ՁՎԻ
ՄԵՋ ՄԱԶ ՄԻ՛ ՓՆՏՐԻՐ, ՍՊԱՐՏԱԿ Արձագանքելով ՀՅԴ Հայաստանի ԳՄ
անդամ Սպարտակ Սեյրանյանին, որը երեկ մեր թերթում հակադարձել էր ՕԵԿ նախագահ Արթուր
Բաղդասարյանի՝ «ՀՅԴ-ն իր երկրի ապագան տեսնում է անցյալի մեջ» արտահայտությանը, ՕԵԿ
խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն «Առավոտին» փոխանցեց. «Կարծում եմ, որ ոչ
մի վատ բան չկա նրա մեջ, որ ՀՅԴ-ն իր քաղաքական գործունեության մեջ անցյալին ավելի
շատ է կարեւորություն տալիս, իսկ ՀՀԿ-ն՝ ներկային: Առաջին դեպքում՝ բնական
է, քանի որ հարյուրամյա պատմություն ունի, իսկ երկրորդի դեպքում էլ բացատրությունն
այն է, որ կառավարության վերջին տարիների գործունեության հիմնական իրականացնողն ու
պատասխանատուն է: Արթուր Բաղդասարյանը եթե այդպես է ասել՝ ապա շատ ճիշտ է ասել, եւ
այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Եվ իզուր է Սեյրանյանը տրտնջում, թե ՀՅԴ-ն «անցյալի
կուսակցություն չէ»: Իսկ ո՞վ է ասել, որ անցյալի կուսակցություն է: Նման բան չի՛
ասվել: Այսինքն՝ այստեղ վիրավորվելու ոչինչ չկա: Սակայն Սեյրանյանի մտքի որոշ
փայլատակումների հնարավոր չէ չանդրադառնալ: Լավ կլինի, որ նա խոսի իրենց «քաջագործություններից»,
որոնք ժողովրդին հայտնի են՝ սկսած «Դրոյի» գործից, մինչեւ կապը ՊԱԿ-ի հետ, սկզբում
նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի, իսկ հիմա արդեն Սերժ Սարգսյանի
եւ այլոց հետ կապերի մասին, որոնց մասին շատ է գրվել մամուլում: Ընկեր Սեյրանյանին
խորհուրդ կտայի՝ անդրադառնա եւ ազնվորեն մեկնաբանի օրերս «Առավոտ» թերթի «Կրիմինա՞լն»
է խնդիրը» վերլուծականին, եւ պարզի ու անկեղծ հրապարակի այն լիդերների անունները,
որոնց թեթեւ հրամաններով մեր երկրում կատարվել են տարբեր «քաջագործություններ»: Լավ
կլինի, նաեւ հորդորի իր կուսակից ընկերներին՝ դադարեցնել զանգվածային կադրային ջարդը
եւ դաշնակցականացման զանգվածային գործընթացն իրենց վստահված կառույցներում: Ասելիքը
շատ է, սահմանափակվենք սոսկ ասվածով. չէ՞ որ, ինչպես «Առավոտն» է գրել՝ ի վերջո,
նախկին գործընկերներ ենք: Եվ բացի այդ՝ ինչպես ՀՅԴ շատ գործիչներ են բազմիցս ողջունել
ՕԵԿ-ին եւ նրա շիտակ գործունեությունը, այնպես էլ մենք՝ ՀՅԴ-ին, հաշվի առնելով նաեւ
այն դրականը, որ կատարվել է կուսակցության կողմից: Վերջում մի բարեկամական հորդոր
պարոն Ս. Սեյրանյանին՝ հանգիստ ընդունեք առողջ տեսակետները՝ առանց ձվի մեջ մազ փնտրելու»:
Ա. Ի.