ԱԺ
նախագահը օգոստոսի սկզբին մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ ամսվա վերջին
ներկայացնելու է ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքը: Խոստացել էր, թե այդ նոր
կառուցվածքը, արված քայլերը նախ ներկայացնելու է ԱԺ խմբերին ու խմբակցություններին,
իսկ հետո նաեւ՝ լրագրողներին: Երեկ առավոտյան պրն Թորոսյանը հրավիրել էր խորհրդակցություն,
որին մասնակցել էին ԱԺ հանձնաժողովների նախագահները, խումբ-խմբակցությունների ղեկավարները:
Իսկ հետո էլ հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց, թե այդ խորհրդակցության
ժամանակ «որեւէ մեկը որեւէ առարկություն, անհամաձայնություն չի հայտնել այս գործընթացի
վերաբերյալ»: Միակ հակադարձողը՝ ՕԵԿ-ը, պարզվեց, որ չի արձագանքել այդ խորհրդակցությանը
մասնակցելու հրավերին: «Առաջին տպավորությունն այն էր, որ մարդ առաջին հայացքից
մեծ դժվարություններ ունի կողմնորոշվելու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ԱԺ աշխատակազմը,-
ասուլիսում հայտնեց ԱԺ նախագահը:- Որոշ բաժիններ հայտնվել էին անհասկանալի տեղերում,
օրինակ՝ թարգմանիչների բաժինը հայտնվել էր գործերի կառավարչությունում, նույնը՝ «Ազգային
Ժողով» ամսագրի խմբագրությունը: Արտաքին հարաբերությունների վարչությունում կար 6
բաժին, եւ մի քիչ տարօրինակ է, օրինակ՝ Արեւելքի, Ասիայի, Օվկիանիայի, Աֆրիկայի բաժնի
գոյությունը 3 աշխատակցով: Այստեղ վերադասավորումներ են արվել»: Միավորվել, մեկ կառույց
են դարձել հրատարակչական ծառայությունը եւ տպարանը: Լուծարված Տարածքային քաղաքականության
վերլուծության վարչությունը, ըստ պրն Թորոսյանի, ԱԺ աշխատանքներին առնչվող որեւէ
գործառույթ չուներ. «Ընդհանրապես, տարածքային կառավարման քաղաքականությունը զուտ
կառավարությանը հատուկ գործառույթ է, եւ, բնականաբար, այստեղ ԱԺ-ն անելիք չունի»:
Լուծարվել է Պատգամավորական բարեկամության վեհաժողովի քարտուղարությունը:
ԱԺ նախագահը նշեց, թե մշտապես գործող քարտուղարություններ ունենում են այն վեհաժողովները,
որոնք ունեն հանձնաժողովներ, եւ դրանք նիստեր են գումարում լիագումար նիստերի միջեւ
ընկած ժամանակահատվածում. «Մեր վեհաժողովը հրավիրվում է 2 տարին մեկ, միայն անցկացվում
են լիագումար նիստեր, եւ բնական է, որ այդ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում
քարտուղարությունը մեկ անելիք ուներ՝ հրավերներ ուղարկել վեհաժողովի անդամներին եւ
զանգերի միջոցով ճշտել նրանց մասնակցությունը: Վստահ եմ՝ 2 տարի մշտապես գործող կառույց
պահել նման բան անելու համար, արդյունավետ չէ: Այդ հրավերները կարող է ուղարկել արտաքին
հարաբերությունների վարչությունը»: Հանգամանալից անդրադարձավ լուծարված իրավաբանական
ծառայությանը, որն ըստ նրա՝ զբաղվել է նամակներով, եւ ծառայության ղեկավարը միաժամանակ
ղեկավարել է այն խորհուրդը, որը ստեղծվել էր ԱԺ նախագահին ուղղված նամակներին պատասխանելու
համար: «Որեւէ անելիք չուներ ԱԺ գործունեության հետ կապված,- ծառայության վերաբերյալ
դարձյալ պնդեց պրն Թորոսյանը:- ԱԺ նախագահի նամակների պատասխանները պատրաստելու համար
նույնպես նման անհրաժեշտություն չկար»: Դրանով զբաղվելու է 1 աշխատակից: Իրավաբանական
ծառայության ղեկավար Սուրեն Մամիկոնյանն, ըստ պրն Թորոսյանի՝ առարկել է. «Ասաց, որ
իրենք շատ կարեւոր առաքելություն ունեին՝ ապահովել ընտրողների եւ ԱԺ նախագահի կապը:
Ես ասացի, թե այն կապը, որ հիմա կա՝ դրանից գոհ եմ: Ինքս, երբ անհրաժեշտ է՝ հանդիպում
եմ, ինքս, երբ անհրաժեշտ է՝ նամակները նայում, պատասխանում եմ: Այնպես որ, լրացուցիչ
մարդկանց կարիքը չունեմ, որ իմ եւ ժողովրդի միջեւ կապ ապահովեն»: Մեր թերթը
երեկ հրապարակել էր այս ծառայության պատրաստած տեղեկանքը, ըստ որի՝ պետական ծառայողներին
զբաղեցրած պաշտոններից ազատելու նպատակով ԱԺ աշխատակազմի ծանուցումը չի համապատասխանում
ՀՀ օրենսդրությանը: «Ծանուցումը եւ լուծարումները բացարձակապես տարբեր բաներ են,-
նշեց պրն Թորոսյանը:- Ծանուցումը ընդամենը մեկ քայլ է լուծարման գործընթացի մեջ եւ,
եթե անգամ ծանուցման մեջ ինչ-ինչ թերություններ լինեին, սա բացարձակապես հարցականի
տակ չէր դնում գործընթացը: Գործընթացը լիովին համապատասխանում է «ԱԺ աշխատակազմում
պետական ծառայության մասին» օրենքին, «Աշխատանքային օրենսգրքին», եւ որեւէ խնդիր
չկա սրա հետ կապված»: ԱԺ նախագահը հայտնեց, թե լուծարել է նաեւ նամակներով
զբաղվող խորհուրդը, եւ մյուսներն էլ թերեւս կլուծարի: Ըստ պրն Թորոսյանի, այդ խորհուրդներից
որեւէ մեկը նիստ չի գումարել 2005-ի դեկտեմբերից հետո, իսկ ասենք՝ երիտասարդության
խորհուրդը՝ անգամ 2004-ից հետո. «Որեւէ հետք, հետեւանք ես չեմ կարողացել հայտնաբերել
խորհրդարանում այդ խորհուրդների գործունեության վերաբերյալ»: Տիգրան Թորոսյանը բազմիցս
ընդգծեց, թե չի ցանկանում այս ամենի հետ կապված գնահատական տալ այն ամենին, ինչ արվել
է մինչ իր ընտրությունը: Եվ «168 ժամ»-ի հարցին, թե «այդքան անիմաստ վարչություններ
ստեղծելը, դրանց համար գումարներ հատկացնելը պետական միջոցների վատնո՞ւմ է, թե՞ ոչ»՝
պատասխանեց, թե նման որակումներ չի օգտագործել. «Ես ո՛չ դատավոր եմ, ո՛չ էլ դատախազ,
որ նման հայտարարություններ անեմ: Յուրաքանչյուր պատգամավորի, ԱԺ նախագահի գործունեության
գնահատական կարող է տալ հասարակությունը»: Իսկ «Երկիր մեդիա»-ի թղթակիցը հետաքրքրվեց,
թե արդյոք Տիգրան Թորոսյանը շարունակելո՞ւ է գոնե ամեն նստաշրջանից առաջ աստիճանների
վրա լրագրողների հետ հանդիպելու՝ Արթուր Բաղդասարյանի հաստատած ավանդույթը: «Կհանդիպե՛նք,
եթե ուզում եք աստիճանների վրա՝ աստիճանների վրա էլ կհանդիպենք: Ես պատրաստ եմ նման
հարցերում միշտ ընդառաջել»,- կատակեց ԱԺ նախագահը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ