Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծողները լցվել են Ագարակ

Օգոստոս 26,2006 00:00

Գյուղացիները
կառավարությունից խնդրում են որպես օգնություն իրենց մկնդեղ հասցնել: Լոռու
մարզի Ագարակ գյուղի բնակիչները կրծողների ձեռքը կրակն են ընկել: Դրանք արդեն այնքան
են բազմացել, որ լցվում են մարդկանց տներն ու ամբարները: Խնդիրն առաջացել է դեռեւս
անցյալ տարվա աշնանից, սակայն կրծողների դեմ պայքարելու համար գյուղապետարանի տրամադրած
մեծ քանակությամբ մկնդեղն էլ հարցը չի լուծել, այն չի բավականացրել, իսկ գյուղացին
սեփական միջոցներով ի վիճակի չի եղել մկնդեղ գնել: Գյուղացիների պատմելով՝ կրծողները
լրիվ ոչնչացրել են իրենց հացահատիկի արտերը, վնասել կարտոֆիլի ցանքատարածությունները,
հիմա էլ մտնում են տները: Բնակիչները քանի գնում՝ գյուղը լքում են ու իրենց տեղը
զիջում մուկ-առնետներին: Հիմա գյուղում մնացել են միայն երեխաներն ու տարեցները.
աշխատող ձեռք չկա: Գյուղապետ Ռոբերտ Բարխուդարյանը համայնքի միջոցների հաշվին
ոչ մի կերպ չի կարողանում կրծողների դեմն առնել: Ըստ նրա, առանց մկների էլ գյուղը
երաշտից բավականին տուժել է. «Մեր հողերը սեւահող, ծանր հողեր են: Չնայած ոռոգման
ջուր ունեինք, բայց ջրելիս սերմը հողի մեջ նեխում է, երբ էլ չէինք ջրում՝ հողը ճաք
էր տալիս: Այս հողերին անձրեւաջուր է պետք, ոռոգման ջուրը լավ չի կլանվում»: Անձրեւաջրի
հույսին սպասելով՝ գյուղի ողջ ցանքատարածությունները երաշտից վնասվել են: Հիդրոմետի
մասնագետների ներկայացմամբ՝ Հայաստանում ամենաուժեղ երաշտը եղել է 2001 թվականին,
սակայն, ըստ Ագարակի գյուղապետի, «մենք 2001-ի երաշտն էլ ենք հիշում, բայց այս տարվանն
ավելի ավերիչ էր»: Գյուղացիները 1 հեկտար հացահատիկի ցանքատարածությունից հավաքել
են ընդամենը 200-250 կգ բերք: Գյուղում թեեւ ոռոգման ջրի խնդիր չկա, բայց
խմելու ջուրը մատակարարվում է օրվա ընթացքում առավելագույնը 3-4 ժամ: Գյուղապետը
մեզ հետ զրույցում դժգոհեց, որ համայնքի 12 մլն դրամ կազմող բյուջեն այդպես էլ չեն
կարողանում հավաքել. հողահարկից ստացվող գումարը հազիվ 1.5 մլն դրամ է կազմում. «Գյուղացին
փող չունի, երբ հարկահավաքը ընկնում է տնետուն, դռնից դեռ ներս չմտած՝ բնակիչն է
առաջ գալիս ու փող խնդրում՝ բուժման կամ պարարտանյութի համար»: Գյուղի միակ
եկամտի աղբյուրը անասուն պահելն ու կաթը գործարաններին հանձնելն է: Գործարանները
գյուղացիներին հանձնած կաթի դիմաց վճարում են 15 օրը մեկ: Մի քանի անասուն պահող
գյուղացու միջին եկամուտը ամսական չի գերազանցում 20 հազար դրամը, իսկ անասուն չունեցողներն
ընդհանրապես պարտքով են ապրում: ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել