Համոզված են Նիկոլայ Վալուեւն ու նրա մարզիչ Մանվել Գաբրիելյանը
Նիկոլայ Վալուեւը իր գյումրեցի մարզիչ Մանվել Գաբրիելյանի հետ միասին արդեն երեք շաբաթ է, ինչ Ծաղկաձորում նախապատրաստվում է հոկտեմբերի 7-ին Չիկագոյում նշանակված չեմպիոնական գոտու պաշտպանման մենամարտին: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է ամերիկացի Մոնտի Բարրետը: Վալուեւի հետ են նաեւ նրա մայրը՝ Նադեժդա Միխայլովնան ու չորսամյա որդին՝ Գրիգորին:
Մարզիչն ու սանը ամենայն լրջությամբ են նախապատրաստվում կայանալիք մենամարտին ու խուսափում են լրատվամիջոցների հետ հանդիպումներից: Հավաքի ավարտին «Առավոտի» մարզական մեկնաբանի հետ հարցազրույցը բացառության կարգով էր:
– Նիկոլայ, կարծես ավանդույթ է դարձել, որ դու մարզչիդ հետ պատասխանատու մենամարտերին նախապատրաստվում ես Ծաղկաձորում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այն արդյունքով, որ մնում է լեռներում մարզվելուց հետո: Արդեն չորրորդ տարին անընդմեջ հավաքն անցկացնում ենք այստեղ: Մարզվում եմ խստորեն հետեւելով մարզչիս կազմած ու հաստատած ծրագրին: Մարզումներն այստեղ նվիրված են ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստականությանը: Ծաղկաձորն ինձ դուր է գալիս: Հայաստանում արդեն բազմաթիվ ընկերներ ունեմ: Մարդիկ ու հյուրանոցի աշխատակիցներն ինձ արտակարգ լավ են վերաբերվում: Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ Ծաղկաձորում անցնող իմ օրերը «չոր մարզումներով» ու անհետաքրքիր չեն անցնում: Եթե ազատ ժամանակ էլ լինում է, այն հագեցվում է տարբեր տեսակի հետաքրքիր իրադարձություններով: Ասեմ նաեւ, որ որդուս՝ Գրիգորիի կնքահայրը հայ է՝ Գեւորգ Մուրադյանը: Ապրում է Պետերբուրգում: Նա ռեստորանային սեփական բիզնես ունի:
– Բոլորովին վերջերս դու երկու վիրահատություն ես տարել: Որքան տեղյակ եմ, դրանք այնքան էլ բարդ չեն եղել: Կհասցնե՞ս մինչեւ Բարրետի հետ մենամարտը ապաքինվել:
– Նման բան էլի է եղել: Հիմա էլ վերականգնումը նորմալ է ընթանում: Մենք այն արհեստականորեն արագացնելու նպատակ չենք հետապնդում: Մարզչիս հետ հատուկ վարժությունների միջոցով մինչ այդ օրը ամեն բան կկարգավորենք:
– Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել ես 44 մենամարտ ու բոլորում էլ հասել ես հաղթանակի: Դրանց մեջ կա՞ մեկը, որն ամենից ավելի է տպավորվել:
– Չկա մենամարտ, որը չհիշվի: Ռինգում տարած յուրաքանչյուր հաղթանակ յուրովի թանկ է ու տարբերվում է մյուսներից: Դրա համար էլ որեւէ մեկն առանձնացնել չեմ կարող ու չեմ ուզում:
– 32 մենամարտ ավարտել ես ժամանակից շուտ՝ նոկաուտով: Դա ինչ-որ բան ասո՞ւմ է:
– Ես ինձ նոկաուտյոր չեմ համարում: Որքան գիտեմ, մասնագետներն էլ այդ կարծիքին են:
– Այդուհանդերձ, արդյունքը տպավորիչ է: Հարվածիդ ուժը չափե՞լ ես:
– Ոչ: Անհրաժեշտություն չեմ տեսնում:
– Վալուեւի դեմ մենամարտին բոլորն էլ առանձնահատուկ լրջությամբ են նախապատրաստվում: Իսկ դո՞ւ:
– Ես նույնպես: Բոլոր մրցակիցներն էլ մեկը մյուսից տարբերվում են: Մրցակցին անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել: Ոչ մի դեպքում նրան թերագնահատել չի կարելի: Մանավանդ մեր քաշային կարգում:
– Հոկտեմբերի 7-ին ամերիկացի Բարրետի հետ մենամարտում պիտի պաշտպանես չեմպիոնական գոտիդ: Հայաստանում քո երկրպագուները շատ են: Ի՞նչ ես մտածում այդ մենամարտի մասին: Հաղթելո՞ւ ես:
– Նախ շնորհակալ եմ բոլոր հայաստանցիներին, ովքեր ցավում են ինձ համար: Արդեն ասացի, որ մրցակիցներիս հարգանքով եմ վերաբերվում: Ինչ վերաբերում է հաղթելուն, գոտիս զիջելու մտադրություն չունեմ:
– IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ միեւնույն ակումբում ես: Մտերի՞մ եք:
– Արթուրին լավ եմ ճանաչում: Բայց ափսոս, որ խիստ հազվադեպ ենք տեսնվում: Մեր մարզումային գրաֆիկները գործնականում չեն համընկնում: Անգամ մարզադահլիճ տարբեր ժամերի ենք հաճախում:
– Օրերս Մասկաեւի տարած հաղթանակի առիթով ասել էիր, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր վարկածներում գերծանր քաշային կարգի չեմպիոնները հիմա նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչներն են: Դա նշանակո՞ւմ է, որ բռնցքամարտի խորհրդային դպրոցը լավագույնն է աշխարհում:
– Ասենք այսպես. ճանաչում ունի: Բայց չի կարելի ասել, թե այդ դպրոցը զուտ խորհրդային է: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, բռնցքամարտիկներն սկսեցին արտասահման գնալ ու շատ բան սովորեցին հենց այնտեղ: Այն ժամանակ ԽՍՀՄ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկար:
– Սիրողական բռնցքամարտում քանի՞ մենամարտ ես անցկացրել: Այնտե՞ղ էլ միայն հաղթանակներ ես տարել:
– Ոչ: Անցկացրած 13 մենամարտերից երեքում պարտվել եմ:
– Որտե՞ղ է ավելի դժվար՝ պրոֆեսիոնա՞լ ռինգում, թե՞ սիրողականում:
– Ամեն տեղ էլ դժվար է: Ով լուրջ չի մարզվում, քրտինք ու արյուն չի թափում, ատամներ չի սեղմում, նյարդեր չի քայքայում, ասպարեզից արագ դուրս է գալիս:
– Պրոֆեսիոնալ բռնցքամարտն էապես տարբերվում է սիրողականից: Ինչո՞վ:
– Այդ երկու դպրոցները համեմատել դժվար է: Վերջին տարիներին կատարված փոփոխություններից հետո սիրողականն ավելի հեռացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտից: Սիրողականում ավելի շատ հաշվի է առնվում հարվածների քանակը, պրոֆեսիոնալում՝ դիպուկությունն ու հարվածի ուժը:
– Վիկ Դարչինյանն ասում է, որ սիրողական բռնցքամարտում մրցավարությունը, որպես կանոն, կողմնակալ է, իսկ պրոֆեսիոնալում ամեն բան անհամեմատ ավելի արդար է…
– Համաձայն եմ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մրցակիցները 12 ռաունդ ունեն, որպեսզի որոշեն, թե ով ով է: Համեմատաբար թույլ բռնցքամարտիկը ռինգում այդքան երկար ժամանակ փախչել կամ դիմանալ չի կարող: Այստեղ, իրոք, հաղթում է նա, ով ուժեղ է:
– Բռնցքամարտից բացի, էլ ի՞նչ մարզաձեւ ես սիրում:
– Երեւի թե, ոչ մի:
– Տղադ՝ Գրիշան, չորս տարեկան է: Ի՞նչ կցանկանայիր դառնար:
– Նախ՝ մարդ, ապա՝ տղամարդ, ուժեղ տղամարդ:
– Իսկ բռնցքամարտի՞կ:
– Թող ինքը որոշի: Ժամանակ դեռ շատ ունի: Մի բան գիտեմ. որեւէ բան պարտադրելը սխալ է: Թող իր մեջ բացահայտի այն, ինչ տվել է բնությունը:
– Շնորհակալություն հարցազրույցի համար: Հայաստանցի մարզասերները Նիկոլայ Վալուեւին մաղթում են միայն հաղթանակներ:
Մանվել Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք առաջիկա համարներից մեկում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ