Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը Վենետիկի հանձնաժողովն է

Օգոստոս 24,2006 00:00

ԿԸՀ-ի եւ ընդդիմադիրների դժգոհությունները երկրորդակա՞ն են

Երեկ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում են 100 տոկոս համամասնական ընտրություններ:

Այսպիսով՝ ընտրական օրենսդրությունը բարեփոխելու նախագծերն այժմ 3-ն են: Մի տարբերակը Շավարշ Քոչարյանինն է, մյուսը՝ այսպես կոչված, միասնական նախագիծն է: Սակայն ընդդիմադիրները թերեւս հրաժարվեն այս վերջին նախաձեռնության հեղինակային իրավունքից, քանի որ մեծամասնության հետ այդպես էլ ընդհանուր եզրակացության չեն հանգել 6 հոդվածների շուրջ: Խոսքը փոփոխությունների նախագծի այն հոդվածների մասին է, որոնք վերաբերում են ընտրական հանձնաժողովի անդամի հետկանչմանը, չսահմանված նմուշի ծրարներին եւ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման մերժմանը: Ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են չհամաձայնել նաեւ Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկություններին: Եվ ԱԺ նախագահի մոտ երեկ կայացած խորհրդակցության ժամանակ պայմանավորվել են այդ հարցերը քննարկել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպման ընթացքում:

Սակայն եթե քաղաքական ուժերին ավելի կամ պակաս չափով հաջողվում է ինչ-որ համաձայնությունների գալ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ, ապա այս հարցում կա առավել թունդ ընդդիմախոս՝ հանձին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Երեկ ասուլիսում «Առավոտի» հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ ԿԸՀ-ում անգամ տրամադիր են օրենսգրքի նման փոփոխություններն ընդունվելու դեպքում ամբողջ կազմով հրաժարական տալ, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ օրենք ընդունելիս ամենակարեւորը ԿԸՀ-ի հետ համաձայնությունը չէ: Իհարկե, պետք է լսել ե՛ւ ԿԸՀ-ին, ե՛ւ ցանկացած այլ կառույցի, կազմակերպության, որը որոշակի խնդիրներ է առաջադրում: Բայց բացարձակապե՛ս պարտադիր չի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր առաջարկությունները հաշվի առնվեն: Բոլոր առաջարկությունները, որոնք օգտակար կլինեն ընտրական գործընթացը բարելավելու համար՝ իհարկե, հաշվի կառնվեն:

Ավելին ասեմ: Ես կարծում եմ՝ անգամ առաջնահերթ չէ /չնայած սա շատ կարեւոր է/ քաղաքական ուժերի համաձայնությունը: Ամենակարեւորը փորձագետների կարծիքն է եղած նախագծի վերաբերյալ: Ի վերջո, քաղաքական ուժերը կարող են նաեւ ինչ-որ մի հարցում համաձայնության գալ, բայց սա իրավական առումով չլինի լավագույն լուծումը: Այսինքն՝ վստահ եմ, որ օրենք ընդունելիս շատ կարեւոր է քաղաքական համաձայնությունը, բայց մեկ աստիճան ավելի կարեւոր է փաստաթղթի իրավական որակը: Եթե քաղաքական համաձայնությունը ավելի ցածր որակի իրավական լուծմանն է միտված, ես համոզված եմ, որ ճիշտ կլինի, եթե խորհրդարանը ընդունի ավելի լավ իրավական լուծում»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել