Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ Է»

Օգոստոս 25,2006 00:00

Գնահատում
է Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավար, ՀՀ որակավորման բարձրագույն
դասի արբիտր Սուրեն Մամիկոնյանը: «ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ շուրջ
1 ժամ տեւողությամբ առանձնազրույցի ընթացքում ես հիմնավորել եմ, որ պետական ծառայողներին
պաշտոններից ազատելու մասին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի ստորագրած ծանուցումն
իրավական առումով թերի եւ անգրագետ ձեւակերպած փաստաթուղթ է»,- մեր զրույցի ընթացքում
հայտնեց ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավարը: Սուրեն Մամիկոնյանը նշեց,
թե շուրջ 15 տարի աշխատել է դատական մարմնի ղեկավար, որի վարույթում եղել են նաեւ
վարչական իրավահարաբերություններից առաջացած վեճեր. «Եվ հայտնում եմ, որ ԱԺ աշխատակազմում
սկսված ոչ իրավաչափ գործողությունները չդադարեցնելու դեպքում ստիպված կլինեմ վիճարկել
խախտված իրավունքը պատկան ատյաններում»: «Առավոտում» հրապարակվել էր այս ծառայության
կազմած փաստաթուղթը, որի առնչությամբ Տիգրան Թորոսյանը նշել էր, թե այդ ծառայությունը
չունի եզրակացություն տալու գործառույթ: Մինչդեռ Սուրեն Մամիկոնյանը նշեց. «Պետական
ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով ԱԺ աշխատակազմում շրջանառության
մեջ դրված ծանուցմանը իրավական գնահատական տալը համարում եմ սովորական գործառույթ,
քանի որ տարիներ շարունակ ԱԺ աշխատակազմում իմ կողմից ղեկավարվող կառուցվածքային
ստորաբաժանումը (իրավաբանական վարչություն կամ ծառայություն) աշխատակազմում շրջանառության
մեջ դրված փաստաթղթերի վերաբերյալ իրավաբանական փորձաքննություն է իրականացրել, տվել
մասնագիտական եզրակացություն եւ այն հիմնավորել ու պաշտպանել՝ քննարկումների ժամանակ:
Ուղղակի այս անգամ փաստաթուղթը վերաբերում է ԱԺ աշխատակազմում կազմակերպված զանգվածային
կրճատման գործընթացին»: Նա վկայեց, թե կրճատման այս փորձերը նոր չեն. «Վերջին
տարիներին օրենսդրի հզորացման տարբեր ծրագրեր հայտնվեցին աշխատակազմում: Եվ տարբեր
երկրների խորհրդարանների փորձն ընդօրինակելու առաջարկների բազմազանության պայմաններում
աշխատակազմի ղեկավարի կողմից փորձեր էին արվում աշխատակազմի վերակազմակերպման միջոցով
կատարել ցանկալի կադրային փոփոխություններ»: Ըստ իրավաբանական ծառայության ղեկավարի՝
իրենց մասնագիտական եզրակացություններով մերժվեցին ներկայացված առաջարկները, «քանի
որ դրանք հիմնականում վերաբերում էին երկպալատանի կառուցվածք ունեցող օրենսդիր մարմինների
աշխատակազմերի գործառույթներին եւ չէին կարող նպաստել ՀՀ օրենսդիր մարմնի աշխատակազմի
աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Չնայած դրան (ծրագրերի գործունեությունն
արդարացնելու համար), աշխատակազմի ղեկավարի համառ առաջարկներով, 2004-ին կատարվեցին
կառուցվածքային փոփոխություններ, սակայն մարդիկ չզրկվեցին աշխատանքից: Ներկայումս
օգտվելով նպաստավոր պայմաններից՝ աշխատակազմի նույն ղեկավարի կողմից կազմակերպվել
է կառուցվածքային փոփոխություններ կատարելու նոր գործընթաց, որն ունի զանգվածային
կրճատման բնույթ»: Սուրեն Մամիկոնյանը նշեց, թե կրճատումների նախազգուշացումից
բացի՝ կառուցվածքային փոփոխությանը վերաբերող հարցերը լիարժեք չեն քննարկվել ԱԺ աշխատակազմում,
պետական ծառայողները տեղյակ չեն եղել դրանց մասին: Միջանկյալ հիշատակեց, որ
«ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 34 հոդվածում ամրագրված
է, թե «աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված անձը անփոփոխելի է»: Ըստ պրն Մամիկոնյանի՝
«Հայտնի է, թե այդ անհիմն ու մասնագետների կարծիքին հակառակ ձեւակերպումն ինչպես
հայտնվեց օրենքում… Դրանից հետո «անփոփոխելին» շարունակում է ներկայացնել ինքնուրույն
մտածողություն ունեցող եւ վերլուծություն կատարելու ունակությունների տեր փորձառու
մասնագետների ներկայությունից ազատվելու փոփոխությունների առաջարկներ՝ տարբեր պատրվակներով»:
ԱԺ նախագահն ասուլիսում հայտնել էր, թե կրճատվող աշխատակիցներից որեւէ մեկը
չի ներկայացրել ոչ մի առարկություն, բացի Սուրեն Մամիկոնյանից: Վերջինս հայտնեց.
«Աշխատանքային օրենսդրությունը չի նախատեսում գործատուի կողմից արված ծանուցմանը
աշխատողի համաձայնություն (կամ անհամաձայնություն) տալու ընթացակարգ, այլ ենթադրում
է աշխատողի կողմից ծանուցմանը ծանոթանալու գործընթաց: Այսինքն՝ չի կարելի աշխատողի
կողմից որեւէ փաստաթղթին ծանոթանալու նպատակով ստորագրություն դնելն անվանել այդ
փաստաթղթին տրված համաձայնություն: Աշխատողը կարող է ծանոթանալ ցանկացա՛ծ փաստաթղթի
հետ՝ համաձայն չլինելով վերջինիս բովանդակությանը, եւ այն հետագայում բողոքարկել
դատական կարգով: ԱԺ աշխատակազմի ղեկավարը հավանաբար ծանոթ չի եղել աշխատանքային օրենսդրության
վերոհիշյալ նորմին եւս: ԱԺ նախագահի կազմակերպած խորհրդակցության ժամանակ իմ ելույթում
հայտնել եմ անհամաձայնություն: Ծանուցագիրը ես չեմ ստորագրել, քանի որ այն համարում
եմ թերի եւ օրենսդրության խախտումներով կազմված փաստաթուղթ: Կազմողի ու ստորագրողի
գրագիտության մակարդակից զարմացած լինելով՝ ցավով նշում եմ, որ այդ մակարդակով հնարավոր
չի լինի ապահովել աշխատանքի արդյունավետությունը»: Սուրեն Մամիկոնյանը բացի
այս ծառայությունից, որն, ըստ Տիգրան Թորոսյանի, զբաղված էր միայն նամակներին պատասխանելով՝
նաեւ ԱԺ նախագահին կից այն խորհրդի ղեկավարն էր, որը ստեղծվել էր ԱԺ նախագահին ուղղված
նամակներին պատասխանելու նպատակով: ԱԺ նախագահը լուծարեց այս երկու կառույցներն էլ:
«Փորձը ցույց է տալիս, որ լսելու ցանկության դեպքում՝ ժողովուրդը ասելու շատ բան
ունի օրենսդիր մարմնի ղեկավարին,- նկատեց պրն Մամիկոնյանը, որն, ի դեպ՝ ՕԵԿ անդամ
է:- ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը լսելու ցանկություն եւ պահանջ ուներ՝
դրա համար էլ նրան շատ էին գրում»: Մեր զրույցի ավարտին մեկ անգամ եւս պարզաբանեց,
որ իր վիճարկումները վերաբերում են «ոչ թե ԱԺ լիազորությունների ընդլայնման ներկա
փուլում սկսված կառուցվածքային փոփոխություններին, այլ պետական ծառայողների զանգվածային
կրճատումներին եւ կադրային ջարդին, որն աշխատակազմի ղեկավարի կողմից կազմակերպվել
է օրենսդրության պահանջների խախտումներով: Սահմանադրական փոփոխություններով նախատեսված
(73 հոդված) ԱԺ հանձնաժողովների թվի կրկնապատկման մասին դրույթի առկայության պայմաններում
նույնիսկ օրենսդրությամբ սահմանված կարգով կադրային ռեզերվ ստեղծելու առաջարկությունը
չի ընդունվում եւ աշխատակազմում աճած փորձառու մասնագետներին հնարավորություն չի
ընձեռվում ներգրավել իրենց կարողությունների չափով: Այս ամենից կարող եմ մի հետեւություն
անել, որ նախընտրական ժամանակահատվածում նման երեւույթների դեմ պայքարելու համար՝
մասնագիտականից բացի, պարտադրվում է լայնածավալ քաղաքական գործունեություն սկսելու
անհրաժեշտությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել