Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի զագսում աթոռ չկա

Օգոստոս 25,2006 00:00

Այս քարուքանդ հիմնարկում նորապսակներն ամաչում են նկարահանել իրենց ամուսնության գրանցումը:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը (զագս) ամենաանմխիթար վիճակում գտնվող հիմնարկներից մեկն է: Շենքն այնքան անհրապույր է, որ նորապսակներն ու զագսի աշխատողները չեն ցանկանում ամուսնական գրանցումները նկարահանել, քանի որ, նրանց բնութագրմամբ, «նորապսակներն այդ գորշության մեջ խամրում են»:

Զագսը զբաղեցնում է Հրազդանի շախմատի դպրոցի առաջին հարկը: Շենքի շեմից քարուքանդ է մինչեւ տանիք: Այն տարիների ընթացքում քայքայվել է եւ առաստաղին առաջացած խոռոչներից, ամենաթույլ անձրեւի դեպքում էլ, շենքի ներսը թրջվում է: Իսկ հորդառատ տեղումների ժամանակ պարզապես ջրհեղեղ է լինում: Վարչության առաջին կարգի մասնագետ Անահիտ Մկրտչյանի խոսքերով. «Ստիպված ծաղիկներ ու բույսեր ենք աճեցնում, եւ անձրեւների ժամանակ դրանք դնում ենք խոռոչների տակ ու սենյակի անկյուններում, որպեսզի ջրերը լցվեն դրանց մեջ, ուրիշ հնար չկա»: Նկատենք, որ զագսի աշխատակիցները աշխատանքը կորցնելու վախից չէին համարձակվում շենքի քարուքանդ վիճակից սրտանց բողոքել: Փոխարենը զագսի անհարմարություններից, աշխատակիցների սպասարկումից ու անբարյացակամ վերաբերմունքից բողոքեցին վարչության հետ առնչված քաղաքացիները: Նրանք հիմնականում դժգոհում էին սպասասրահի պայմաններից, որտեղ, քաղաքացիների խոսքերով, «նմուշի համար նույնիսկ մի աթոռ չկա, որպեսզի ժամերով հերթ կանգնածները նստեն»: Մինչդեռ զագսում իրականացվում է 10-11 քաղաքացիական գործարք. մահվան թղթի, երեխայի ծննդականի, ամուսնալուծության եւ այլ հարցերով ամեն օր զագս են այցելում ու ժամերով հերթ կանգնում ծերեր, հղիներ ու նոր ծննդաբերած կանայք: «Առավոտի» հետ զրույցում Ա. Մկրտչյանը հավաստիացրեց, որ չնայած նման պայմաններին, իրենք հնարավորինս աջակցում են հերթում կանգնած հղիներին, ծերերին, ովքեր ի վիճակի չեն երկար ոտքի վրա կանգնել՝ տրամադրելով իրենց աշխատասենյակի աթոռները: Քաղաքացիների հետ բոլոր գործարքներն իրականացվում էր մեկ սենյակում, որտեղ եղած սովետական գույքը հնացել, քայքայվել ու մաշվել էր: Ա. Մկրտչյանի հետ զրուցելիս աթոռը փուլ եկավ եւ քիչ էր մնում ընկնեի: Սպասասրահը զուրկ էր լուսավորությունից, իսկ պատերը մամռակալել եւ խոնավությունից սեւացել էին: Հատկապես հակասանիտարական վիճակում էին զուգարանն ու լվացարանը, ուր ամեն ինչ կեղտի մեջ կորած էր:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել