Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոս 24,2006 00:00

Սա
է կրիմինալի դեմ պայքարի դեղատոմսը՝ ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի
Հայաստանյան ընդդիմությունն այս օրերին, առավել, քան երբեւէ, կենտրոնացած
է երկրում կրիմինալի դեմ պայքարի վրա, որով նա պայմանավորում է նաեւ գալիք ընտրությունների
անցկացումն ու դրանց համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին: Ավելին,
ընդդիմադիր շատ գործիչներ այսօր հայտարարում են իշխանության մեջ սողոսկած քրեականացված
տարրերի անունները հրապարակելու մասին: Պարզ չէ, սակայն, դա պոպուլի՞զմ է ընտրությունների
շեմին, թե՞ ընդդիմությունն, իրոք, երկրում կրիմինալի դեմ պայքարի արդյունավետ միջոց
հենց դա՝ անհատական մատնանշումներն է համարում: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես
Իգիթյանը երեկ մեր զրույցի ժամանակ ձեռնպահ մնաց որակումներից, բայցեւ նկատեց, թե՝
«ցանկացած նորմալ երկրում հասարակությունն՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների
ու կուսակցությունների, ինքն է պայքարում կրիմինալի դեմ՝ ունենալով երկրում տեղի
ունեցող իրադարձությունների վրա ազդելու գործառույթ: Այդպես է զարգացած երկրներում,
բայց ո՛չ Հայաստանում, որովհետեւ այլ երկրներում, ի տարբերություն Հայաստանի, հասարակությունն
ազդեցություն ունի ե՛ւ իշխանության ձեւավորման, ե՛ւ այդ իշխանությանը վերահսկելու
հարցում»: «Շատ ջանք պետք չէ գործադրել՝ իմանալու համար կրիմինալի ներկայացուցիչների
անունները: Բավական է անցնել փողոցով, տեսնել պետական շենքերի մոտ կայանած ու քաղաքում
շրջող ջիփերը, նրանց տերերի զբաղեցրած պաշտոնը՝ կրիմինալին մատնանշելու համար: Հայաստանը
փոքր երկիր է, եւ բոլորը գիտեն, թե ով ինչպես է ապրում: Կարծում եմ, հասարակությունը
անուններ գիտի: Ուստի՝ հարց է առաջանում. ասենք՝ հրապարակվեցին նրանց անունները,
հետո՞ ինչ: Տիգրան Թորոսյանն ասում էր՝ անուններ ասեք: Ինքը չգիտի՞: Ի՞նչ է նշանակում
կրիմինալ՝ իշխանության մեջ: «Կրիմինալը» միայն գանգստերը չի, որ ավտոմատն ուսից կախած
ման է գալիս ու կրակում: Ցանկացած մարդ, ով օրենք է խախտում՝ սկսած հարկեր չտալուց
մինչեւ կաշառք տալն ու վերցնելը, կրիմինալ է»,- ձեւակերպեց Հովհ. Իգիթյանը: Կրիմինալի
դեմ պայքարի հիմնական լծակը, ըստ նրա, հասարակության տեղեկացվածությունն է ու քրեածին
իրավիճակի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը: «Ինֆորմացված լինելը նշանակում
է՝ ազատ խոսք, ազատ մամուլ, լծակը՝ ազատ ընտրություններ, որոնք երկուսն էլ Հայաստանում
չկան»,- մանրամասնեց ՀՀՇ ներկայացուցիչը: Վերջինս արդեն ասվածին ավելացրեց եւս մեկ՝
իր ասելով, էլի կարեւոր պայման՝ եթե չկան ազատ ու իշխանությունների կողմից չվերահսկվող
ԶԼՄ-ներ՝ ընդդիմության ասելիքը հասարակությանը հասցնելու, տեղեկատվություն ապահովելու
համար, պետք է լինի ժողովրդի հետ շփման հնարավորություն: «Հիմա իշխանության մեջ եղած
ու նաեւ հանրահավաքների միջոցով իշխանության եկած նախկին ընդդիմադիրների ջանքերով
է, որ հնարավոր չէ ազատորեն հանրահավաքներ անել՝ առանց թույլտվություն ստանալու ու
քաշքշուկների, էլ չեմ ասում օրենքով ամրագրված սահմանափակումների մասին՝ այս շենքի
մոտ չի կարելի, այս դահլիճում չի կարելի եւ այլն»: Ու քանի որ կրիմինալի դեմ
պայքարի մասին խոսակցությունը սահուն անցում կատարեց ընտրություններին, մեր զրուցակիցն
անդրադարձավ նաեւ առաջիկա ընտրությունների հեռանկարին: «Այսօր տարբեր կուսակցությունների
ու առաջին հերթին ՀՀԿ-ի գործիչներն ասում են, թե բոլոր նախադրյալները կան 2007թ.
ընտրություններն արդար անցկացնելու: Ընդդիմության գործիչներն ասում են՝ ոչ, նախադրյալներ
չկան ու պահանջում են բարեփոխել ընտրական օրենսդրությունն ու ընտրական հանձնաժողովների
ձեւավորման կարգը: Ես կարեւորելով հանդերձ այդ երկու բաղադրիչները, այնուամենայնիվ,
դրանք երկրորդական եմ համարում: Չեն լինելու ազատ, արդար ու եվրոպական չափանիշների
ընտրություններ, որովհետեւ չկան դրա պարտադիր պայմանները՝ հասարակության տեղեկացվածությունը
ու նրա կողմից վերահսկողություն իրականացնելու մեխանիզմները: Ես կարող եմ ասել, որ
2007թ. ընտրություններն արդեն ձախողված են, որովհետեւ նորմալ ընտրություններ կազմակերպելու
համար առնվազն մեկ տարի երկրում ազատ մամուլ պետք է լինի, ինչն այսօր չկա»,- արձանագրեց
պրն Իգիթյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այսօր իշխանությունն ինքն է շահագրգիռ,
որ քաղաքական ուժերն ու գործիչները վարկաբեկված լինեն, թեկուզ՝ իշխանական ճամբարում,
որովհետեւ դրանով նրանք վարկաբեկում են ողջ քաղաքական դաշտը: «Այդ դեպքում հասարակության,
ընտրողների համար էլ է միեւնույնը՝ ի՞նչ տարբերություն, իրեն կաշառք տվողին կընտրի՞,
թե՞ չտվողին, երբ երկուսն էլ իշխանության գալով իրենց գրպանն են լցնելու: Իսկ հասարակությունը
մտածում է՝ եթե իշխանության գնալու ու սեփական գրպանը լցնելու համար հարկավոր է իր
քվեն, ապա թող կիսվեն իր՝ ընտրողի, հետ»,- ասաց Հովհ. Իգիթյանը՝ ըստ էության, ակնարկելով,
որ այդ դեպքում բարձր գաղափարներից խոսող գործիչն անգամ հասարակության աչքում հավասարվում
է նույն այդ կրիմինալի հետ: Խոսելով այսօր «հզորացած» ՀՀԿ-ի մասին՝ պարոն
Իգիթյանն ասաց, թե իրեն անհասկանալի է՝ այդ ինչո՞վ է հզորացել ՀՀԿ-ն. «Ի՞նչ է նշանակում
Ս. Սարգսյանով «ուժեղացնել» կուսակցությունը: Ի՞նչ է, նա նոր գաղափարո՞վ է մտել կուսակցություն,
թե՞ ՊՆ-ն է հզորացրել կուսակցությունը: Ովքե՞ր են ՀՀԿ-ն համալրած մարդիկ: Նրանք բոլորը,
որպես քաղաքական գործիչներ, «ճ» կլասի գործիչներ են: Եթե վարչական լծակով կամ փողատերերով
կուսակցության թվաքանակն ավելացվել է, դա արդյո՞ք կուսակցության հզորացման նշան է»:
ՀՀՇ ներկայացուցչի համոզմամբ, ՀՀԿ-ն ավելի հզոր էր ու ավելի մեծ վարկանիշ
ուներ 90-ականներին, հենց թեկուզ, երբ «նախկինների» հետ «Հանրապետություն» բլոկով
մտավ խորհրդարան: «Այն ժամանակ այդ կուսակցությունը գաղափարախոսություն, Աշոտ Նավասարդյանի
նման լիդեր ուներ, ով իշխանության մեջ լինելով հանդերձ՝ չկար մի նիստ, որտեղ չխոսեր,
իր կարծիքը չհայտներ կառավարության մասին: 1995-ից հետո ամենադժվար մարդկանցից մեկը
կառավարության համար եղել է Ա. Նավասարդյանը: Սա էր հզորությունը: Նա չէր նայում՝
ինքը իշխանության մե՞ջ է, թե՞ չէ, մի բան որ տեսնում էր՝ արտահայտվում էր»,- եզրափակեց
Հովհ. Իգիթյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել