Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային դատապարտում են գործազրկության

Օգոստոս 23,2006 00:00

Փոքր երկրում տարեկան 100-ից ավելի դիվանագե՞տ

Կենտրոնական կարգով այս տարի անցկացված բուհական ընդունելության քննություններին՝ նախատեսված 34388 դիմորդից մասնակցել է 31277-ը, որից 18-20 միավոր է ստացել 8342-ը, իսկ անբավարար գնահատական՝ 4056 դիմորդ: Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ «20» միավոր ստացել է 1433, «19» միավոր՝ 3452 դիմորդ: Արդեն հայտնի է, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների քանակը քիչ է աճել՝ 2006-ին՝ 12686, իսկ 2005-ին՝ 12171 դիմորդ է գրանցվել: Մասնագիտությունների առումով փոփոխություններ նույնպես շատ չեն նկատվել: Փոփոխություն գրեթե չի եղել ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների գծով, դիմորդների նվազում է նկատվել ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի, համակարգչային գործի բաժիններում՝ ի հաշիվ ՀՊՃՀ նույն բաժինների, ինչը, Ռ. Թոփչյանի կարծիքով, պայմանավորված է հիմնականում վերջինում վարձավճարի ավելի ցածր լինելով: Դիմորդների հիմնական աճը եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, իսկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դիմորդների թիվը աճել է շուրջ 100-ով: Անդրադառնալով գանգատարկումներին, նշենք, որ 364 աշխատանքի միավոր բարձրացվել է, մեկը իջեցվել եւ անփոփոխ է թողնվել 1481-ը: Ըստ մարզերի դիմորդների առաջադիմության, Լոռու մարզի դիմորդները բարձր ցուցանիշներ են ստացել քիմիայից, Սյունիքից ժամանածները՝ աշխարհագրությունից: Բոլոր առարկաների գծով ցածր ցուցանիշներ են եղել Վայոց ձորի մարզի դիմորդների գնահատականներում: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի համոզմամբ, այս խնդիրները լուծելու համար որոշակի քայլեր կարվեն, մասնավորապես կստեղծվեն խմբեր, որոնք կզբաղվեն տվյալ մարզերի դպրոցներում վերոնշյալ առարկաներից թույլ աշակերտների շրջանում ստուգումներ անցկացնելով:

Նախարարը նշեց, որ աշխատաշուկայի տեսանկյունից ամենահեռանկարային մասնագիտությունները էներգետիկան եւ հիդրոշինարարությունն են, որոնք նաեւ բարձր վճարվող են համարվում, սակայն այս բաժիններ ընդունվելու համար բարձր միավորներ պետք չեն. «Մարդիկ իրենց երեխային ուղարկելով բարձր վճարներով տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային դիվանագիտություն բաժիններում ուսանելու՝ նրանց դատապարտում են գործազուրկի կարգավիճակի: Օրինակ, միջազգային դիվանագիտության մեջ մեր փոքր երկիրը չի կարող ամեն տարի ապահովել 100-ից ավելի դիվանագետ»:

Լ. Մկրտչյանն ասաց, որ դիմումների կրկնակի աճ է նկատվում միջազգային կրթության մասնագիտություններում, եւ տարեցտարի անկում են ապրում այն ուղղությունները, որոնք 90-ականների կեսերին բարձր էին. «Օրինակ՝ այդ ժամանակ մեծ աճ էր նկատվում կիրառական եւ «վետեի» բաժիններում: 2000-ից հետո աստիճանաբար որոշակի իջեցում սկսվեց: Նույն մտահոգությունը ունենք նաեւ գյուղատնտեսական մասնագիտություններում»:

Ընդունող հանրապետական հանձնաժողովը մի սկզբունքային որոշում է կայացրել. «Միանգամից կվերցնենք քննության արդյունքները, կհաշվենք ինչքան թափուր տեղեր կան, կբաշխենք առանց տարկետման իրավունքի տեղերը, եւ արդյունքները մի ցանկով կփակցվեն»,- ասաց նախարարը: Եվս մեկ փոփոխություն է կատարվել հօգուտ դիմորդների: Լ. Մկրտչյանը հայտնեց. «Շատ բարձր միավորներ ստացած դիմորդներ իրենց հայտում չեն նշել առանց տարկետման իրավունքի կետը: Մենք, հաշվի առնելով պահուստային տեղերը, հանրապետական ընդունող հանձնաժողովին կառաջարկենք, որպեսզի մրցույթի ներքին շեմը հաղթահարած բոլոր դիմորդներին համարենք «ԱՏ» դիմած: Հետագայում դիմորդը կուզի՝ կգա, չուզի՝ չի գա»:

Նախարարը նշեց, որ բողոքներ լինում են հատկապես բանավոր քննության ժամանակ. «Շատ հաճախ երեխաները այստեղ հուզվում են եւ չեն բողոքարկում: Անգլերենի պարագայում հսկողությունը հեշտ է, քանի որ այն, ինչ կատարվում է քննասենյակում, հեռուստացույցով կարող են դիտել դրսում: Սակայն նույնը չէ հայոց լեզվի բանավոր քննության պարագայում: Մենք ունեցել ենք մի դեպք, երբ մեզ դիմեց «3» միավոր ստացած մի երեխա, որի լրացրած բանավոր հարցման թերթիկից պարզ նկատվում էր, որ նա արդեն «8» միավոր ունի»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել