Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՆՏԵՂ

Օգոստոս 29,2006 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, համաձայն չէ, որ ՀՀԿ-ն համալրվել է կրիմինալ տարրերով – Պարոն Մովսիսյան, ինչո՞ւ դարձաք Հանրապետական կուսակցության անդամ, դա կատարվեց ձե՞ր ցանկությամբ, թե՝ ստիպված էիք: – Հանրապետական կուսակցությունը շատ ժողովրդավարական կուսակցություն է, այդ կուսակցությունը իրենից շատ բան է ներկայացնում, Նժդեհի գաղափարներից բռնած: Ժողովրդավարություն հասկացությունը իրոք այդտեղ կա, քանի որ սկզբում եղել է Աշոտ Նավասարդյանը, եթե չեմ սխալվում, դրանից հետո էլի ունեցել են համախմբված հզոր, նորմալ մարդիկ, որ ժողովրդի կողմից ընդունված են եղել, եւ հիմա ավելի լավ կարգավիճակում է գտնվում, մանավանդ հանրապետության բոլոր, շատ ազդեցիկ ուժեր են մտել Հանրապետական: Ազդեցիկ ասելով նկատի ունեմ այն, որ ժողովուրդը իրենց ընդունում է, որովհետեւ իրենք շատ բան են արել ժողովրդի համար: Դրանից բացի, Հանրապետական կուսակցությանը արդեն համարյա տասը տարի մենք, որպես անկախ պատգամավոր, աջակցել ենք, ուրիշ որտե՞ղ կարող էինք մտնել: Ինչ վերաբերում է ստիպելուն, մեզ մինչեւ էսօր ոչ ոք չի կարողացել ստիպել, եւ թույլ չենք տվել, որ որեւէ մեկը ստիպի: Միայն պետական մտածելակերպով հեռուն ենք մտածել եւ արել ենք այդ քայլերը: – Իսկ որեւէ կերպ ծանոթացե՞լ եք Նժդեհի գաղափարախոսությանը, գիրք կարդացե՞լ եք: – Ոչինչ, հնարավորին չափով ծանոթ ենք, նամանավանդ Նժդեհի գաղափարներին ծանոթանալուց բացի, մենք ունենք նաեւ մարտական ուղիներ, եւ Նժդեհն էլ է մարտական ուղիներ անցել, այդ ամեն ինչը համընկնում է, էդ էլ մի ազդեցություն, նշանակություն ունի, պարտադիր չի գիշեր-ցերեկ նստես՝ Նժդեհ կարդաս: Կարդալով էլ չես հասնի դրան: Մենք կոնկրետ կյանքով ենք անցել, եւ ոչ մեկը չի կարող ասել՝ աչքիդ վրա ունք կա: Մեր կյանքը եղել է ազգին նվիրվածություն: – Խորհրդարանական ընտրություններին դուք կուսակցության ցուցակո՞վ եք մասնակցելու, թե՞ մեծամասնականով եք առաջադրվելու: – Դեռ չենք իմանում, թե ինչքան ժամանակ կա մինչեւ ընտրությունները, երբ կլինի, այն ժամանակ էլ կխոսենք: – Ձեր եւ էլի մի քանիսի Հանրապետական դառնալով, ըստ էության, այդ կուսակցությունը կրիմինալացվեց, համենայնդեպս, այդ մասին շատերն են խոսում: Ասվում է, որ դատվածները, նստածները, քրեական աշխարհի հետ կապվածները համալրեցին Հանրապետականի շարքերը, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը: – Ես չեմ կիսում այդ տեսակետը, քանի որ այնտեղ քրեածին հանցաշխարհից մարդ չկա, եթե լինեին, միանշանակ, եւ վարչապետը, եւ Սերժ Սարգսյանը չէին ընդունվի այդ շարքերում: Կարող է դուք քրեածին եք համարում ավարիայից (ավտովթարից-Մ.Ե.) դատվածություն ունեցողներին, դա նշանակում է, որ նա հանցագո՞րծ է: Ոչ, ես ուրիշ քրեածին մարդ այնտեղ չեմ տեսնում: Բոլորն էլ հարգված մարդիկ են ժողովրդի կողմից: Չէ՞ որ եթե ընտրվել են անկախ պատգամավոր, նշանակում է՝ ժողովուրդը ընտրել է, մարդ կա՝ երկու անգամ է ընտրվել: Երկու անգամ չեն գնա խարդախության: – Կարծես բոլոր անգամներն էլ խարդախությամբ եւ կեղծիքներով են ընտրվում: – Չէ, դե, գեղ կա՞, որ շուն չլինի: Ամեն տեղ էլ լինում են անփութություններ, բայց հիմնական մասսան, ես գտնում եմ, որ շատ նորմալ մասսա է: Նամանավանդ, հիմիկվա համալրածները (նկատի ունի հուլիսի 22-ին ՀՀԿ արտահերթ համագումարում կուսակցության շարքերը համալրածներին-Մ. Ե.): – Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամները հատկապես ձեր՝ ՀՀԿ անդամ դառնալու հետ կապված, ասացին, որ Անդրանիկ Մարգարյանը դեռ պատասխան է տալու Եռաբլուրում Վազգենի գերեզմանի առաջ: Նկատի ունենալով, որ ձեր եղբոր՝ Մուշեղ Մովսիսյանի վրայից կասկածները դեռ փարատված չեն «Հոկտեմբերի 27-ի» գործի հետ կապված: – Նախ՝ Մուշեղի անունը տվողներն իրենք են դավաճանները, ով ուզում է լինի, նամանավանդ՝ «դամսկի» մարդիկ իրավունք չունեն տղամարդկանցից խոսելու, եւ երկրորդը, ես ճանաչել եմ Վազգեն Սարգսյանին, նրա հիշատակը հարգել եմ. եւ մենք ունենք մարտական ընկերներ, ես խորհուրդ կտայի, որ ով իմ հասցեին նման բան է ասել առանց հասկանալու, սխալը ուղղեր, նման խոսքեր ասողները առաջին հերթին Վազգենի հիշատակը չեն հարգում, եւ ես կավելացնեի մի բան, ով էս երկրում որեւէ տեղից հղի է, տեր չունի, ես նրան տեր կկանգնեմ: – Ձեր անունը կապվում է թմրանյութերի, Խորխոռունու սպանության եւ էլի մի քանի բաների հետ: Եվ եթե այս ամենը իրականություն է, չի՞ նշանակում, որ քրեական աշխարհի հետ իրոք կապեր ունեցել եք: – Դատ ու դատաստանը ցույց է տվել, որ ես ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել եւ ոչ էլ որեւէ մի քրեածին հանցանքի մեջ չեմ եղել, որեւէ խարդախություն չեմ արել, ընդհանրապես, էս երկրի կարգավիճակն է՝ դատում են, հետո չեն կարողանում արդարացման վճիռ կայացնել, ստիպված մի հոդված կարճում են: Մինչեւ էսօր էլ այդ հարցով զբաղվում ենք, քանի որ անօրինական է այդ վճիռը: – Ինչպե՞ս եք զբաղվում: – Երբ կգա ժամանակը, օրենքը լիարժեք կգործի էս երկրում, այդ ժամանակ արդարացման վճիռը կկայացվի: Մենք մեր գերդաստանով նվիրված ենք եղել մեր ազգին: Դուք ի՞նչ եք կարծում, վեց եղբայր պատերազմի մասնակցեն, չորսը հաշմանդամ դառնա, ինչ-որ մի սրիկա ուզենա մեր անվան հետ խաղալ, դա չի ստացվի: Եթե մենք մի ընտանիքից չորս ախպեր ենք ինվալիդացել, ուրեմն՝ հերոս ընտանիք է, եւ դրա համար էլ գալու է ժամանակը՝ մարդիկ պատժվելու են: Որովհետեւ մենք երբեք սխալ բաներ չենք արել, կեղտոտ բաներ չենք արել, ազգին, ժողովրդին ինչքան հնարավորություն ենք ունեցել՝ աջակցել ենք, թե՛ պետական պաշտոն ունեցած ժամանակ եւ թե՛ պաշտոն չունեցած ժամանակ, մեզ համար տարբերություն չի եղել, թե ինչ պաշտոն ենք զբաղեցրել, մենք միշտ թեւ ու թիկունք ենք եղել մեր ազգին ու ժողովրդին: էսօր էլ, Աստված չանի, եթե պատերազմ լինի, մենք նորից, մեր եղբայրներով, մեր հարազատներով կանգնած ենք մեր ճակատագրական վտանգի առջեւ որպես ազգի պաշտպան եւ նվիրյալ: – Ձեր կարծիքով, Ղարաբաղի հարցն այս պահին ի՞նչ փուլում է, եւ ինչպե՞ս եք վերաբերվում տարածքների վերադարձի մասին շրջանառվող լուրերին: – Նման խոսակցություն տարածողները ընդամենը խոսում են պաշտոն զբաղեցնելու համար եւ դա վերաբերում է ոչ թե հիմիկվա պաշտոնյաներին, այլ նրանց, ով ուզում է վերականգնել պաշտոնները: Նրանք են ստիպված խոսում հողերի տալու կամ չտալու հարցերով: Երբեւիցե ասե՞լ են, որ հողերը տալու ենք կամ չենք տալու: Չեն ասել: Ինչքան հնարավոր է՝ գնում են պայքարի, բանակցությունների, որ հօգուտ մեզ լուծվեն այդ հարցերը: Իսկ ոմանք իրենց պաշտոնի խաթեր այսօր ազգին էլ կդավաճանեն, որ գան նստեն երկրի ղեկավար կամ մեկ այլ պաշտոնի: Օրինակ, ձեր թված անունները, նրանք ուզում են երկրի նախագահ ըլնեն, քնում-հելնում են՝ նախագահ են իրենց զգում, բայց չեն իմանում, էս երկիրը ժողովրդի կողմից ընտրված տեր ունի, ղեկավար ունի, բանակ ունի էս երկիրը: Չեն կարող ղեկավարել էս երկիրը, ընդամենը ուզում են կես ժամանոց պաշտոն զբաղեցնեն, լավ զգան իրենց, նրանք երկրի մասին չեն էլ մտածում, եթե մտածեն՝ կմիանային էս պետությանը եւ հոգսերը կաշխատեին վերացնել եւ ոչ թե միտինգներով, բաներով խառնեն իրար, երկիրը լարվածության մեջ պահեն: Չեն թողնում մեր երկրի ղեկավարությունը զբաղվի իր գործով, իրենց պաշտոնի խաթեր նրանք ուզում են միշտ էլ խառնած լինեն, որովհետեւ տեսել են՝ դա ինչ բան է: – Եթե նորմալ, արդար ընտրություններ լինեն, դուք, մյուսները, այսօր իշխանության մեջ գտնվողները կընտրվե՞ք: – Ես մինչեւ էսօր չեմ տեսել ոչ արդար ընտրություն: – Բայց նույնիսկ միջազգային դիտորդներն են տեսել: – Ես չեմ տեսել նման բան, մեր ընտրատարածքում մինչ էսօր ոչ մի անարդար ընտրություն չի եղել: Մեր ընտրությունները միշտ բացեիբաց են եղել, ժողովուրդը եկել է, հարգելով մեզ, մասնակցել է ընտրությունների, կոչ ենք արել միայն մասնակցել, չենք ասել՝ ո՞ւմ օգտին: Արդեն իրենք գիտեն ում օգտին պետք է քվեարկեն, ով իրենց տեր է կանգնել: – Դուք ընտրակաշառք չե՞ք բաժանում: – Եթե գումար ունենամ՝ իմ ժողովրդին ավելի լավ կնայեմ: Բայց ես նման հասկացողություն չունեմ: Եթե ընտրակաշառք բաժանեմ, ուրեմն, պետք է կաշառք վերցնեի, բայց ես ընդհանրապես հեռու եմ նման բաներից: – Եթե Սերժ Սարգսյանը չդառնար Հանրապետական կուսակցության անդամ, դուք կանդամակցեի՞ք այդ կուսակցությանը: – Սերժ Սարգսյանը ղարաբաղյան պատերազմում էլ եղել է մեր նախարարը, մենք ունենք մարտական ուղիներ, ես աշխատել եմ իր օրոք, շատ մեծ է մեր հարգանքը նրա նկատմամբ, իմ ժողովրդի, իմ ընտանիքի, իմ գերդաստանի, ինձ հարգողների կողմից նա շատ ընդունված մարդ է, ես վստահ եմ, որ ժողովրդի կողմից էլ նա շատ ընդունված է որպես պաշտպանության նախարար, որպես Սերժ Սարգսյան: Նա էն մարդն է, որի համար ընկերությունը ընկերություն է, ծառայությունը՝ ծառայություն: Նա երբեք անհատ մարդկանց «պրախոդ» չի տալիս, որ՝ իմ ընկերն ես՝ պետք է արտոնություն ունենաս, ոչ, ըտենց բան չկա: Ծառայությունից դուրս ընկերություն անում է, բայց ծառայության ընթացքում բոլորը մեկ են, հարազատ եղբայրն էլ լինի, նրա համար մեկ է, նրա համար բոլորն էլ հավասար են: – Ձեր կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի՞ պետություն է, ասվում է, որ այստեղ բռնապետություն է: – Եթե դուք ուրիշ երկրներում եղած լինեիք, հաստատ կիմանայիք, որ մեր պետությունը ամենալավ երկիրն է: Էդքան հե՞շտ էր պատերազմից հետո վերականգնել էս երկիրը: Ամեն օր փնովում եք երկրի նախագահին, էն մեկին, բայց էսքան ո՞վ է սարքել, ո՞ւմ շնորհիվ են հանցագործությունները, խարդախությունները դադարեցվել: – Ուզում եք ասել, որ մեր երկրում հանցագործություններ չկա՞ն: – Ոնց կարող է չլինի, գեղ կա՞, որ շուն չլինի, բայց դրա դեմ պայքարում են ամենախստագույն ձեւով, ես դրա համար եմ ասում՝ գալու է ժամանակը, երբ օրենքը հավասար է լինելու բոլորիս համար: – Ինչպե՞ս ձեզ կպավ Շմայս մականունը: – Էն վախտ, երբ որոշ մարդիկ բամբակի մեջ էին ապրում, ես «Շմայս» տեսակի ավտոմատ ձեռք բերեցի պատերազմ գնալու համար, այո, գերմանական ավտոմատի անուն է, էն վախտ շատերը բամբակի մեջ էին, մտածում էին՝ ոնց մամաների փեշերի տակ մտնեն, ես Շմայս անունը ձեռք բերեցի: – Հիմա՞ էլ ունեք այդ «Շմայս»-ից: – Ունեմ, որպես հիշատակ, որպես թանգարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել