Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացիր Իրանի պատասխանից

Օգոստոս 24,2006 00:00

Զգուշացիր
Իրանի պատասխանից Օգոստոսի 22-ին Իրանը, ի վերջո, պաշտոնապես
պատասխանեց «վեցյակի» կողմից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳԴՀ) ավելի
վաղ իրեն ներկայացված առաջարկություններին: Հիշեցնենք, որ այն վերաբերում
էր Իրանի միջուկային նկրտումներին եւ իրենից ներկայացնում էր տնտեսական ու էներգետիկ
ծրագրերից բաղկացած համալիր մի «փոխհատուցում»՝ ուրանի հարստացման աշխատանքներից
Թեհրանի հրաժարման դիմաց: Ինչպես հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ
Դանա Փերինոն, ամերիկյան վարչակազմն արդեն ստացել է Թեհրանի պատասխանի պատճենը, որն
ավելի վաղ Թեհրանում երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
Ալի Լարիջանիի կողմից հանձնվել էր մնացյալ հինգ շահագրգիռ երկրների դեսպաններին:
Փերինոն հրաժարվել էր լրագրողներին որեւէ կերպ մեկնաբանել փաստաթղթի բովանդակությունը՝
նշելով միայն, թե նախագահի խորհրդականները դեռեւս չեն հասցրել լիարժեքորեն ծանոթանալ
դրան: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Իրանի ներկայացրած բավականաչափ ծավալուն այդ փաստաթուղթը
մեկնաբանելուց հրաժարվել են նաեւ Պետդեպում: Նշվում է միայն, թե ԱՄՆ արտաքին գերատեսչության
անանուն մի աղբյուրի համաձայն, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ընդհատել է արձակուրդն
ու միացել խնդրո առարկա փաստաթուղթը «համակողմանիորեն վերլուծողների» խմբին: Թեհրանի
պաշտոնական պատասխանի կապակցությամբ բավական զուսպ մի հայտարարություն է արել Եվրամիության
անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Վերջինս
նշել է միայն, թե այդ փաստաթուղթը «կարոտ է մանրակրկիտ եւ զգույշ ուսումնասիրման»:
Հիշեցնենք, որ հենց Սոլանան էր «վեցյակի» անունից այս տարվա հուլիսի 6-ին պաշտոնապես
Թեհրանին հանձնել «հակամիջուկային» առաջարկությունների փաթեթը: «Մինչ փաստաթղթի ուսումնասիրման
աշխատանքները շարունակվում են, ես մշտական շփումների մեջ կլինեմ մեր առանցքային համագործակիցների
հետ, ինչպես նաեւ պարբերաբար կհաղորդակցվեմ մեր հիմնական իրանական զրուցակցի՝ ԻԻՀ
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ»,- հավելել
է Սոլանան: Այս ամենով հանդերձ, Իրանի կողմից «վեցյակին» ներկայացված պատասխանի
բնույթի մասին գեթ հեռավոր պատկերացում կարող է տալ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ
Դանա Փերինոյի այն հիշեցումը, թե սովորաբար Իրանն իր ձեւակերպումներում դիմում է
«հռետորական ռազմավարության» օգնությանը, երբ խոսքն անմիջականորեն վերաբերում է միջուկային
ծրագրին եւ ուրանի հարստացմանը: Թեմայի համատեքստում թերեւս արժե հիշեցնել նաեւ ԱՄՆ
նախագահ Ջորջ Բուշի կողմից տառացիորեն երեք օր առաջ հնչեցված այն գնահատականը, թե
«ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար սխալ ու շատ վտանգավոր կլինի,
եթե Իրանը սկսի տիրապետել միջուկային զենքի»: Չփորձելով, իհարկե, գուշակություններ
անել, նկատենք միայն, որ Իրանի շատ կտրուկ «ոչ»-ին, թերեւս, կհետեւեր Վաշինգթոնի
նույնքան կտրուկ արձագանքը: Մնում է սպասել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել