Համոզված
է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Սերգեյ Բիչախչյանը Որպես
բուհական համակարգի երկարամյա աշխատակից, ես զարմացած եմ այն ամենից, ինչ այսօր տեղի
է ունենում: Ինչպես ամեն տարի, այնպես էլ ընթացիկ տարում մեր բուհը ձեռնամուխ եղավ
ընդունելության քննությունների կազմակերպմանը, եւ ահա օրերս տեղեկանում ենք, որ կառավարությունում
քննարկվել է երեք բուհերի ուսանողներին բանակից տարկետում տալու խնդիրը եւ այդ կապակցությամբ
ընդունվել է որոշում, համաձայն որի 2006/2007 ուս.տարում զինտարկետման իրավունք է
վերապահվում Սլավոնական համալսարանում 200 ուսանողի, Ֆրանսիական համալսարանում՝ 70,
իսկ Ակադեմիայում՝ ընդամենը 30 ուսանողի: Ըստ որում, համաձայն օրենքի՝ այդ որոշումը
պետք է ուժի մեջ մտնի պաշտոնական տեղեկագրում տպագրվելուց 10 օր անց: Մամուլից մեզ
հասած տեղեկության համաձայն՝ որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին, մինչդեռ այսօր
օգոստոսի 24-ն է, իսկ որոշումը դեռեւս պաշտոնապես հրապարակված չէ: Այսինքն՝ եթե այն
«Պաշտոնական տեղեկագրում» տպագրվի նույնիսկ վաղը, ապա ուժի մեջ է մտնելու միայն սեպտեմբեր
ամսից, հետեւաբար, մեր կարծիքով, իրավաբանորեն այն չի կարող տարածվել այս տարվա ընդունվածների
վրա, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության, իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Հայտնի է նաեւ այն, որ բոլոր բուհերը, այդ թվում մեր հաստատությունը, գործող կարգի
համաձայն՝ ամիսներ առաջ հայտարարել են իրենց ընդունելության պայմանների մասին: Եվ
մեր Ակադեմիան հիմք ընդունելով ՀՀ Կառավարության համապատասխան որոշումը, մատնանշել
է ուսանանող տղաներին զինտարկետում տալու հանգամանքը: Ոչ մի ատյանից մեզ չի ասվել,
որ նման որոշում է սպասվում: Վերջերս միայն ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ինձ ասաց,
որ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տեղյակ չէ կառավարության վերոհիշյալ
որոշումից: Այս դեպքում զարմանալի է, որ միայն 4 տարի հետո է ասվում այդ մասին: Ես
չէի ուզենա հարցը տեղափոխել քաղաքական դաշտ, այլ նախ կցանկանայի խոսել խնդրի մասնագիտական
եւ բարոյական կողմի մասին: Արթուր Բաղդասարյանի անմիջական ջանքերի շնորհիվ ստեղծվել
են երկու հեղինակավոր բուհեր՝ Ֆրանսիական համալսարանը եւ Եվրոպական ակադեմիան, որոնք
իրոք լուսավոր հաստատություններ են եւ ունեն բարձր համարում ինչպես հանրապետությունում,
այնպես էլ արտերկրում: Մեր տարածաշրջանի որեւէ երկրում այսպիսի բուհեր չկան: Մեզ
մոտ սովորում են ուսանողներ Իրանից, Լիբանանից, Ռուսաստանից, Իսրայելից, Վրաստանից
եւ այլ երկրներից: Ըստ որում, նկատվում է օտարերկրացի ուսանողների թվի աճ, ինչը պատիվ
կարող է բերել մեր երկրին՝ այն իրոք դարձնելով տարածաշրջանային կրթական կենտրոն:
Նշված բուհերի կրթական ծրագրերի նախաձեռնողը եղել է Արթուր Բաղդասարյանը: Այս կրթական
նախագիծը յուրօրինակ է նաեւ նրանով, որ առաջին դեպքում ֆինանսավորվել է ֆրանսիական
կառավարության, մյուս դեպքում՝ Եվրոպական միության կողմից: Դա տարիների հետեւողական
աշխատանքի արդյունք է, եւ պատահական չէ, որ այդ երկու բուհերը բացվել են ՀՀ նախագահի
եւ այլ երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ դեսպանների մասնակցությամբ:
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, որը պաշտոնապես բացել է այս երկու բուհերը եւ իր ելույթներով
ողջունել է այս ծրագրերը, պետք է կարողանա կասեցնել անհարկի այս հարձակումները: Ի
վերջո, այս տիպի Եվրոպական համալսարաններ խիստ սակավաթիվեր կրներում են գործում:
Սա որոշակի ձեռքբերում է եւ իրական ներդրում մեր երիտասարդության ապագայի համար:
ՍԵՐԳԵՅ ԲԻՉԱԽՉՅԱՆ ԵՏԱ ռեկտոր Պարոն Բիչախչյանի այլ
մեկնաբանությունները՝ հաջորդիվ: