Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ԹԵ ՄԱՐՄԻՆՍ, ԱՅԼ ԱՐՎԵՍՏՍ ԵՄ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ»

Օգոստոս 24,2006 00:00

Ասում է ստրիպ պարող Արեն Բարսեղյանը

Եվրոպայում եւ աշխարհում դեռ անցյալ դարասկզբից ստրիպտիզը դիտվում է արվեստի ճյուղ, բնականաբար, այն ներկայացնողները՝ արվեստագետներ: Միայն անցյալ դարի 90-ականներից Հայաստանում գիշերային ակումբներում հայտնվեցին հայ ստրիպ պարուհիներ, իսկ 21-րդ դարի նախաշեմին՝ ստրիպ պարողներ: Այսօր Հայաստանում տղամարդ պարողներից մնացել է միայն մեկը՝ Արենը, որը սիրով զրուցեց «Առավոտի» հետ: Մյուս երեքը վաղուց աշխատում են արտերկրում:

Մեր զրուցակիցը ժամանակին հանդես է եկել Երեւանում գործող «Կարմեն», «Տոքսիկ» (արդեն չեն գործում), «Լունա», «Սկարլետ» գիշերային ակումբներում, դուետով հանդես եկել ինչպես հայ, այնպես էլ արտերկրից հրավիրված ստրիպ պարուհիների հետ: Տեւական ժամանակահատված է, ինչ Արենը դադարեցրել է ելույթները երեւանյան գիշերային ակումբներում: Ըստ նրա, այստեղ ստրիպ պարողը ասոցացվում է համասեռամոլի հետ. «Պարզապես հիասթափվել եմ: Գուցե մեր մենթալիտետն է պատճառը, բայց ճիշտ չէ 21-րդ դարում պահպանել դեռ խորհրդային մտածողությունը»: Դիտարկմանը, թե ստրիպ պարողի ելույթը չի՞ սկսվում ու ավարտվում միայն սեփական մարմնի առանձին մասեր ընդգծող տարբեր շարժումներով, Արենը հակադարձեց. «Ես մարմին չեմ ցուցադրում, ավելի շատ աշխատում եմ պիլոնի (ձողի) հետ: Եվ ընդհանրապես, ստրիպտիզ արվեստը պարի, երաժշտության յուրօրինակ սինթեզ է, իմ դեպքում՝ համեմված ավելի շատ ակրոբատիկ շարժումներով»:

Գիշերային ակումբներում ստրիպ պարուհիների դեպքում գործում են տարբեր օրենքներ, օրինակ, այցելուները կարող են նրանց հրավիրել իրենց սեղանի մոտ հանդես գալու (որը կոչվում է table danse) կամ պարզապես զրուցելու (consummation), ինչպես նաեւ այցելուի ցանկությամբ ստրիպ պարուհին կարող է առանձնանալ եւ իր արվեստը ցուցադրել միայն նրա համար (private danse), իսկ սովորաբար հայաստանյան ակումբներում գերիշխում են ստրիպ պարուհիների ելույթները՝ ներքնազգեստներով: Արենից հետաքրքրվեցինք՝ իր դեպքում գործո՞ւմ են վերը շարադրված օրենքները: Նա տեղեկացրեց, որ ինքը ելույթներ է ունեցել միայն topless (մերկ մինչեւ գոտկատեղը), նշելով, որ հայրենիքում աշխատելու իր հիասթափության հիմնական պատճառը ստրիպ ակումբների այցելուների վերաբերմունքն է. «Աշխատելով ձողի հետ՝ լսում եմ տարբեր ռեպլիկներ: Օրինակ՝ էս տղամարդո՞ւ աշխատանք ա, լավ, ամոթ չի՞, բա մեզ՝ հայերիս սազո՞ւմ ա, եւ այլն»: Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են դեպքեր, երբ կին այցելուն իրեն հրավիրել է սեղանի մոտ՝ պարզապես շփվելու համար: «Իհարկե, եղել է, բայց կրկնում եմ, ես ստրիպ ակումբներում գործող ոչ մի օրենքի Հայաստանի պայմաններում, հասկանալի պատճառներով, չեմ ենթարկվել: Եղել է նաեւ, որ գումար են առաջարկել՝ դա էլ եմ մերժել»,- նշեց Արենը: Հարցապնդմանը՝ կարելի՞ է մտածել, որ ձեզ շատ են վճարում, դրա համար եք հրաժարվում անհատների գումարից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե Ռուսաստանում մեկ պարի վճարը գիշերային ակումբում սկսվում է 50 դոլարից, մեզ մոտ ակումբի տնօրինությունը ողջ գիշերվա համար վճարում է 3-5 հազար դրամ: Խնդրում եմ հիասթափությունս սիրածս աշխատանքից՝ չկապեք ֆինանսի հետ: Ես արդեն նշեցի հիմնական պատճառը: Ի դեպ, առաջիկայում, գուցե ժամանակավորապես, հեռանամ Հայաստանից: Առայժմ զբաղված եմ անձնական խնդիրներով՝ պատրաստվում եմ ամուսնանալ հայ ստրիպ պարուհու հետ»: Զրույցի ընթացքում Արենը տեղեկացրեց, որ ինքը հանդես է եկել նաեւ Գյումրիի, Մարտունիի, Վանաձորի, Արցախի գիշերային ակումբներում: Մեր զրուցակիցը համաձայն է նաեւ, որ տղամարդկանց ստրիպտիզը եկամտաբեր բիզնես է, իսկ թե ինչու այն Երեւանում մինչ օրս չի գործում, պատասխանեց հայտնի ֆիլմի արտահայտությամբ. «Սա Ռիո դե Ժանեյրոն չէ»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել