Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՕՊԵՐԱՅԻՆ

Օգոստոս 26,2006 00:00

Վարչապետը թանկարժեք սարքավորում է նվիրում, իսկ դաշնակցական «ծագմամբ» շրջակա սրճարանը վնասում է շենքի օդափոխիչ համակարգը:

Մինչ Ազգային օպերային թատրոնում վայելում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ պետության հատկացրած նվերը՝ 200000 եվրոյանոց թանկարժեք էկրանը, որը նոր հնարավորություններ կտա ներկայացումները լավագույնս մատուցելու, օպերայի ծառայողական մուտքի հարեւանությամբ գտնվող «Մեղեդի» սրճարանի տերերը շինարարական աշխատանքներ են սկսել: Ի դեպ, ժամանակին նույն վայրում օպերայի տնօրինությանը քաղաքային իշխանություններն արգելել էին դրամարկղ տեղադրել՝ պատճառաբանելով, որ կխանգարի շենքի օդափոխիչ համակարգին:

«Այդտեղ շատ հարմար կլիներ 10-15 քմ-անոց տոմսարկղ ունենալ, մանավանդ մերը հեռու է: Հանդիսատեսը կարող էր անմիջապես տոմս վերցնել ու թատրոն մտնել: Ժամանակին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ինձ բացատրեց, որ մեր խնդրանքը չի կարող բավարարվել, որովհետեւ այսօրվա շինարարության տեղում մեր ողջ շենքի օդափոխիչ համակարգի մաքուր օդ քաշող հորն է: Նա ասաց, որ վտանգավոր է այն փակելը: Մինչդեռ հիմա արդեն 2 կողմը փակված է, եւ, բնականաբար, դահլիճի օդը դժվարությամբ կմաքրվի: Որպեսզի օդի հոսքը ավելի մեծ լինի, ստիպված շինարարության պատասխանատուներին խնդրել ենք, որ գոնե անցքը մեծացնեն… ախր 32000 քառակուսի է մեր շենքը»,- ասաց օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենց դիմե՞լ են «Մեղեդիի» սեփականատերերը շինարարություն սկսելուց առաջ: Տնօրենը պատասխանեց, որ ինքն ու տեղակալը զրուցել են շինարարության պատասխանատուների հետ, ուր իրենց ցույց են տվել քաղաքապետարանի կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաստում են այդ ամենի օրինականությունը: Մնում է միայն զարմանալ, ինչպես է, որ ընդամենը կրպակ դնելը կխանգարեր օդափոխությանը, իսկ շինարարությունը՝ սրճարանը ընդարձակելու ակնկալիքով՝ ոչ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել