Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդասարովը կտուգանվի՞

Օգոստոս 29,2006 00:00

«Միկա»
բենզալցակայանները տեխնիկական անվտանգության փորձաքննություն դեռ չեն անցել: Մինչեւ
սեպտեմբերի 1-ը Հայաստանում գործող արտադրական բոլոր վտանգավոր օբյեկտները՝ հանքերը,
վերելակները, գազալցակայանները, բենզալցակայանները եւ այլն, պետք է հասցնեն գրանցվել
առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում գործող Տեխնիկական անվտանգության
ազգային կենտրոնում: Գրանցվելուց հետո կենտրոնը պետք է փորձագետներ ուղարկի եւ օբյեկտը
փորձաքննության ենթարկի, պարզելու՝ այն հետագայում շահագործման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Երեկ հրավիրած ասուլիսում կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ արդեն
6000-ից ավելի կազմակերպություններ գրանցվել են, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ
են ծագել բենզալցակայանների գրանցման հարցում: Առանց փորձաքննության էլ նկատելի է,
որ այսօր մի շարք բենզալցակայաններ ոչ մի տեխնիկական նորմերի չեն համապատասխանում՝
գտնվում են բնակելի շենքերի մոտ, ցիստեռնը համապատասխան խորության մեջ չէ եւ այլն,
բայց հաշվի առնելով, որ մեր երկրում բենզինի բիզնեսը մի քանի խոշոր օլիգարխների ձեռքում
է՝ շարքային փորձագետը, բնականաբար, չի կարող վերջիններիս ոտքը տրորել ու նրանց գործունեությունը
դադարեցնել: Օրինակ՝ Միխայիլ Բաղդասարովն իր բենզալցակայանները չի գրանցել եւ տեխնիկական
անվտանգության համար պայմանագիր չի կնքել: Պարոն Պետրոսյանը հավաստիացրեց, որ «ճիշտ
է, ինձ սազական չէ, բայց գնալու եմ ու ասեմ՝ պարո՛ն Բաղդասարով, ուղարկեք ձեր մենեջերներին,
թող գան գրանցվեն, չէ՞, 3 օր բան մնաց՝ կտուգանվեն»: Առաջին տույժը, ըստ օրենքի,
1 մլն դրամ է, եթե չվճարի կամ շարունակի չգրանցվել, լիազոր մարմինը՝ նախարար Կարեն
Ճշմարիտյանը, պետք է 2 մլն դրամի տույժ տա, կասեցնի բիզնեսը եւ գործերը հանձնի դատախազություն:
Բայց խնդիրը հենց այն է, թե պարոն Ճշմարիտյանը հանուն օրենքի Մ. Բաղդասարովի հետ
«կթարսվի՞»: Կենտրոնի փորձագետի աշխատավարձը 90 հազար դրամ է եւ չի բացառվում, որ
գործը նախարարին չհասնի, նա ինքը գործարարից կաշառք վերցնի ու փորձաքննությունն անցած
համարի: Մեր այս դիտարկմանը Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Ուրիշի տեղը ես ո՞նց պատասխան
տամ, այո, 90 հազարը քիչ է, բայց ես երբ կենտրոն եկա, նրանք ստանում էին 17.500 դրամ,
գիտեք, կեղտոտ մարդուն ինչքան էլ տաս՝ նա ագահ է, փողի քանակը կապ չունի, դա նամուսից,
թասիբից ու մարդու արժանապատվությունից է կախված»: Ի դեպ, վերելակների հարցում
էլ ոչ բոլոր համայնքապետերն են ցանկություն հայտնել գրանցելու, օրինակ՝ Աջափնյակի
300 վերելակից 70-ն է գրանցվել: Մինչդեռ պարոն Պետրոսյանը կոչ է անում՝ «թող բնակիչները
նրանցից պահանջեն, գնան թաղապետի մազերը պոկեն, փող են տալիս, ու վերելակը պետք է
նորմալ լինի, ոչ թե դառնա զուգարան, բա ինչի՞ համար են թաղապետ դառել, երբ մի-երկու
անգամ պատժվեն՝ արդեն կզգան, որ սա միայն փող հավաքելու պաշտոն չի»: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել