Համալսարանների
առատության մեջ հետզհետե կրթության համակարգից դուրս է մղվում միջին մասնագիտական
կրթությունը, որն էլ նրանց տնօրենների շրջանում լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսանում:
Հասարակության մեջ նույնպես ձեւավորվել է այն կարծիքը, թե քոլեջ ավարտածը
«բանի պետք չէ»: Դա ապացուցվել է նաեւ պրակտիկայով, ասենք՝ քոլեջն ավարտած դասվարին
հեռացրել են աշխատանքից եւ տեղն ընդունել բուհի շրջանավարտին: Հավանաբար դա է պատճառը,
որ քոլեջները չեն կարողանում անհրաժեշտ դիմորդների քանակ ապահովել: Այստեղ կարծես
թե ետին պլան է մղված որակի խնդիրը եւ տնօրենների միակ «դարդն ու ցավը» դիմորդների,
ինչը ենթադրում է, ֆինանսական միջոցների ներգրավումն է: Մասնավորապես, Գեղարքունիքի
մարզի Վարդենիսի պետական քոլեջի համար ԿԳՆ-ն հատկացրել է 140 տեղ, որից 12-ը՝ անվճար
(4 մասնագիտությունների գծով՝ 3-ական տեղ), մինչդեռ քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանն
«Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս տարվա համար ակնկալվում է ունենալ 80-100 դիմորդ
(նախորդ տարի եղել է 120 դիմորդ): Վարդենիսի քոլեջում մրցույթ հասկացությունը երկար
տարիներ է՝ ինչ իր նպատակին չի ծառաում: Քանի որ ուսանողների «դեֆիցիտ» ունեն, ուստի
եւ բոլոր դիմորդներն էլ միանգամից, առանց ընդունելության քննությունների դառնում
են ուսանող: Մրցույթ ասվածը իրեն չի արդարացնում նաեւ անվճար տեղեր դիմողների համար,
քանի որ այստեղ էլ դիմողների պակաս է զգացվում, ասենք, 3 տեղի համար հայտ է ներկայացնում
2 դիմորդ: Այսինքն, սա հաստատում է մեր այն միտքը, որ գլխավորը քոլեջներում ոչ թե
որակն է, այլ՝ քանակը: Ակամայից այս փաստն իր խոսքում հաստատեց նաեւ պրն Կարապետյանը.
«Մի քանի տարի առաջ մեզ մոտ ընդունվում էին իրոք լավագույնները, այսօր նրանք գնում
են համալսարաններ: Նույնիսկ մտածում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, եթե անվճար տեղեր
ընդհանրապես չլինեն, քանի որ ֆինանսական լուրջ խնդիր ունենք: Վարդենիսում գործատուներ
էլ չունենք, որ մեր շրջանավարտներն աշխատեն՝ դրանով նրանց շահագրգռենք, մեր շրջանավարտների
ընդամենը 10-20 տոկոսն է աշխատում»: Տնօրենի տեղեկացմամբ, մի քանի տարի առաջ իրենց
շրջանավարտները դպրոցներում լավ աշխատում էին, օպտիմալացումից հետո այլեւս հնարավոր
չէ աշխատանք գտնել: Թափուր տեղեր կան գյուղական դպրոցներում, սակայն դա էլ շահեկան
չէ երիտասարդ մասնագետների համար: «Ավելի շատ սոցիալական խնդիր ենք լուծում՝ երիտասարդներին
կտրելով գյուղական միջավայրից, թե չէ լայն հնարավորություններ չունենք»,- ասում է
Ա. Կարապետյանը: Քոլեջում աշխատում է 40 մանկավարժ, բոլորն էլ տեղացի են:
Ըստ տնօրենի, լավ կլիներ, որպեսզի մանկավարժներ հրավիրվեին նաեւ դրսից, սակայն ֆինանսական
միջոցները թույլ չեն տալիս: Հավանաբար ոչ մի մասնագետ դրսից չի գա եւ տեղացիների
նման 18 հազար դրամով չի աշխատի: Արամ Կարապետյանի միակ հույսը կառավարության
տված խոստումներն են, որ 2007թ. բարեփոխումների անիվը դպրոցից կպտտվի դեպի քոլեջ:
Թեեւ այս քոլեջն ունի համապատասխան շենքային պայմաններ, սակայն չունի կահավորված
լսարաններ: Ըստ զրուցակցիս, թեեւ քոլեջի արտաբյուջեի հաշվով տարեկան մոտ 500 հազար
դրամի շինարարություն է արվում, բայց դա նույնպես քիչ է: Գրադարանը 1980-ականներից
այս կողմ չի թարմացվել: Միակն իրավագիտությունն է, որի գրականությունը 1-2 օրինակով
մերթընդմերթ թարմացվում է: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ