Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՏՀԱՐՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ՞ՆՆ Է

Օգոստոս 25,2006 00:00

Խաչաղբյուրի
համայնքապետը իրեն չընտրած գյուղացիներից վրեժ է լուծում Գեղարքունիքի մարզի
Խաչաղբյուր գյուղում խոտհարքի բիզնեսը գյուղապետի եւ իր թիմակիցների ձեռքում է: Գյուղացիները
ստիպված են խոտի մեկ տուկի համար վճարել այնքան, որքան կպահանջեն, քանի որ այլընտրանք
չունեն: Բանն այն է, որ նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններից հետո ներկայիս
գյուղապետ Հակոբ Գաբոյանը «թարսվել» է իրեն չընտրողների հետ ու որոշել խոտհարքից
զրկելու միջոցով նրանց պատժել: Մարզպետարանի պահուստային խոտհարքները, որոնց համար
պետք է հայտարարվեր աճուրդ եւ ցանկացած անասնապահ գյուղացի կարող էր գնել դրանք,
պարզապես մի օր դարձել են թաղապետի 10 ընկերների սեփականությունը: Մարզպետարանի 25
հա խոտհարքն էլ ձեռք է բերել ինքը՝ գյուղապետը, որը անասնապահությամբ չի զբաղվում
եւ գյուղացիների ներկայացմամբ՝ «սկի մի ուլ չունի»: Գյուղապետարանից «Առավոտին» հավաստիացրին,
որ աճուրդ եղել է, պարզապես դրան մասնակցել է 10 հոգի: Մինչդեռ, ըստ գյուղացիների,
«մենք անցկացված աճուրդի մասին տեղյակ չենք եղել, հետո ենք իմացել, որ խոտհարքներն
իրար մեջ բաժանել են»: Նկատենք, որ խոտհարքի բիզնեսը բավականին եկամտաբեր
է: Ամռան այս սեզոնին 1 տուկ խոտն արժե 1000-1200 դրամ: Գյուղացիների հաշվարկով՝
մեկ կովի համար ձմռանը նախատեսվում է 80-90 տուկ, այսինքն՝ եթե նույնիսկ ամռան գներով
ձմռանը խոտ առնեն, մեկ կովի համար պիտի ծախսեն մոտ 96-110 հազար դրամ, որը մտնելու
է գյուղապետի ու իր մարդկանց գրպանը: Երբ գյուղացիների բողոքը փոխանցեցինք
գյուղապետին, նա ի պատասխան ասաց. «Եթե դուք ինձ հարցնեիք՝ բացի ստամոքսի հարցը լուծելուց,
համայնքի բնակիչն ինչո՞վ է զբաղված, խնդիրն ավելի լավ կհասկանայիք: Մարդն ինչքան
տգետ է, այնքան հեշտ է կառավարվում: Եթե այդպես է, դա քաղաքականություն չէ: Իհարկե,
գյուղացիները աճուրդի մասին չեն իմանա, որովհետե լրատվական միջոց չկա, թերթեր չեն
կարդում, այն հասու չէ բոլորին: Բայց թերթում այդ մասին հայտարարություն եղել է,
եւ աճուրդի անցկացման կանոնակարգը չի խախտվել»: Փաստորեն, իմանալով, որ գյուղացիներին
թերթը հասու չէ, նրանք թերթ չեն կարդում, որպես աճուրդի մասին տեղեկացման տարբերակ՝
գյուղապետարանն ընտրել է մարզային թերթը, մինչդեռ այդ թերթը գյուղ ընդհանրապես չի
մտնում, միայն լինում է գյուղապետի աշխատասեղանին: Ըստ գյուղացիների, մարզի «Քյավառ»
հեռուստաալիքը բոլոր բնակիչներն էլ դիտում են, եւ գյուղապետարանը կարող էր իրենց
հեռուստատեսության միջոցով տեղեկացնել աճուրդի մասին. «Եթե նույնիսկ փող էլ չունենայինք՝
վարկ կվերցնեինք, պարտք կանեինք՝ խոտհարք կառնեինք, որովհետեւ մեր միակ ապրուստի
միջոցը դա է»: Մեր տեղեկություններով՝ գյուղապետի թիկունքին կանգնած է Գեղարքունիքի
մարզից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա հովանավորությունն այնքան մեծ է
Հակոբ Գաբոյանի վրա, որ վերջինս գյուղամիջով անցնելիս «լայաղ» չի անում իրեն բարեւող
գյուղացիների բարեւն առնել: Gյուղն էլ օր օրի դատարկվում է ու աղքատանում: Անասնակերի
բացակայության պատճառով արդեն սկսվել է անասունների զանգվածային սպանդ: Գյուղացիները
մտավախություն ունեն, որ 4-5 տարվա ընթացքում իրենց անասնաքանակը չեն կարողանա վերականգնել:
Եթե նախորդ տարիներին գյուղի կոմբայնները չէին բավականացնում արտերը հնձելու համար,
ապա այս տարի գրեթե պարապուրդի են մատնված, քանի որ հնձելու արտեր չկան: Մեկ հա հացահատիկի
արտից գյուղացիները ստանում են 200-400 կգ բերք, այսինքն՝ հնձում են միայն իրենց
ցանած սերմը: Շատերը չեն համարձակվում իրենց արտերին ձեռք տալ, քանի որ ստացածով
նույնիսկ չեն կարող կոմբայնավարի գումարը տալ: Այն, որ գյուղի վիճակն ահավոր
է՝ ընդունում էր նաեւ Հ. Գաբոյանը. «Մեր համայնքն անտերության է մատնված, հարեւան
համայնքներն արդեն երկու տարի է՝ պետական բյուջեով ներքին ճանապարհներն են սարքում,
իսկ մեր համայնքային ճանապարհներն ավելի վատ են, միայն թրթուրավոր տրակտորներով կարող
ենք անցնել: Դա ոչ գյուղապետի շնորհքն է, ոչ էլ գյուղապետից է կախված: Բազմիցս դիմել
եմ, բայց մեզ գումար չեն տալիս»: Ի դեպ, այս տարի ամբողջ մարզին կառավարությունը
հատկացրել է 666 տոննա հացահատիկ: Ըստ Խաչաղբյուրի գյուղապետի, դա «ցուցադրական օգնություն
է, քանի որ եթե նույնիսկ դրանից մեր գյուղին էլ բաժին հանեն, 1 հա-ի համար ստացվում
է ընդամենը 30 կգ օգնություն»: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել