Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԵՆ ՏԱՆԵԼՈՒ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵԻՆ

Օգոստոս 29,2006 00:00

Արձանագործներն այլեւս մոդայիկ չեն

ՆՓԱԿ-ի համահիմնադիր Սոնիա Պալասանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 2007-ի հունիսին կայանալիք Վենետիկի բիենալեին պատրաստվում է հայկական տաղավարին կից իր աշխատանքների ցուցադրությունը կազմակերպել: Նա համոզված է, որ վերջին 10-15 տարիներին պլաստիկ արվեստը՝ նկարչությունը, վիդեոարտը եւ այլն, Հայաստանում ավելի արագ են զարգացել, քան Վրաստանում, Իրանում, Թուրքիայում: Ըստ նրա, այդ ամենը փաստում են նաեւ օտարները:

Իսկ իբրեւ արվեստագետ, Ս. Պալասանյանն ինքնարտահայտման տարբեր ձեւեր ունի՝ բանաստեղծություններ է գրում, նկարում, բեմադրություն, պերֆորմենս է անում… Ասում է, որ սիրում է հաճախ իրար «խառնել» բոլոր ժանրերը: Նոր աշխատանքում օպերային տարրեր էլ են լինելու ու առայժմ ամեն ինչ ընթացքի մեջ է: «Ես ինձ համարում եմ քաղաքական արվեստագետ, ուստի համաշխարհային սոցիալական ու քաղաքական խնդիրները միշտ իմ աշխատանքներում արտահայտվել են: Միշտ մտածում եմ պատերազմ գնացող զինվորի մասին, այն մոր մասին, որը անհամբեր որդուն է սպասում: Ես չեմ մեկնաբանում պատերազմը՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ, այլ ցույց եմ տալիս այն, ինչպես կա իրականում… Խոսքը ե՛ւ ղարաբաղյան պատերազմի, ե՛ւ իրաքյան ու լիբանանյան իրադարձությունների, ե՛ւ այն ամենի մասին է, ինչ կատարվում է այսօր աշխարհում»,- ասում է տիկին Սոնիան:

Հայաստանը արդեն 7-րդ անգամ է մասնակցելու վենետիկյան բիենալեին: «Մեզ Վենետիկում ճանաչում են, եթե չեն կարողանում այցելել հայկական տաղավար, ամաչում են: Ճիշտ է՝ մրցանակ չենք ստանում, բայց խոսում են մեր մասին, մինչդեռ հարեւան երկրների մասին բառ անգամ չեն ասում»,- փաստում է ՆՓԱԿ-ի համահիմնադիրը: Մեր դիտարկմանը, որ ՆՓԱԿ-ը բիենալեում երբեք չի ներկայացնում ոչ ՆՓԱԿ-ցու, տիկ. Պալասանյանը պատասխանեց. «Մենք տանում ենք այն արվեստագետին, ում աշխատանքներին ծանոթ ենք, ում գործերը համապատասխանում են համաշխարհային չափանիշներին: Ես չեմ կարող 60-70-ականների ոգով ստեղծագործող արձանագործի ներկայացնել Վենետիկում: Չեմ ասում, թե նման աշխատանքները վատն են, պարզապես համաշխարհային ասպարեզում դրանք այլեւս ընդունված չեն»: Մեր հաջորդ հարցին՝ ո՞վ է ՆՓԱԿ-ի լսարանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմնականում երիտասարդությունը: Բայց նաեւ ավագ սերնդի մարդիկ: Օրինակ, անցած ցուցահանդեսը՝ «Արվեստ առանց սահմանների», շատերին զարմացրեց: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ուղղակի հիացած էր: Ես, որ տարեկան 100-200 ցուցահանդես եմ տեսնում արտերկրում, համարում եմ, որ ՆՓԱԿ-ի այս ցուցահանդեսը լավագույններից է աշխարհում»: Մեր հաջորդ դիտարկմանը՝ բիենալեում տարբեր ազգի արվեստագետներ ներկայացնում են իրենց աշխատանքը, ինչպե՞ս է երեւում, որ ՆՓԱԿ-ին-ը հայկական է, տիկ. Պալասանյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում, բացի Մասիս սարից ու եկեղեցիներից, այլ բան չեն նկարում: Կամ գյուղականը հրամցվում է իբրեւ հայկական: Դրան զուգահեռ, լկտի ձեւով ամեն ինչ «ներմուծվում» է Հայաստան: Օրինակ, դիսկոտեկներն ու գիշերային ակումբները, որ շատ ընդունված են, հայկակա՞ն են: Այն զգեստները, որ այսօր մեր աղջիկներն են հագնում, հայկակա՞ն են…Եթե ես հայ կնոջ եմ ցույց տալիս, որը էկրանից պատմում է իր կորցրած որդու մասին, ում գիշերները տեսնում է երազում, այդ ցավը հայկակա՞ն է, անգլիակա՞ն, թե՞ պարսկական»: Իրեն քաղաքական արվեստագետ համարող Պալասանյանը ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, որ արվեստագետները կուսակցականացվում են: «Եթե դու ուզում ես անկեղծ լինել արվեստում, կուսակցական պատկանելությունդ նշանակություն չունի: Ես ԱՄՆ-ում եմ ապրում, ուր հիմա ամեն ինչ լարված է, տեռորիստներ, անհանգստություն եւ այլն: Ես չեմ կարող նստել ու գեղեցիկ նկարչություն անել, եթե ինչ-որ բան կյանքում այն չէ: Ու այս պահին կարեւոր չէ, ես դաշնակցականի՞ դուստր եմ, թե՝ ոչ դաշնակցականի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել