնո Ռիկար Ռուս» ընկերության արտոնագիրը չեղյալ է համարվել՝ «սանիտարական օրենսդրության խախտման պատճառով»: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել էր նաեւ Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի տարածքային վարչությունը: Չնայած նույն կայքերը հետո հերքեցին այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ իրենք սխալմամբ են նման լուր տեղադրել, բայց իրականում դա այնքան էլ պատահական սխալմունք չէր: Քանի որ «Պեռնո Ռիկարը» նաեւ «GWS» վրացական գինիների գործարանի սեփականատերն է, որը Ռուսաստանի շուկային վրացական գինիներ է մատակարարում, չի բացառվում, որ կայքում հայտնված «թյուրիմացությունը» իրականում քաղաքական լուրջ շարժառիթներ ունենա՝ կապված Ռուսաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունների հետ, մանավանդ որ՝ վերջիններիս թե՛ կոնյակի, թե՛ գինիների վաճառքն իսկապես Ռուսաստանում արգելվել էր: Բայց այս առնչությամբ ԵԿԳ-ի տնօրինությունը խուսափեց որեւէ պարզաբանում տալ՝ պատճառաբանելով, թե «եկեք գնահատականներ չտանք»: Ինչ վերաբերում է արգելքին՝ ֆրանսիացիները հավաստիացրին, որ «երբեւէ մեր գործարանի արտադրանքի վրա արգելք չի դրվել»: «Առավոտի» հարցին, թե միջազգային շուկայում ԵԿԳ-ի արտադրանքի իրացման հետ կապված ընդհանրապես ի՞նչ խնդիրներ են առաջանում, Ֆիլիպ Տիբոն պատասխանեց. «Միակ պրոբլեմն այն է, որ մեր արտադրանքն արտահանվում է ոչ թե հայկական կոնյակ, այլ Armenian brandy անունով, ուրիշ պրոբլեմ չկա»:

Ի դեպ, պարոն Տիբոյի ներկայացմամբ՝ գործարանում այս տարի լուրջ ներդրումներ են արել, որի արդյունքում, նախորդ տարվա համեմատ, այս տարի 5000 տոննայով ավելի խաղող են մթերելու: Իսկ թե ներդրումների հետեւանքով արտադրանքի գինը կբարձրանա՞, Ֆ. Տիբոն որեւէ հստակ պատասխան չտվեց: Միջազգային շուկայում ԵԿԳ-ի արտադրանքը հաճախ են կեղծում, ինչը հաստատեց նաեւ պարոն Տիբոն, բայց խմիչքներ կեղծելու գործում ավելի մասնագիտացած են հայերը, ուստի մաքսակետերում Հայաստանից արտահանվող խմիչքների, դրանց պիտակների նկատմամբ ծայրաստիճան ուշադրություն են դարձնում: Օրերս Բելգիայի մաքսատունը արգելել էր 600 շիշ «Շամպայնի» բեռնափոխադրումը եւ տեղում ոչնչացրել ողջ բեռը՝ այն պատճառաբանությամբ, որ խմիչքը ներկայացվում է որպես շամպայն, բայց այն ծագումով հայկական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել