Լրահոս
Օրվա լրահոսը

Գրին քարտ շահած թատերարվեստի գործիչները դեռ Հայաստանում են

Օգոստոս 25,2006 00:00

Առայժմ հայրենիքը լքել է միայն Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ղեկավար Միքայել Կոտոյանը

Արվեստագետների շրջանում գաղտնիք չէ այն փաստը, որ Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Երվանդ Ղազանչյանը, Գ. Սունդուկյանի, Դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Վահե Շահվերդյանը, Արմեն Խանդիկյանը, Միքայել Կոտոյանը (որը ինչպես տեղեկացրել ենք, շուրջ 2 ամիս է՝ ինչ Ամերիկայում է) շահել են Գրին քարտ: Ե. Ղազանչյանը հիշյալ քարտի տեր է շուրջ 4, Խանդիկյանը՝ 2 տարի, Շահվերդյանը՝ մի քանի ամիս:

Արդեն տարիներ շարունակ Գրին քարտ ունեցող ղեկավարների հետ չզրուցեցինք, քանի որ եթե նրանք ընտրեին Ամերիկան, հավանաբար վաղուց կբնակվեին այնտեղ: Հանդիպեցինք իր կոլեգաների համեմատ ուշ քարտի տեր դարձած Վահե Շահվերդյանի հետ, որը օրերս է վերադարձել ԱՄՆ-ից: Ըստ նրա, այդ քարտը իրեն հնարավորություն է տալիս ընդամենը «իմ ցանկությամբ արձակուրդներին գնալ-գալ: Օրինակ, այս անգամ Ամերիկայում գտնվելու ժամանակահատվածում՝ 20 օր, զբաղված էի դարձյալ թատրոնի խնդիրներով՝ բանակցություններ էի վարում ապագայում մեր հյուրախաղերի հետ կապված եւ այլն»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ եթե վաղը, օրինակ, ընդունվի մի օրենք, որ Գրին քարտ շահած քաղաքացին պետք է անպայման բնակվի ԱՄՆ-ում. «Ոչ միայն իմ անունից, այլեւ Ղազանչյանի, Խանդիկյանի կողմից էլ կարող եմ հայտարարել, որ այդ դեպքում մենք կհրաժարվենք Գրին քարտից»:

Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, հայերի համար այդ բաղձալի քարտից չկարողացավ հրաժարվել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանը: Երեկ մենք կապվեցինք թատրոնի տնօրեն Ալբերտ Ժամհարյանի հետ, որը հայտնեց հետեւյալը. «15 օր առաջ Կոտոյանի հետ հեռախոսազանգ ենք ունեցել: Նա հայտնեց, որ ինքն այլեւս չի վերադառնալու ԱՄՆ-ից: Քանի որ մարդը զանգել, հայտնել է իր մտադրության մասին եւ թատրոնն արդեն շուրջ երկու ամիս գեղարվեստական ղեկավար չունի, մշակույթի նախարարության հետ պայմանավորվեցինք այդ հարցը լուծել սեպտեմբերի սկզբներին»: Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հարմար թեկնածու է տեսնում ճանաչված թատերագետ Լեւոն Մութաֆյանին: Վերջինս էլ նրա խնդրանքով արդեն ստանձնել է գեղարվեստական ղեկավարի պարտականությունները: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գայանե Դուրգարյանը Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր տեղի առնչությամբ մեզ հայտնեց. «Մոտ օրերս թատրոնի տնօրենը սահմանված կարգով գեղարվեստական ղեկավարի իր թեկնածուին կներկայացնի նախարարությանը»:

Ըստ մեր աղբյուրների, Վանաձորում ոչ միայն թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այլեւ տնօրենի աթոռի համար էլ է աժիոտաժ սկսվել: Այսպես. Վանաձորի քաղաքապետը թատրոնի դերասան Մայիս Սարգսյանին խոստացել է տնօրենի պաշտոնը, ընդ որում, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, Սարգսյանը արդեն տեր է դարձել ԹԳՄ-ի Վանաձորի բաժանմունքի շենքին: Ի դեպ, այն սեփականաշնորհվել է առանց ԹԳՄ նախագահ Ե. Ղազանչյանի իմացության: Գեղարվեստական ղեկավարի թափուր տեղի համար էլ թատրոնի նախկին գեղղեկավար Սոֆա Սողոմոնյանը եւ իր ամուսինը՝ բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանը, փորձել են ստորագրահավաքի միջոցով տնօրեն «հաստատել» դերասան Մայիս Սարգսյանին, բայց՝ ապարդյուն:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել