Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱ՞Վ Է ԱՆՑՆՈՒՄ

Օգոստոս 29,2006 00:00

Ըստ Նորքի ծերանոցի բնակիչներից մեկի, այստեղ ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ խտրական վերաբերմունք կա:

«Նորքի ծերանոցում կուշտ ու երջանիկ ապրում են միայն ղարաբաղցիները, իսկ հայաստանցիները սոված-ծարավ հալածվում են»,- երեխային հատուկ նեղացկոտությամբ պատմեց մեծ դժվարությամբ «Առավոտի» խմբագրություն եկած Նորքի ծերանոցի բնակիչ Կորյուն Վահունին: Ըստ նրա, ծերանոցում իրենց նկատմամբ՝ սանիտարից մինչեւ գլխավոր բժիշկը, ոչ մի մարդկային վերաբերմունք չեն ցուցաբերում, անգամ խոհանոցում ծերերին հասանելիք սնունդը ափսոսում են տալ կամ էլ ճաշը լցնելիս խտրականություն են դնում. «Ասենք՝ մատաղ են բերում, որ պիտի բաժանեն 3 անգամ, մի անգամ են տալիս, այն էլ՝ լավ կտորները, փափուկ մսերը ղարաբաղցիների, բաքվեցիների ափսեում են դնում, ոսկորներն ու դմակները՝ մեր»: Ըստ Կ. Վահունու, ծերանոցի աշխատակազմը՝ գլխավոր բժիշկը, բուժքույրերը, հոգեբույժը, ղարաբաղցիներ ու բաքվեցիներ են, ուստի իրենց «զեմլյակներին» լավ են նայում: Ծերանոցի բնակչի պատմելով՝ մեծահասակներից ոմանց նույնիսկ արժան չեն գտնում՝ բարերարների նվերները հանձնել. «Ենթադրենք՝ նվերը բաժանելու ժամանակ սենյակում չեմ լինում, ծերանոցից դուրս եկած եմ լինում, երբ վերադառնում եմ, հարցնում եմ՝ բա իմ նվերն ո՞ւր է՝ բաժանողը ասում է՝ վա՜յ, քոնը մոռացել ենք, ե՞րբ կլինի՝ հարցնում եմ՝ մեկ ամսից»:

Վերջերս Առաջին տիկին Բելլա Քոչարյանը Նորքի ծերանոցին, որպես բարեգործություն, անկողնու սպիտակեղեն է նվիրել: Կորյուն Վահունու ներկայացմամբ՝ «ուշադրությունից մեզ շատ լավ զգացինք, սակայն ուրախությունս ընդամենը երեք օր տեւեց, եկա-տեսա՝ նորից հին անկողինն են տվել, հավաքարարը պատճառաբանեց, թե կեղտոտ է, փոխել են, որ լվանան, կբերեն, բայց մինչեւ հիմա բերում են»:

Ծերանոցում բնակիչների համար հեռախոս կա, որտեղից նրանք կարողանում են զանգել իրենց հարազատներին, ծանոթներին, սակայն Կ. Վահունու պատմելով՝ իրեն չեն թողնում հեռախոսին մոտ գալ, եթե թողնում էլ են, ապա ժամանակային սահմանափակումով՝ միայն մեկ-երկու րոպե, մինչդեռ այն ծերերը, որոնք տնօրինության հետ լավ հարաբերություններ ունեն, ժամերով խոսում են. «Հետաքրքրվում են՝ հարեւանի կովը ոնց է, դաբաղ ընկե՞լ են, թե՝ չէ, կամ ոչխարը սատկե՞լ է, երբ իմ հարազատներն էլ զանգում են՝ զլանում են կանչել»:

Երեկ Նորքի ծերանոցի տնօրենից պարզաբանումներ ստանալու համար եղանք տեղում, նաեւ զրուցեցինք մյուս բնակիչների հետ: «Մեզ մոտ սնունդն էլ, աշխատակիցների վերաբերմունքն էլ ծերերի նկատմամբ շատ լավ է, եթե ես որեւէ աշխատողի կողմից վատ վերաբերմունք եմ տեսել՝ նույն օրը աշխատանքից հեռացրել եմ»,- իրավիճակն այսպես վարդագույն ներկայացրեց ծերանոցի տնօրեն Անդրանիկ Դանիելյանը: Նա մեզ հետ զրույցի ընթացքում անընդհատ ընդգծում էր, որ ինքը շատ կիրթ, բարյացակամ մարդ է եւ ծերերի հետ վարվում է՝ ինչպես սեփական ծնողների հետ: Մինչդեռ, երբ Կ. Վահունու բողոքից որոշ մանրամասներ ներկայացրինք՝ թե՛ տնօրենը, թե՛ տնօրենի առանձնասենյակում ներկա գտնվող գլխավոր բժիշկ Լեւոն Հայկազիչը միանգամից ափերից դուրս եկան եւ սկսեցին մեղադրել, թե լրագրողը հատուկ քաղաքականացված նպատակով եկել է, որ իրենց փնովի: Նրանց այդ ագրեսիվ պահվածքից արդեն կարելի էր ենթադրել, թե ինչպես են վարվում ծերանոցի բնակիչների հետ, եթե վերջիններս ինչ-որ բանից դժգոհություններ են ունենում:

Ծերանոցի տնօրենի ներկայացմամբ՝ աշխատակազմում ղարաբաղցիներ կան, բայց քիչ են. «ուրիշ բան է, եթե ասեք բաքվեցի, շահումյանցի, աստրախանցի»: Պարոն Դանիելյանի խոսքերով՝ «Վահունին լավ մարդ է, բայց հոգեկան խնդիրներ ունի, ինչի համար մեզ մոտ նա համապատասախան բուժում էր ստանում, բայց վերջերս հրաժարվել է դեղ ընդունել, ինչից նրա վիճակն ավելի է սրվել»: Նկատենք, որ Կ. Վահունին մոտ երկու ժամ «Առավոտի» խմբագրությունում էր եւ բացարձակապես հոգեկան հիվանդի տպավորություն չթողեց:

Մենք զրուցեցինք նաեւ ծերանոցի մյուս տատիկ-պապիկների հետ: Նրանք դժգոհում էին, որ ճիշտ է, կշտանում են, սակայն «ամռան սեզոնին սրտներս կանաչ լոբի, խորոված բադրիջան, բիբար-պոմիդոր է ուզում, բայց հիմնականում փլավեղեն են տալիս»:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել