Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՎՈԵՎԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱ՞Ն ԶՈՀ

Օգոստոս 24,2006 00:00

Հնարավոր է, գործարարը կանխատեսումն էր իր ճակատագիրը

Հայտնի եւ ոչ միանշանակ համբավ ունեցող Ալեքսանդր Գիվոեւը, ըստ շրջանառվող լուրերի, մոտ մեկ ամիս առաջ առաջարկել է ժողովրդի շրջանում հայտնի ու անհայտ մարդկանց, նաեւ լրագրողներին՝ ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում եւ աջակցել անդամագրման գործընթացին: Եվ ահա, շաբաթներ անց նրան սպանում են օրը ցերեկով: Թե որքանով է սպանությունը կապված ընտրությունների հետ՝ հուսով ենք կբացահայտի նախաքննությունը: Սակայն չի բացառվում, որ հենց այդպես էլ լինի: Մինչ դետալներին անցնելը, նշենք, որ Ա. Գիվոեւը իր զրույցներում ուրվագծում էր հնարավոր զարգացումների սցենարները, որոնցից մեկը եւ ամենագլխավորը մեզ հայտնի տարբերակն է. իշխանության եկած մարդիկ նախ կիսում են ազդեցության ոլորտները, արդյունքում թշնամություն է առաջանում եւ դրան հետեւում են վրեժն ու ֆիզիկական հաշվեհարդարը միմյանց նկատմամբ: Միգուցե սա ինչ-որ տեղ նաեւ սեփական ճակատագրի կանխատեսումն էր, քանի որ լծվելով իշխանության մի թեւի քարոզչության գործին (եթե իսկապես այդպես է), գուցե անցանկալի էր դարձել իշխանության մյուս հզոր թեւի համար: Ծայրահեղություններով ու կոնֆլիկտային էությամբ Գիվոեւը իր հետեւից կարող էր տանել ամենաքիչը այն հարյուրավոր անապահով ընտանիքներին, որոնց երեխաների կնքահայրն էր:

Բացի այդ, ընտրությունների եւ Ա. Գիվոեւի սպանության միջեւ մի տրամաբանական կապ էլ կարելի է գտնել: Այն հավանաբար նախազգուշացում էր բոլոր այն հեղինակություններին, ազդեցիկ մարդկանց, ովքեր նախընտրական ու ընտրական շրջանում կհայտնվեն ոչ ճիշտ ճամբարում: Նրանց կվերացնեն ցանկացած ժամի, ցանկացած տեղում, ցանկացած եղանակով: Դեռ կենդանության ժամանակ Գիվոեւն ասում էր. «Հանցագործներին որպես անհատականություն բացահայտ ձեւերով «արմատախիլ անելը» քարանձավային անքաղաքավարություն է: Դա ազգային գենոֆոնդն աստիճանաբար վերացնելու անմիջական վտանգ է»: Նա չէր մոռանում հիշեցնել իր զրուցակիցներին, որ «մենթերը» բոլոր անհատականություններին ճնշել չեն կարող, քանի որ ամեն օր հասարակության մեջ են դուրս գալիս նոր «զեկեր»: Նրանք դուրս են գալիս այնպիսի տեսքով ու «տրամադրությամբ», ինչպիսին դաստիարակել է հասարակությունը՝ ոստիկանության դաստիարակների միջոցով:

Այդուհանդերձ, եթե վերը նշված վարկածը մոտ է իրականությանը, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հանցաշխարհը հայտնվում է իշխանության մեջ ու կողքին, ինչո՞ւ ենք զարմանում, որ ընտրություններից առաջ իշխանությունները առիթ գտնում են համաներում հայտարարելու:

Հանցաշխարհի մի մասը միգուցե չգնա ընտրական խաղերի, եթե նրան չներքաշեն ու չառաջադրեն խաղի պայմանները: Եթե չընդունես՝ շատ հնարավոր է, որ ճակատագրովդ պատասխան տաս: Ուստի զարմանալի չէ, որ շատ հեղինակություններ, հանցաշխարհի ներկայացուցիչներ ընդունում են խաղի կանոնները: Նրանք կոմպրոմիսային տարբերակով, ասենք, ընդգրկվում են այն կուսակցության նախընտրական ցուցակում, որտեղ իրենց «դաբրո» են տալու՝ նախկինում չլուծված հարաբերություններն իրենց հարմար եղանակով լուծելու համար: Կարծում ենք, սխալված չենք լինի, եթե կանխատեսենք, որ մինչեւ ընտրություններ եւ ընտրությունների ժամանակ կլսենք քրեական հեղինակությունների շատ անուններ:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել