Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏ ՄՈԴԵԼ ԼՈՒՔԸ»՝ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ

Սեպտեմբեր 09,2006 00:00

\"\"Հոկտեմբերի 7-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ «Էլիտ մոդել լուք-2006» մրցույթը

Ընդ որում, դրանից առաջ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարվեց, որ այն առաջին անգամ է այստեղ անցկացվում: «Առավոտի» հարցին՝ տարիներ առաջ Հայաստանում կազմակերպված նույնանուն մրցույթը կապ ունե՞ր ձեզ հետ, «Էլիտ մոդել լուք» մրցույթի գլխավոր գրասենյակի ղեկավար Ստեֆան Պասկիմորոն պատասխանել էր. «Տեղեկացված չեմ Հայաստանում նախկինում անցկացված մրցույթի մասին, բնականաբար՝ այն մեզ հետ կապ չունի»: Մինչդեռ, 2003 թ. հոկտեմբերին էլ է «Էլիտ մոդել լուք» անունը կրող մրցույթ կազմակերպվել, որի հայաստանյան կողմի ներկայացուցիչը «Արտ մոդել» գործակալության տնօրեն Վիկտորյա Պողոսյանն էր:

Ի դեպ, այդ տարի եւս Ս. Պասկիմորոն ժամանել էր Հայաստան՝ «էլիտ մոդել» գործակալության սուպերմոդել ֆրանսուհի Մարի Սալամբիեի ուղեկցությամբ (տես՝ «Առավոտ», 4.10.2003, «Մեր ու դրսի մոդելները»): «Էլիտ մոդել լուք-2003»-ի ժյուրիի նախագահ Ստեֆան Պասկիմորոյին նաեւ հիշեցնենք, որ ինքն այդ տարի էլ էր հիացած հայուհիներով, հատկապես մրցույթի հաղթող Կարին Գայամյանով: Ավելացնենք, որ պրն Պասկիմորոյի հետ 2003-ին ժյուրիի անդամ էին նաեւ Վրաստանի AMCA մոդելային գործակալության տնօրեն Սոֆիա Չկոնիան, Հայ մոդելավորողների բիզնես-միության ներկայացուցիչ Զառա Մխեյանը եւ ուրիշներ: Ընդ որում, «Էլիտ մոդել Հայաստան» գրասենյակի նախագահ, «Վիցցե միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանն էլ էր այդ տարի հրավիրված մրցույթին:

Այս տարի պրն Պասկիմորոյին ժյուրիի կազմում ընկերակցում էին ոլորտի ոչ պրոֆեսիոնալներ՝ Քրիստինե Պեպելյանն ու Հայկոն: Շոուն վարում էր Ֆելիքս Խաչատրյանը՝ իր «տնավարի» կատակներով: Մխիթարական էին բեմի ձեւավորումը, լուսային էֆեկտները, «Արայի դանս-շոուի» մասնակցությունը: Չգիտես ինչու՝ «սցենարում» տեղ էին գտել «չիկագոյական» մթնոլորտն ու «մաֆիայի համար բարենպաստ գիշերները»: Թե ինչ կապ ունեին դրանք Հայաստանի ու հայ մոդելների հետ՝ բոլորովին չհասկացվեց: Ինչ վերաբերում է մոդելներին, ապա, առաջին իսկ վայրկյանից, թե հանդիսատեսի, թե հեռուստադիտողի համար աչքի էին զարնում 24 համարի մասնակցի՝ Արփինե Աթոյանի ինքնավստահ ու հաղթական ժպիտը, մյուսներից տարբերվող սանրվածքն ու հանդերձանքը: Չխորանալով հեռուստատեսային «խոհանոցի» մեջ, նկատենք, որ օպերատորներն էլ, չգիտես ինչու, անընդհատ ուշադրության կենտրոնում էին պահում հենց նրան: Կարծես ի սկզբանե բոլորին նախապատրաստում էին, որ, ի վերջո, Արփինեն է լինելու մրցույթի հաղթողն ու «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսակիրը: Եվ այս տարի նա է ներկայացնելու Հայաստանը Թաիլանդում:

Ի դեպ, մենք նման մրցույթներում ոչ միայն հաղթելու, այլեւ խայտառակվելու փորձ ունենք: Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող Անուշ Գրիգորյանը, օրինակ, անցյալ տարի Գեղեցկության միջազգային կազմակերպության կողմից պաշտոնապես որակազրկվել էր, հեռացվել «Միսս միջմայրցամաքային» մրցույթից: Այդ առիթով Պանամայում տեղի ունեցած ասուլիսում խոսվել էր նաեւ այն մասին, որ հիշյալ մրցույթում լավագույն հնգյակում հայտնված եւ ապա 4-րդ տեղը զբաղեցրած Անուշ Գրիգորյանը հաղթել էր, քանի որ կաշառված էին դատավորներից երեքը: Այդ օրվանից սկսած, «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն այլեւս «անցել է ընդհատակ» եւ պարզ չէ մրցույթի ճակատագիրը: Որպես հակակշիռ այսօր կա «Էլիտ մոդել լուք Հայաստանը»՝ «Վիցե միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանի նախագահությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել