Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍԸ»՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 23,2006 00:00

Ադրբեջանցիները վայնասուն են բարձրացրել մրցույթի անցկացման վայրի պատճառով

Սեպտեմբերի 2-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս Կովկաս-2006» տիտղոսի շնորհման արարողությունը: Մրցույթի կազմկոմիտեի նախագահ, FASHION GROUP ընկերության հիմնադիր Արման Անտոնյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մրցույթը կանցկացվի «Խաղաղություն Կովկասում» կարգախոսի ներքո: Հյուրերն ու մասնակիցները նախ կհյուրընկալվեն ԼՂՀ-ում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, կտեղեկացվեն Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Այնուհետեւ մրցույթի ողջ ընթացքի, Արցախի ու Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանվի, որը կցուցադրվի «Միր» միջպետական ու կովկասյան գրեթե բոլոր հեռուստաընկերություններով: Ըստ «Միսս Կովկասի» կազմակերպչի, մրցույթի հաղթողը կստանա հոկտեմբերին Չեխիայում կայանալիք «Միսս տուրիզմ-2006» մրցույթի ուղեգիր: Հաղթողին կշնորհվի կիսաթանկարժեք քարերից պատրաստված արծաթե թագ եւ դրամական մրցանակ, որի չափը չբարձրաձայնվեց: Հիշեցնենք, որ «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթը 2003-ին անցկացվել է Նալչիկում, 2004-ին՝ Վլադիկավկազում, անցյալ տարի՝ Երեւանում:

Արդեն երկրորդ տարին է, որ մրցույթը անցկացվում է Հայաստանում, ինչը Ադրբեջանի եւ ադրբեջանամետ ուժերի բուռն դժգոհությունն է առաջացրել: 2005-ին եւ այս տարի Ադրբեջանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել «Միսս Կովկասին», պատճառաբանելով, որ չի ուզում մրցել «չճանաչված պետության»՝ Ղարաբաղի մասնակցի հետ:

«Անցած տարի ադրբեջանական մամուլից տեղեկացանք, որ անգամ իրենց Միլի մեջլիսում եւ ԱԳՆ-ում քննարկել են «Միսս Կովկաս» նախագծի հարցը: Ի հեճուկս ադրբեջանցիների, այս տարի մրցույթի մի մասը կանցնի Արցախում: «Միսս Կովկասը» միայն գեղեցիկ միջոցառում չէ, այն նաեւ քաղաքականություն է՝ համախմբել կովկասյան ժողովուրդներին ընդհանուր գաղափարի՝ խաղաղ ապրելու շուրջ»,- նշեց Արման Անտոնյանը: Ի դեպ, «Միսս Կովկասում» գործում է քվեարկության եվրատեսիլյան սկզբունքը: Օրինակ, Հայաստանը չի կարող քվեարկել Հայաստանի մասնակցի օգտին:

«Անցյալ տարի հաղթողը՝ Ինեսա Թադեւոսյանը, Ջավախքից էր: Ուրախ ենք, որ նա ազգությամբ հայուհի է»,- ասաց Ա. Անտոնյանը: Իսկ ինչպե՞ս է որոշվում, թե որ երկրում պիտի անցկացվի «Միսս Կովկասը»: Ըստ կազմակերպչի, մրցույթի անցկացման վայրը որոշում է 20 տնօրեններից բաղկացած (այդ թվում՝ Երեւանի, Թբիլիսիի, Պյատիգորսկի, Ռոստովի, Մայկոպի ներկայացուցչությունների) խորհուրդը: «Առաջարկս՝ այս անգամ մրցույթն անցկացնել Ղարաբաղում, սիրով ընդունվեց տնօրենների խորհրդի կողմից, իսկ Ղարաբաղի տեսարժան վայրերին ծանոթանալու գաղափարը անչափ դուր եկավ նրանց»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին՝ գեղեցկուհիներին գնահատելու չափանիշները նո՞ւյնն են, ինչ մյուս գեղեցկության մրցույթներում, «Միսս Կովկասի» կազմկոմիտեի նախագահը պատասխանեց. «Բնականաբար՝ 90-60-90 պարամետրերը պարտադիր են, բայց հաշվի է առնվում նաեւ կովկասյան կոլորիտը: Քանի որ «Միսս Կովկասը» առաջիկայում ներկայանալու է միջազգային մրցույթների, ամեն դեպքում պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին»: Իսկ ի՞նչ է սպասվում «Միսս Կովկաս-2006» տիտղոսակրին: «Մենք մի նախագիծ ունենք, որի շրջանակներում հաղթողը պետք է համապատասխան պատվիրակության հետ շրջի ամբողջ Կովկասում ու խաղաղություն քարոզի գեղեցիկի միջոցով»,- ասաց պրն Անտոնյանը: Անդրադարձ եղավ նաեւ «Միսս Հայաստան»- «Միսս Կովկաս» փոխհարաբերություններին: «Առանձին կառույց է «Միսս Կովկասը» եւ «Միսս Հայաստանի» հետ բոլորովին կապ չունի: Բայց մենք պատրաստ ենք օգտակար լինել ու համագործակցել «Միսս Հայաստանի» հետ: Սկզբունքորեն «Միսս Հայաստան» տիտղոսակիրը պետք է մասնակցեր «Միսս Կովկասին», բայց երբեք այդպես չի եղել»,- նշեց Ա. Անտոնյանը: Նա նաեւ ավելացրեց. «Այս միջոցառումը միջպետական նախագիծ է եւ պետք է կառավարության կողմից եւս ֆինանսավորվի, ինչը չի արվում: Բայց մենք առանձնապես չենք էլ ձգտում դրան, քանի որ ինքներս ունակ ենք մեր շուրջը համախմբել այն մարդկանց, ովքեր ողջունում են մեր նպատակները եւ միջոցներ տրամադրում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել