Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԵԼ

Օգոստոս 29,2006 00:00

Նրանք
իրար մեղադրում են դավաճանության մեջ «Lragir.am»-ը երեկ հավաստիացրել է,
որ ՀՀԿ վերնախավի մոտ խորացել է կասկածը, թե պաշտպանության նախարարի անդամակցությունն
այդ կուսակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում կարող է
արդյունավետ լինել: Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, «վերջին շրջանի իրադարձությունները
վկայում են, որ Հայաստանում ծավալվող հակակրիմինալ շարժման ներուժը որոշակի հետեւությունների
տեղիք է տվել Հայաստանի ներքին իրավիճակով հետաքրքրված գերտերությունների համար:
Նկատելով հակակրիմինալ տրամադրությունների քաղաքական ներուժը, Միացյալ Նահանգներն
ու Ռուսաստանը մրցակցում են այդ շարժումը գլխավորելու համար: Որոշ տեղեկությունների
համաձայն, հատկապես ակտիվ է Ռուսաստանը, որի համար գործունեության այդ դաշտը բավական
նոր է, սակայն որը բավական վճռական է տրամադրված, տեսնելով այդ դաշտում աշխատանքի
արդյունքը, որ իր համար արձանագրել է Միացյալ Նահանգները: Դրա վկայությունն է նաեւ
Պուտինի խորհրդական Կոլերովի հայտնի հայտարարությունը, թե Ռուսաստանն այլեւս չի աջակցելու
ԱՊՀ տարածքի կրիմինալ վարչակարգերին, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանն այլեւս չմեղադրեն
կրիմինալին իշխանության պահելու համար: Հավաստի աղբյուրները նաեւ նշում են, որ Կրեմլի
վերնախավը Հայաստանի առնչությամբ որոշում է կայացրել ակտիվացնել գործունեությունը
քաղաքացիական դաշտում եւ սերտացնել գործակցությունը հակակրիմինալ շարժման հետ»: Հայտնի
չէ, թե որքանով են այս տեղեկությունները հավաստի, բայց դրանք, կարծես թե, ամրապնդում
են նաեւ «Առավոտի» աղբյուրները: Նրանց փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ ՀՀԿ-«Բարգավաճ
Հայաստան» կուսակցությունների (ԲՀԿ) մրցակցությունը քաղաքական դաշտից տեղափոխվել
է այդ կուսակցություններում ընդգրկված «ավտարիտետների» միջեւ լեզվակռիվ-«ռազբորկաների»
դաշտ: Մեր տեղեկություններով, հայաստանյան «ավտարիտետները» հիմա բաժանվել են երկու
բանակների: ԲՀԿ-ի կողմն անցած հեղինակությունները, ովքեր մոտ են կանգնած հանցագործ
աշխարհին, ՀՀԿ-ին անդամագրված հեղինակություններին մեղադրում են «ուրացման» ու «դավաճանության»
մեջ: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, հայաստանյան որոշ «ավտարիտետներ»,
որոնք համագործակցում են ԲՀԿ-ի հետ, հայտարարում են, թե ՀՀԿ-ն վայելելու է «մենթերի»
աջակցությունն ի դեմս, օրինակ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, «6-ի» պետ
Աշոտ Գիզիրյանի, ԱԱԾ պետի տեղակալ Հրաչ Հարությունյանի եւ այլն: Բացի այդ, «Հանրապետականում»
են հայտնվել նախկինում դատված ու այդ ընթացքում գաղութներում, «ավտարիտետների» բնորոշմամբ՝
«ջութակի» դեր կատարած անձինք: Ի հավելումն այս մեղադրանքների, ԲՀԿ-ին մոտ կանգնած
մեր աղբյուրների մատուցմամբ, «Բարգավաճ Հայաստանին» համակրող «ավտարիտետները» համարում
են, որ ՀՀԿ-ում է հայտնվել հանրապետության մակարդակով եւ նաեւ ՀՀԿ-ում մեծ ազդեցություն
ունեցող մեկը, ում պատվերով տարիներ առաջ՝ 2003թ. հունիսին, սպանվել էր հայտնի «հեղինակություն»,
ծնունդով աշտարակցի Մուշեղ Ազատյանը՝ «Լենինգրադցի Մուշեղը», ում դիակը հայտնաբերվել
էր Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող «Ավիատրանս» հյուրանոցի մոտ: Հիմա ԲՀԿ-ին
սատարող կրիմինալը համարում է, որ ՀՀԿ-ում արդեն հիշատակված անձի շուրջ համախմբված
«խարոշիները» ոչ այլ ինչ, քան դավաճաններ են: Հիշեցնենք, որ Մուշեղ Ազատյանի սպանությունն
այդպես էլ չբացահայտվեց, իրավապահներն անգամ սպանության շարժառիթը չէին կարողացել
ճշտել, թեեւ, ըստ մեր աղբյուրների, ժամանակին նրա սպանության բացահայտմամբ շահագրգռություն
էին ցուցաբերել նաեւ Մ. Ազատյանի մտերիմ ընկերները, այդ թվում՝ «օրենքով գող» Յապոնչիկը:
Կուսակցական «ավտարիտետների» «ռազբորկաներին» զուգահեռ՝ կուսակցականացված
կրիմինալով սկսել է լրջորեն զբաղվել նաեւ իրավապահ համակարգը: Դարձյալ «Առավոտի»
աղբյուրների մատուցմամբ՝ եւ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին, որի պարտականությունների
մեջ է մտնում նաեւ թաղային հեղինակությունների հետ աշխատանքը, նաեւ դատախազությանը
հանձնարարվել է գործի դնել իրենց օպերատիվ գործակալական ցանցը՝ այդ մարդկանց վերաբերյալ
տվյալներ ու տեղեկություններ կուտակելու նպատակով: Ընդ որում, խոսքը վերաբերում է
ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանին» անդամակցած քրեականացված շատ կոնկրետ «տարրերին»:
Թե ովքե՞ր են այդ կոնկրետ մարդիկ, մենք չենք մատնանշի, թեեւ մեր աղբյուրները նաեւ
այդ ասպարեզում հայտնի մի քանի կարկառուն դեմքերի անուններ են հիշատակել: Մեր աղբյուրները
շեշտում են, որ կուտակվելիք տեղեկություններն անհրաժեշտ պահին կարող են օգտագործվել
ինչպես կոնկրետ կուսակցություններից մեկի դեմ օգտագործելու, այնպես էլ մամուլում
շրջանառության մեջ դնելու նպատակով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել