Շինարարության արգելքի որոշումը կա, բայց վերահսկող չկա
Արդեն 8 տարի է՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող 28/20 շենքի բնակիչները պայքարում են մի սրճարանի դեմ, բայց ոչ մի արդյունքի չեն հասնում: Սովորաբար բնակիչները նման դեպքերում անզոր են լինում այն ժամանակ, երբ սրճարանատերը վերեւներում «թափով» մարդ է ունենում: Սակայն սա այն դեպքերից է, երբ սրճարանատերը հասնում է իր ուզածին՝ պարզապես «զոռբայության» գնով՝ առանց քաղաքային իշխանությունների աջակցության:
Սրճարանը կառուցվել է դեռեւս 1998-ին՝ բակի կանաչապատ տարածքների հաշվին: Այդ ժամանակից ի վեր բնակիչների հանգիստը խաթարվել է. դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, Ազգային ժողով: Արդյունքում՝ Քաղաքաշինական պետական տեսչությունն արգելել է բացօթյա սրճարանի շահագործումը՝ կառուցապատողին պարտադրելով ապահովել կանաչապատ տարածքի վերականգնումը: Սակայն այդպես էլ ոչ սրճարանն է այդ խաչմերուկից վերացել, ոչ էլ կանաչ տարածքներն են վերականգնվել: Ավելին՝ բնակիչների հավաստիացմամբ՝ կառուցապատողները գիշերվա ուշ ժամերին թաքուն գալիս են ու շինարարություն անում: «Առավոտյան զարթնում ենք՝ մի նոր ատրիբուտ ենք տեսնում, ուզում են քիչ-քիչ սրճարանը ոտքի կանգնեցնեն, շինարարներին չենք կարողանում բռնացնել, որովհետեւ գալիս են 1-2 ժամ աշխատում ու գնում»,- բողոքեցին բնակիչները: Նրանցից մեկի՝ Էմմա Հարությունյանի ներկայացմամբ, երբ սրճարանը գործում էր, իրենց կյանքը մղձավանջի էր վերածվել. «Հաճախորդները մեկ-մեկ բորբոքվում ու սկսում էին իրար հայհոյել, անընդհատ աղմուկ, քրքջոցներ էինք լսում, մեկ էլ գիշերվա ժամը հազարին ինչ-որ մեկը սրճարանում հարբած իր կյանքն էր պատմում, երգում: Երբ հաճախորդ էլ չէր լինում, իբր մատուցողները սկսում էին սրճարանը մաքրել ու սեղան-աթոռները էնպես էին դմբդմբացնելով տանում, որ քնել չէինք կարողանում: Մենք ուզում ենք մեր տանը զգալ ինչպես մեր տանը, ոչ թե փողոցում»:
Նկատենք, որ սրճարանը գտնվում է 28/20 շենքից ընդամենը 5 մետր հեռավորության վրա՝ համարյա բնակիչների պատուհանների տակ, ուստի դրա շահագործումն անթույլատրելի է: Չնայած սրճարանատիրոջը պարտադրվել էր դադարեցնել իր օբյեկտի շահագործումն ու վերականգնել կանաչ տարածքները, վերահսկող մարմինը՝ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը, չի հետեւել, որ այդ պահանջը կատարվի: Խնդրի առնչությամբ 3-4 օր շարունակ փորձեցինք պարզաբանումներ ստանալ վարչության պետից, բայց քարտուղարուհին պատասխանում էր, որ «պետը տեղում չէ»: Վարչության պետի տեղակալն էլ հրաժարվեց խոսել, ասելով՝ «ես արձակուրդի մեջ եմ, այդ տարիներին չեմ աշխատել, խնդրին տեղյակ չեմ, ճշտեք որեւէ այլ մեկից»: Տարածքը սպասարկող տեսուչներից մեկի՝ Նարեկ Գրիգորյանի պարզաբանմամբ՝ «դա քաղաքապետի որոշումն է, այդտեղ ոչ մի սրճարան էլ չի կառուցվում, օծանելիքի սրահ է: Շինությունը օրինական է, բողոքելու հարկ չկա»:
ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ