Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀԻ ԽՐՏՎԻԼԱԿ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԴԱՌՆԱԼ»

Օգոստոս 26,2006 00:00

Արձագանքելով
«Բարգավաճ Հայաստանին» իր անդամագրվելու լուրերին՝ ասում է Թաթուլ Մանասերյանը «Բարգավաճ
Հայաստան» կուսակցության հիմնադրումից ի վեր՝ հայաստանյան քաղաքական ու փորձագիտական
շրջանակներում ձեւավորված կարծիք կա, թե այդ կուսակցության նպատակը առաջիկա ընտրություններում
ոչ այնքան իշխանական այլ կուսակցությունների, որքան ընդդիմության հետ մրցակցելն է
ու ընդդիմության ընտրազանգվածին իր կողմը քաշելը: Այս իմաստով, թերեւս, պատահական
չէ, որ այսօր «Բարգավաճ Հայաստանում» են հայտնվել շատ թե քիչ «չփչացած» քաղաքական
գործիչներ, մշակույթի ու արվեստի մարդիկ: Պատահական չէ նաեւ, որ այս կուսակցությունը
հակված է հավաքագրել նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների, ովքեր այս կամ այն
չափով հայտնի են հասարակությանը՝ որպես դրական վարկանիշ ունեցող գործիչներ: Իհարկե,
հանուն արդարության չպետք է բացառել նաեւ, որ առայժմ միայն խոսակցությունների մակարդակով
այդ կուսակցության անվան հետ կապվող ընդդիմադիր որոշ գործիչների, նաեւ անկախ մամուլը
ներկայացնող առանձին լրագրողների անունները շրջանառության մեջ են դրվում մի դեպքում՝
«Բարգավաճ Հայաստանի» վարկանիշն արհեստականորեն բարձրացնելու ու նրա շուրջ խորհրդավորություն
ստեղծելու, մեկ այլ դեպքում՝ այդ մարդկանց վարկաբեկելու համար: Բայց անկախ սրանից,
փաստ է, որ ԶԼՄ-ներում այս թեման հետեւողականորեն շրջանառության մեջ դնելն ու մշտապես
քննարկման առարկա դարձնելը ոչ այնքան լրատվամիջոցների նախաձեռնությունն է, որքան
առանձին լավատեղյակ մարդկանցից ստացած տեղեկատվության հավաստի լինելու համոզմունքը:
Այսպես, օրերս «Ազատություն» ռ/կ-ից հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան»
տեղափոխվելու ցանկություն ունի «Արդարություն» խմբակցության եւս մի պատգամավոր՝ անկուսակցական
Թաթուլ Մանասերյանը: Այլ աղբյուրներ նշել են նաեւ նախկին ՀԺԿ-ական, իսկ այսօր անկախ
պատգամավոր Էմմա Խուդաբաշյանին: Ու թեեւ «Ազատությունը» հաղորդել էր, թե Թ. Մանասերյանն
օրերս եղել էր «Արդարություն» խմբակցության առանձնասենյակում, բայց խմբակցության
անդամներն ու նախագահը միաբերան հայտարարել էին, թե նրա կողմից «որեւէ դիմում կամ
նույնիսկ բանավոր ակնարկ՝ խմբակցությունից դուրս գալու մասին, չի եղել»: Սրան ավելացել
էր նաեւ մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե նախագահականից հրահանգված
է չշտապել՝ Թ. Մանասերյանին, Է. Խուդաբաշյանին ու Վ. Դալլաքյանին կուսակցության շարքերն
ընդգրկելու հարցում: Մի կողմ դնելով արդեն հայտնի այս տեղեկությունները՝ մենք
փորձեցինք հենց տիկին Խուդաբաշյանից ու պարոն Մանասերյանից ճշտել՝ իրենք մտադի՞ր
են անդամագրվել «Բարգավաճ Հայաստանին»: Մեր հարցադրմանն ի պատասխան, Էմմա Խուդաբաշյանն
ասաց, թե ինքը տեղյակ չէ, թե ինչ են գրում թերթերում, որովհետեւ վերջին շրջանում
ինքը երեք՝ իր համար շատ հարազատ մարդկանց է կորցրել ու քաղաքականության մասին խոսելու
տրամադրություն չունի: Այդուհանդերձ, նա ասաց, թե ինքն արդեն ընտրել է՝ ուր է գնալու,
բայցեւ չմասնավորեցրեց, թե՝ կոնկրետ ուր: Արդյո՞ք դա հենց «Բարգավաճ Հայաստանն» է,
թե՞ այլ կուսակցություն: «Ես դա հետո կասեմ,- խոստացավ տիկին Խուդաբաշյանը՝ հավելելով:-
Թող գրեն, էլի: Էնքան մարդիկ են ինձ առաջարկել մտնել իրենց կուսակցություն: Երեւի
աբիժնիկությունից էլ բաներ պիտի գրեն: Ես եթե որոշեմ որեւէ կուսակցության անդամակցել՝
անպայման բոլորին տեղյակ կպահեմ, իսկ առայժմ անգամ խոսելու ցանկություն չունեմ»:
Ինչ վերաբերում է Թ. Մանասերյանին, ապա վերջինս մեզ հետ զրույցում փոխանցեց
հետեւյալը. «Ես հակված չեմ բացատրություններ կամ մեկնաբանություններ տալու: Ովքեր
որ ասում են նման բաներ, նրանց հետ էլ զրուցեք: Ինձ, ճիշտն ասած, արդեն զայրացնում
են այդ խոսակցությունները: Չգիտեմ՝ դա օդից, թե ջրից վերցրած խոսակցություններ են,
բայց երեւի մարդիկ պարապ են մնացել ու իրենց համար թեմաներ են մոգոնում: Ավելի լավ
է զբաղվեն լուրջ գործով: Թաթուլ Մանասերյանը միշտ եղել է ինքնուրույն մարդ եւ ինչ-որ
արել է՝ իր համոզմունքով է արել եւ նախագահականի խրտվիլակների հետ էլ ես որեւէ առնչություն
չեմ ունեցել, ոչ էլ կարող եմ ունենալ: Այդ ամբողջ խոսակցություններն իմ նկարագրին
անհարիր են»: Մեր այն հարցին՝ թե ինքը, այնուհանդերձ, «Արդարությունից» դուրս գալու
մտադրություն ունի՞, պատասխանեց. «Ես հարկ չեմ համարում որեւէ մեկնաբանություն տալ:
Կներեք»: Իհարկե, մենք որեւէ պատճառ չունենք կասկածելու պարոն Մանասերյանի անկեղծությանը,
բայց խնդիրն այն է, որ «Արդարության» որոշ անդամների ասելով, պարոն Մանասերյանը,
այնուամենայնիվ, խմբակցության առանձին անդամների հայտնել է «Բարգավաճ Հայաստան» գնալու
իր մտադրության մասին: «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարները շատ հանգիստ են ու
մտադիր էլ չեն արձագանքել իրենց «անդամագրվող» գործիչների մասին արվող հայտարարություններին՝
երեւի թողնելով, որ ընդդիմությունն ինքն իրեն մի լավ ուտի: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել