«Գալակտիկա» ՓԲԸ-ի, բնակարանի եւ «պարտքի» շուրջ Կոտայքի մարզի Գառնիի բանավանի 2-րդ շենքի 2-րդ բնակարանի շուրջ իրենց վեճն են շարունակում 2001թ. հուլիսին բնակարանից վտարված Կառլոս Գրիգորյանը եւ բնակարանը տարիներ ի վեր տնօրինող Գեղեցիկ Առաքելյանը: «Առավոտում» (25.07.2006թ.) տեղեկացրել էինք, որ Գ. Առաքելյանը «Գալակտիկա» ՓԲԸ նախկին նախագահ Գրիգոր Գուրզադյանի 2001թ. մայիսի 30-ի թիվ 41 հրամանով դարձել էր վիճարկվող բնակարանի (42 քմ մակերեսով) սեփականատերը: Մինչեւ օրս Գ. Առաքելյանի անձնագրում իբրեւ բնակության վայր նշված է վերոնշյալ 2-րդ շենքի 2-րդ բնակարանը: Այնտեղից նրա որդին մեկնել է ազգային բանակ, մյուսն էլ պատրաստվում է զորակոչվել: Մեր տեղեկություններով, Առաքելյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել մարզպետարանի իրավաբանին՝ բնակարանի հետ կապված փաստաթղթային կեղծիքների համար: Կառլոս Գրիգորյանի փաստաբանի՝ Ռուբեն Բալաբանյանի գրավոր հարցադրմանն էլ «Գալակտիկա» ՓԲԸ ներկայիս տնօրեն Գ. Դոլիեւը գրավոր հայտնել էր, որ բուժկետի բուժքույր Գեղեցիկ Առաքելյանը «Գալակտիկայում» աշխատանքի է ընդունվել 2001թ. մարտի 1-ին եւ աշխատել մինչեւ 2003թ. դեկտեմբերի 28-ը: Երեւանաբնակ Կ. Գրիգորյանի եւ նրա փաստաբանի պնդմամբ, «Գալակտիկայում» թիվ 41 հրաման գոյություն չի ունեցել: Հրամանն արձակողը նախկին տնօրեն, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն «Առավոտին» ասաց, որ ինքն ունեցել է իրավասություն՝ հրամաններ տալու եւ 2001-ին տվել է Գ. Առաքելյանի օրդերը. «2006-ին ստիպված տրամադրել եմ կրկնօրինակը, քանի որ ինձ հայտնի է դարձել, որ օրդերը կորել է»: Գրիգոր Գուրզադյանին ապշեցրել է նաեւ այն, որ Կ. Գրիգորյանը արդարադատության մարմիններին փաստաթուղթ է ներկայացրել, թե Երեւանում բնակարան չունի: «Նա հիմնարկից ստացել է 2 մեքենա եւ 3 սենյականոց բնակարան»: Գուրզադյանը իրավապահների հետ մի այլ խնդիր էլ ունի. Տիեզերական աստղագիտության ինստիտուտը իբր պարտք է եղել «Գալակտիկա» ՓԲԸ-ին 12,5 մլն դրամ: Կեղծվել է Գուրզադյանի ստորագրությունը: Երեկ տեղեկացանք, որ այդ կապակցությամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, կնիքներ կեղծել, օգտագործելը): «Այսօրվա բարձրագույն իշխանություններն են այս ամենաթողության մեղավորները: Եվ որովհետեւ ինձ հայտնի են այսօրվա իշխանության գոյության միջոցներն ու կերպը, կորցնում եմ ամեն տեսակի հույս եւ սպասելիք նրանցից»,- ասում է աշխարհահռչակ գիտնականը: Մարզի դատախազության քննիչ Գեղամ Աթանեսյանը հարցաքննել է երկու տասնյակից ավելի անձանց, նշանակել է դատահաշվապահական եւ ապրանքագիտական փորձաքննություն: «Առավոտի» տեղեկություններով, «պարտքի» դիմաց օտարվել է նաեւ գույք: