Էլ
ո՞նց կքննարկեն նամակները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել
էր, թե որեւէ հիմնավորում մինչ այժմ չի եղել, թե իր լուծարած խորհրդարանական կառուցները
լուծում էին խնդիրներ, որոնք չեն լուծվի, եթե չլինեն այդ կառույցները: Ըստ
նրա՝ նման հիմնավորումներ չեն հնչել նաեւ այդ կառույցների աշխատակիցների հետ հանդիպման
ժամանակ. «Որեւէ փաստարկ չի եղել՝ համոզելու համար, որ իսկապես սրանք անհրաժեշտ կառույցներ
են»: Սակայն արդեն իսկ լուծարված՝ ԱԺ նախագահին առընթեր քաղաքացիների առաջարկությունները,
դիմումները եւ բողոքները քննարկող խորհրդի համակարգող Սուրեն Մամիկոնյանը (ի դեպ,
նա աշխատել է օրենսդիր մարմնի 5 նախագահների հետ) փորձեց մեր թերթի միջոցով ներկայացնել
այդ հիմնավորումները. «Խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է ԱԺ նախագահին հասցեագրված՝
քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները օրենքով սահմանված կարգով
ու ժամկետներում համակողմանի քննարկմանը եւ համապատասխան ընթացք տալուն, ԱԺ աշխատակազմի
կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, պաշտոնատար
անձանց պատասխանատվության եւ կատարողական կարգապահության բարձրացմանը»: Հասարակական
հիմունքներով գործող այս խորհրդակցական մարմնի անդամներ էին 8 հոգի, որոնցից 2-ն
ԱԺ պատգամավոր են: Սուրեն Մամիկոնյանը նաեւ պարզաբանեց, թե խորհուրդն իր գործունեությամբ
հաշվետու է ԱԺ նախագահին. «Խորհրդի 2005 թվականի գործունեության հաշվետվությունից
(բոլոր հաշվետվությունները տպագրվել են «Ազգային Ժողով» ամսագրում) մեջբերեմ ընդամենը
մի քանի թվեր՝ անցկացվել է 104 նիստ (մի մասն արտահերթ), ԱԺ-ում կազմակերպվել են
47 խմբային եւ 183 անհատական, իսկ համայնքներում՝ շուրջ 370 քաղաքացիների ընդունելություններ:
2005-ին քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ընդհանուր թիվը
կազմել է շուրջ 6400, որոնք խորհուրդն ուսումնասիրել ու սահմանված կարգով քննարկելով՝
համապատասխան ընթացք է տվել: ՀՀ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին առաջարկությունների, դիմումների ու բողոքների ուսումնասիրության
եւ վերլուծության արդյունքները սահմանված կարգով զեկուցելով ԱԺ նախագահին՝ խորհուրդը
համապատասխան հանձնարարականի հիման վրա դրանք ներկայացրել է ԱԺ հանձնաժողովների քննարկմանը:
Դրանից բացի, քաղաքացիներին հուզող տարաբնույթ հարցերով իրականացվել է անհրաժեշտ
իրավաբանական աջակցություն: Բարձրացված բազմաթիվ հարցեր դրական լուծում են ստացել:
Աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներից եւ առանձին քաղաքացիներից ստացվել
են նաեւ շնորհակալական նամակներ»: Իսկ Տիգրան Թորոսյանն այժմ պնդում է, թե
հունիսի առաջին օրերից ԱԺ աշխատակազմի քարտուղարությունից առանձնացվել է մեկ աշխատող,
նա ստանում է նամակները, դասակարգում, հետագայում այդ նամակները միասին նայում են
եւ պատասխանում. «Չեմ կարծում, թե հատուկ խորհուրդ կամ ծառայություն է պետք այդ խնդիրը
լուծելու համար»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ