Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը ոչ մի կերպ չի հասնում Կապան

Օգոստոս 24,2006 00:00

Զոհվածների ընտանիքները մատնվել
են մոռացության «Առավոտի» խմբագրությանն է դիմել 118 կապանցի՝ զոհված ազատամարտիկների
մայրեր, որդիներ եւ այրիներ: Ըստ կապանցիների, խաղաղ պայմաններում ՊՆ ենթակա
կառույցներում ծառայողները բարձր աշխատավարձ են ստանում եւ նեցուկ են իրենց ընտանիքներին։
Մինչդեռ պետության կողմից նշանակված խղճուկ թոշակը ոչ մի կերպ չի բավականացնում զոհված
ազատամարտիկների զավակներին գոյատեւելու, տնից հեռու՝ Երեւանում վարձով բնակվելու,
սովորելու համար։ «ՊՆ ենթակա կառույցներում աշխատող զինծառայողները վարձով բնակվելու
համար ստանում են գումարային փոխհատուցում»,- շարունակում են նրանք։ Ազատամարտիկների
հարազատները գտնում են, որ հնարավոր է Երեւանում սովորող, ժամանակավորապես վարձով
բնակվող զոհվածի երեխային էլ այդ փոխհատուցումը տալ՝ մինչեւ ուսման ավարտը։ Նրանք
նաեւ ասում են, որ 1992 թ. հունիսի 21-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից
տրված արտոնություններից ոչ մի կետ չի կիրառվում։ Այն վերացվել է 2004թ. հունվարից՝
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից։ «Կերակրողին կորցնելու համար զոհվածի այրին ոչ մի
գումար չի ստանում։ Տխուր նայում ենք արտերկրից վերադարձած ուրախ հարեւաններին, որոնք
փախել էին պատերազմից։ Կյանքի ամեն մի դժվարություն, չդադարող հրետակոծությունները,
մութ եւ ցուրտ ծանր տարիները անցկացրինք։ Հիմա, երբ երկիրը վերջապես դուրս եկավ փակուղուց,
բոլոր փորձություններին դիմակայած մեր ընտանիքները գտնվում են լքված ու անելանելի
վիճակում», -իրականությունը ներկայացնում են նրանք։ Ըստ նրանց, պետական այրերը մոռացել
են, որ պարտք ունեն հայրենիքի համար զոհվածների ընտանիքների առջեւ։ ՀՀ նախագահի
2002 թվականի հունիսի N 1106 հրամանով 1992-94 թթ. զոհված ազատամարտիկները հետմահու
արժանացան արիության մեդալների։ Կապանցի 9 զոհված ազատամարտիկ այդպես էլ չարժանացավ
նշված մեդալներին։ «Ունենք զոհված ազատամարտիկների՝ բարձրագույն կրթությամբ երեխաներ,
որոնք աշխատանք չունեն։ Չի լուծվել բնակարանների խնդիրը։ Յուրաքանչյուր նոր տարվա
սկզբին հաստատվում է բնակարաններին հատկացվող գումարը, որը ոչ մի կերպ չի հասնում
Կապան։ Ադրբեջանը քնած սպային կացնահարող ճիվաղին ազգային հերոս է հռչակում, իսկ
Հայաստանում հայրենիքի նվիրյալների ընտանիքները մատնվել են մոռացության։ Չգիտենք՝
ինչպես եւ ում մեղադրենք, երբ հայն է հային հալածում»,- նշում են նրանք։ Երեւանում
գործում է ՊՆ զինծառայողների սոցիալական վարչություն, որի աշխատանքը, ըստ դիմումատուների,
չի ծառայում նպատակին, ձեւական բնույթ է կրում։ 118 նամակագիրները
գրել էին նաեւ, որ ունեն տեղեկանքներ, որտեղ նշված է, թե տրվում է զոհվածի ընտանիքին՝
սահմանված զեղչերն ու արտոնությունները ձեւակերպելու համար. «Նախկինում օգտվել ենք
այդ ծառայություններից։ Այսօր, երբ վերացվել են այդ արտոնությունները, չգիտես՝ ում
համար են աշխատում ՊՆ ԶԱԾ վարչության աշխատողները։ Շենք են զբաղեցնում՝ Նաիրի Զարյան
22 հասցեում, ունեն աշխատողներ, բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենաներ, քարտուղարուհիներ»։
Հավելելով իրենց խոսքը, նրանք ասացին նաեւ, որ պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների
ընտանիքների 30%-ը աշխատում էր, կանանց մեծ մասը թիկունքում եւս ետ չի մնացել աշխատանքից։
Սակայն երբ պատերազմը ավարտվել է, այդ ընտանիքներին կամաց-կամաց ազատել են աշխատանքից՝
հաշվի չառնելով, որ նրանք զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել