Երազում է WBA-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւի անձնական մարզիչ Մանվել Գաբրիելյանը:
Ցանկացած մարզաձեւում մարզիկի ունեցած նվաճման կամ ձախողման առնվազն հիսուն տոկոսը մարզչինն է: Որքան էլ մարզիկը բնությունից օժտված ու տաղանդավոր լինի, ցանկալի արդյունքի կարող է հասնել միայն բարձրակարգ մարզչի ղեկավարությամբ մարզվելու դեպքում: Այդպես է եղել նաեւ Նիկոլայ Վալուեւի պարագայում: Ճակատագիրը նրան ու գյումրեցի մասնագետին հանդիպեցրեց 2000 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում:
Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքի ավարտին «Առավոտի» մարզական մեկնաբանը հարցազրույց ունեցավ Մանվել Գաբրիելյանի հետ:
– Հայաստանում հիմա ձեզ ավելի շատ ճանաչում են որպես Նիկոլայ Վալուեւի մարզչի: Համառոտակի ներկայացրեք ձեր մարզական կենսագրությունը:
– Մարզական կենսագրությունս կապված է բռնցքամարտի հետ ու սկսվում է 1970 թվականից, երբ Լենինականում փոխադրվելով 8-րդ դասարան՝ մարզիչ Լեւոն Միքայելյանի մոտ սկսեցի զբաղվել այդ մարզաձեւով: Կարճ ժամանակում բավականին հաջողություններ ունեցա. երկու անգամ նվաճեցի Հայաստանի չեմպիոնի կոչումը, դարձա 10-րդ սպարտակիադայի հաղթող: Եղել եմ նախկին ԽՍՀՄ մարզական ընկերությունների կենտրոնական խորհուրդների առաջնությունների, միջազգային մրցումների մրցանակակիր: ԽՍՀՄ սպորտի վարպետ եմ: Գործող մարզիկ լինելով՝ ուժերս փորձում էի նաեւ մարզչական ասպարեզում: Ու պատկերացրեք՝ վատ չէր ստացվում: Իմ սաներից շատերը դեռ պատանեկան տարիներից լուրջ հաջողությունների են հասել ինչպես հանրապետական, այնպես էլ համամիութենական ու միջազգային մրցումներում, Եվրոպայի առաջնություններում: Իսկ Արտյոմ Տեր-Հակոբյանը, Կարեն Ալեքսանյանը, Հովհաննես Ստեփանյանը, Սիրեկան Սարգսյանը հետագայում ճանաչված անուններ դարձան ընդհանրապես սիրողական բռնցքամարտի աշխարհում:
– Ինչպե՞ս գտաք Նիկոլայ Վալուեւին, այն էլ՝ հեռավոր ՍանկտՊետերբուրգում:
– Երկրաշարժից հետո Մարիուպոլում երկու տարի մարզչություն անելուց հետո վերադառնալով հարազատ Գյումրի՝ շարունակում էի իմ գործը: Բայց պայմաններն ահավոր էին ու արդյունք չկար: Հաջողությունը, կարծես, երես էր թեքել ինձնից: Մի անգամ հեռուստացույցով տեսել էի Վալուեւի մենամարտը: Նրա տվյալները պատկառազդու էին: Մտածեցի, որ պատրաստի աշխարհի չեմպիոն է, բայց դեռ «խակ» է: Այ, եթե ինձ մոտ մարզվեր… 2000 թվականին իմ սաներից Լեւոն Կիրակոսյանը, որ ապրում էր Սանկտ Պետերբուրգում ու անդամագրված էր ինչ-որ պրոֆեսիոնալ ակումբի, ինձ առաջարկեց տեղափոխվել այնտեղ: Մերժեցի: Վեց ամիս հետո նա կրկին եկավ Գյումրի ու ասաց, որ Նիկոլայն է ուղարկել: Հավանաբար, շատ էր պատմել իմ մասին: Այս անգամ համաձայնեցի: Արդեն տեղեկացել էի, որ իր մարզչից գոհ չէ, եթե չասենք՝ հիասթափված է, մարզվում է իմիջիայլոց ու մտածում է բռնցքամարտը թողնելու մասին: Մեր առաջին հանդիպումը կայացավ հենց մարզադահլիճում: Ասացի, որ վաղվանից ամեն բան սկսելու ենք սկզբից: Համաձայնեց: Ու այդ օրվանից նոր կյանք սկսվեց երկուսիս համար:
– Փաստորեն, դուք սիրողական բռնցքամարտի մարզիչ լինելով՝ միանգամից անցաք պրոֆեսիոնալ ոճ: Ինչպե՞ս կարողացաք: Չէ՞ որ դրանք միմյանցից շատ են տարբերվում:
– Սկզբում ինձ օգնեց ընդհանրապես մարզչական փորձս: Մարզումներն անցկացնում էինք պլանավորված: Հիմնական շեշտը դնում էի Նիկոլայի տեխնիկայի հղկման ու հարվածներին արագություն հաղորդելու վրա: Մի քանի ամիս հետո Կոլյան իմ ղեկավարությամբ անցկացրեց իր հերթական, բայց ինձ համար առաջին մենամարտը: Խոստովանում եմ, որ գլուխս մի տեսակ կորցրել էի: 12 ռաունդանոց մենամարտի մարտավկա երբեք չէի եղել: Չգիտեի ի՞նչ հրահանգներ տալ: Լավ էր՝ հաղթեց: Դրանից հետո ինքս սկսեցի ինձանով զբաղվել:
– Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Գերմանիայում:
– Այնտեղ մենամարտ ունեինք անցկացնելու: Մեզ տեսավ հայտնի պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդը եւ հրավիրեց:
– Հոկտեմբերի 7-ին Չիկագոյում Վալուեւը չեմպիոնական գոտին պահպանելու համար պարտադիր մենամարտ պետք է անցկացնի ամերիկացի Մոնտե Բարրետի հետ: Ինչպե՞ս կավարտվի այն:
– Հեշտ մենամարտ չի լինի: Բայց վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու:
– Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
– Միավորել բոլոր վարկածների չեմպիոնական գոտիները եւ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Երազում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում Վալուեւի դարաշրջան սկսվի: Ժամանակին լեգենդար Մոհամեդ Ալին դա արել է: Հիմա Վալուեւի ժամանակն է:
– Մյուս չեմպիոնները կհամաձայնե՞ն գոտիների միավորման մարտերին:
– Դա պրոումոթերների աշխատանքից է կախված:
– Գերծանր քաշային կարգում բոլոր վարկածների չեմպիոնները նախկին ԽՍՀՄ հանրապետություններից են: Ումի՞ց կցանկանայիք սկսել:
– Օլեգ Մասկաեւից:
– Վալուեւը հայերեն խոսո՞ւմ է:
– Որոշ բաներ հասկանում է: Բառացիորեն վերջերս նրան ասել եմ, որ այսուհետեւ մարզումների ժամանակ պարտադիր հայերեն էլ պետք է սովորի, որովհետեւ ապագա միավորող մարտերում մրցակիցները ռուսերեն հասկանում են: Հետեւաբար, ռինգի կողքից իմ հրահանգները պետք է հայերեն լինեն:
– Օրերս ձեր սանի ծննդյան օրն էր: Ի՞նչ նվիրեցիք:
– Հայկական կոնյակ եւ բաժակներ: Այն կբացենք WBA-ի գոտին պահպանելուց հետո:
– Հայկական բռնցքամարտի ներկայիս մակարդակի մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Բավականին հեռացել եմ ընդհանրապես սիրողական բռնցքամարտից: Բայց որքան հնարավոր է՝ հետաքրքրվում եմ հայկական բռնցքամարտով: Ուրախանում եմ, որ շնորհիվ երկրի մարզական ղեկավարության հոգատարության՝ մարզադահլիճներ են նորոգվում: Պայմանները վճռորոշ նշանակություն ունեն: Որքան տեղյակ եմ՝ վերջին շրջանում մեր բռնցքամարտիկները միջազգային ռինգերում զգալի առաջխաղացում ունեն: Եթե հավաքականի մարզիչը Ռաֆայել Մեհրաբյանն է, հաջողություններ անպայման կլինեն: Ես դրան հավատում եմ եւ շատ եմ ուզում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ