Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Օգոստոս 26,2006 00:00

Ամերիկահայ
գործարար եւ բարերար Ալբեր Բոյաջյանի ֆինանսավորմամբ հունիսի կեսերից Ծաղկաձորի օլիմպիական
մարզաբազայում սկսվել է հյուրանոցային 2-րդ մասնաշենքի, այն եւ 1-ին մասնաշենքը միմյանց
միացնող միջնաշենքի եւ մեկ մարզադահլիճի հիմնանորոգումը: Աշխատանքների որակը
վերահսկելու նպատակով քաղաքաշինության նախարարի հրամանով Ծաղկաձոր է գործուղվել նախարարության
քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ Մարտին Քյուրքչյանը: Մեր աշխատակից
Աշոտ Հակոբյանը զրուցեց նրա հետ: – Գո՞հ եք մինչեւ այժմ արված գործի որակից:
– Այո: Աշխատանքն ամեն օր վերահսկվում է: Որակի մասին որեւէ կասկած չի կարող
լինել՝ մի քանի պատճառներով: Նախ, շինարարները հասկանում են օլիմպիական ավանի ունենալիք
նշանակությունը հանրապետության համար: Երկրորդ, ես ամեն օր պարտադիր հետեւում եմ
գործի որակին ու զեկուցում Սպորտպետկոմի նախագահին: Եվ երրորդ, ամբողջ շինարարությունը
մշտապես գտնվում է հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Նա
պարբերաբար անձամբ է այցելում Ծաղկաձոր: – Օլիմպիական ավանն ամբող հզորությամբ
պատրաստ է լինելու 2007-ի վերջին: Այս տարի ի՞նչ է արվելու: – Աշխատանքներն
ընթանում են գրաֆիկի համաձայն: Սկզբում նախատեսված էր ավանի հյուրանոցային մասնաշենքերի
հիմնանորոգում: Սակայն, երբ աշխատանքներն սկսվեցին, չնախատեսված խնդիրներ առաջացան:
Դրա համար էլ վերանորոգումը փաստացի վերածվեց վերակառուցման: Ասածս նախ եւ առաջ վերաբերում
է հյուրանոցային երկու մասնաշենքերը միացնող միջնաշենքին: Այս փուլում ուժեղացվում
են դրա հիմքերն ու սյուները: Ժամանակին այն կառուցվել է երկրաշարժի 7 բալանոց սանդղակի
հաշվարկով: Հիմա շենքը համապատասխանելու է այսօրվա սեյսմիկ չափանիշներին՝ 9 բալանոց
սանդղակին: Նախագծով ռեստորանային համալիրները, սրճարաններն ու բարերը կենտրոնացվելու
են այդ շենքում: Լինելու են նաեւ բիզնես կենտրոն, ինտերնետային կապի սենյակներ: Զուգահեռ
կառուցվում են ջեռուցման համակարգ, տրանսֆորմատորային ենթակայան, արտաքին կոյուղի,
որը չկար, ջրահեռացման եւ խոնավամեկուսացման համակարգեր: – Երկրորդ մասնաշենքն
ինչո՞վ է տարբերվելու հնից: – Առաջին հարկում լինելու են ընդարձակ դահլիճներ,
որտեղ թիմերը կարող են ժողովներ անել, դիտել իրենց անհրաժեշտ տեսագրությունները,
ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական սենյակներ, սպասարկող անձնակազմի
սենյակները: Երկրորդից հինգերորդ հարկերը տրամադրվում են հյուրանոցային համարներին:
Լինելու են 1, 2 (տարբեր տիպերի, որպեսզի ընտրության հնարավորություն լինի) եւ 3
սենյականոց «լյուքս» տիպի համարներ: Ինչ վերաբերում է մարզադահլիճին, որտեղ նույնպես
աշխատանքները հունի մեջ են ընկել, այն տրամադրվելու է միայն ըմբշամարտին: –
Հունիսի սկզբներին սկսվել է նաեւ ճոպանուղու չորրորդ գծի շինարարությունը, որն ավարտվելու
է մոտավորապես նոյեմբերի վերջերին: Այնտե՞ղ էլ որակի վերահսկողությունը դուք եք իրականացնում:
– Այո: Ճոպանուղին սկսվում է գործող երկրորդ գծի սկզբից ու մոտակա ձորով բարձրանում
Օլիմպիական ավանի մոտի բլրի գագաթ: Այն ունենալու է 9 հենասյուն, 900 մետր երկարություն,
իսկ նստարանները երկտեղանոց են լինելու: Ներկայումս իրականացվում են հողային եւ հիմնային
աշխատանքները: Սեպտեմբերի կեսերից կսկսվի հենասյուների մոնտաժումը: Ճոպանուղուց բացի,
կառուցվում են երկու մեծ դահուկուղիներ, որոնք սկսվելով չորրորդ գծի վերջից՝ դահուկորդներին
բերելու են առաջին գծի սկիզբ: – Անպայման նոյեմբերի վերջին շահագործելը հիմնավորվա՞ծ
ժամկետ է: Շտապողականությունը որակի վրա չի՞ ազդի: – Ոչ: Նման
ժամկետներում են կառուցվել 1-3-րդ ճոպանուղիները: Նույն շինարարներն են, ում աշխատանքից
գոհ ենք բոլորս, նույնիսկ «Լայթներ» ֆիրմայի ղեկավարությունը: Բացի դա, հողային աշխատանքների
որակն ստուգելու են «Լայթների» մասնագետները: Այնպես որ, եթե անգամ մենք էլ ինչ-որ
տեղ զլանանք, որը միանշանակ բացառվում է, ֆիրման գործը չի ընդունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել