Գուցե
այն պատճառով, որ համակարգող խորհրդի նախագահը Արթուր Բաղդասարյա՞նն է: Օրերս
հրավիրված ասուլիսում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, թե կասեցվել է
խորհրդարանի բյուջեից միջոցների հատկացումը ՌՈՍԱՌ՝ Հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության
կենտրոնին: Իսկ վերջինիս իրականացրած ծրագրերի թվում են «Նորմա» ֆիլմ-օպերայի պրեմիերան,
մասնակցությունը «Արարատ Ինֆո-Մոստ» թերթի հրատարակմանը, ռուսերեն եւ հայերեն էլեկտրոնային
ինքնուսույցների հրատարակումը եւ այլն: ՌՈՍԱՌ-ի գլխավոր տնօրեն, նյարդաբան Հենրիկ
Բակունցի ասուլիսը եւս չուշացավ: «Ես անձնական զրույց եմ ունեցել Տիգրան Թորոսյանի
հետ, այն բավականին ջերմ հանդիպում էր: Նա շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ
կարճ ժամանակահատվածում մեծ գործ ենք կատարել: Ես էլ հույս ունեի, որ այդ խոսակցությունից
հետո դրական քայլեր կարվեն մեր կենտրոնի համար»,- երեկ «Ազդակ» ակումբում ասաց Հենրիկ
Բակունցը: Նա խոստովանեց, որ ամենեւին չէր սպասում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի վերջերս
արված հայտարարությանը. «Ինչ-որ մի կենտրոն կա, որը ղեկավարում է ոմն Բակունց»: «Ես
ոմն չեմ, ես երեք տարի ՀՀ ԱԺ նախագահ (արդեն նախկին) Արթուր Բաղդասարյանի խորհրդականն
եմ եղել, ակտիվ գործունեություն ծավալել, ՌՈՍԱՌ-ի հիմնադիրներից եմ»,- ավելացրեց
պրն Բակունցը: Սակայն մի փաստ անժխտելի է՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կասեցրել
է խորհրդարանի բյուջեից միջոցների հատկացումը ՌՈՍԱՌ-ին, որի համար, ինչպես անցած
տարի, այս տարի եւս նախատեսված էր 20 մլն դրամ: Այս կապակցությամբ Հ. Բակունցը ասուլիսի
ժամանակ մեջբերեց խորհրդարանի կողմից հասարակական կազմակերպություններին տրվող աջակցության
վերաբերյալ տեղեկանք: Նաեւ ասաց, որ բազմաթիվ երկրների խորհրդարաններ իրականացնում
են հասարակական կազմակերպությունների ֆինանսավորում: Սակայն Հ. Բակունցը, իրենց կենտրոնից
բացի, եւս մի կազմակերպություն չհիշեց, որը ֆինանսավորվում է ՀՀ ԱԺ-ի կողմից: «Կարծում
ենք, որ հենց ԱԺ-ն մեծ աջակցություն պիտի ունենա նշված գործընթացին: Չնայած դա մենք
չենք որոշողը, այլ հենց ԱԺ-ն, իսկ ֆինանսավորումը տնօրինում է Տիգրան Թորոսյանը»,-
ասաց Հ. Բակունցը: Չնայած ասուլիսի ժամանակ Հենրիկ Բակունցը անընդհատ հոլովում
էր Արթուր Բաղդասարյանի անունը, սակայն այդպես էլ ուղղակիորեն չնշեց, թե ինչ կապ
ունի ԱԺ նախկին նախագահը ՌՈՍԱՌ-ի հետ: «Առավոտի» հարցին, թե, ի վերջո, ո՞վ է կազմակերպության
նախագահը, եթե գլխավոր տնօրենը դուք եք, Հենրիկ Բակունցը պատասխանեց. «Համակարգող
խորհրդի նախագահը Արթուր Բաղդասարյանն է, իսկ Ռուսաստանի կողմից համանախագահը, բնականաբար,
հասարակական հիմունքներով Սերգեյ Միրոնովն է»: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ