Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՆԴՈՒՆՎԻ՞ ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐ

Օգոստոս 23,2006 00:00

15
տարում Հայաստանի անկախ պետությունը դեռ չի կողմնորոշվել Ստեփան Զատիկյանի հարցում
«Հանուն հայրենիքի. հիրուր խետ» ազգային գաղափարախոսական ամսաթերթի (օգոստոսի
11) «Հայ քաղբանտարկյալներ» խորագրում ԽՍՀՄ քաղբանտարկյալ, «Հարթակ» թերթի գլխավոր
խմբագիր Մերուժան Հովհաննիսյանն առաջարկել էր օգոստոսի 26-ը հռչակել «Հայ քաղբանտարկյալի
օր»: Նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը երեկ «Առավոտի» հարցմանը, թե ինչպիսին
է իր կարծիքը քաղբանտարկյալի օր հայտարարելու առաջարկությանը, ասաց, որ «խորհրդային
կալանավայրերում եղած հայրենասերներն իրավունք ունեն իրենց քաղկալանավոր համարել,
բայց արժե, որ նրանք գիտենային, որ բոլոր ազգերի համար քաղկալանավորի օրը հոկտեմբերի
30-ն էր, որ այդ օրը նշվում էր խիստ ծանր հետեւանքներ ունեցող հացադուլով ու գործադուլով»:
Ի դեպ, հայերը մեկօրյա հացադուլով նշում էին ապրիլի 24-ը եւ դեկտեմբերի 10-ը, իսկ
եռօրյա հացադուլով պահանջում էին անկախության հանրաքվե՝ ամեն տարվա օգոստոսի 11-ին:
«Այսօր, երբ պատմական անցյալ է դարձել խորհրդային բռնապետությունը, հետաքրքիր է,
թե ում եւ ինչի համար է պետք ինչ-որ նոր, զուտ հայկական քաղկալանավորի օր հռչակելը:
Քաղկալանավոր ունենալը որեւէ պետության խայտառակությունն է եւ կարծում եմ, թող Սովետին
էլ մնա այդ խայտառակությունը»: Մեր հակադարձմանը, թե օգոստոսի 26-ը ընտրվել է 7 հայրենասերների
դատավարության հետ կապված, Պ. Հայրիկյանն ասաց. «Ինչ վերաբերում է 7 հայրենասերների
դատավարության օրը հայ քաղկալանավորի օր հռչակելուն, ապա չմոռանալով այն մեծ հոգեբանական
դերը, որ ունեցավ ազգային զարթոնքի ճանապարհին այդ դատավարությունը, հիշենք, որ այն
առաջին քաղաքական դատավարությունը չէր»: Հայ քաղբանտարկյալներից շատերն այս օրերին
պատրաստվում են նշել ԱՄԿ 40-ամյակը: Մինչդեռ ընդհատակյա այդ կազմակերպության հիմնադիրներից
մեկի՝ Ստեփան Զատիկյանի համար էլ Մերուժան Հովհաննիսյանն ասում է, որ 1977թ. հունվարի
8-ին Մոսկվայի մետրոյի պայթյունը ԱՄԿ ներկայացուցիչները կատարել են «ներքին դավադրության»
արդյունքում: Եվ որ այդ օրերին Զատիկյանին հետապնդում էին «ներկուսակցական պատեհապաշտները»,
որոնք փորձում էին խարանել նրան՝ որպես ՊԱԿ-ի գործակալի: Ուստի այսօր, ըստ պարոն
Հովհաննիսյանի, տարիների հեռվից մենք այդ քայլը դիտում ենք իբրեւ «ինքնարդարացման
փորձ»: Մերուժանի կարծիքը կիսողները ԱՄԿ-ի համապետական ծնունդը նշելը համարում են
անթույլատրելի, որովհետեւ պայթյունը, որի հետեւանքով զոհվեց 7 եւ տարբեր աստիճանի
մարմնական վնասվածքներ ստացավ 37-ը, ընկնում է հենց այս կազմակերպության վրա: «Մեծագույն,
մեղմ ասած, զարմանքով տեղեկացանք, որ իրեն նախկին քաղկալանավոր զգացող մեկը իրեն
իրավունք է վերապահում հայտարարել, որ Ստեփան Զատիկյանը 70-ականներին Մոսկվայի մետրոյում
պայթյուն է կազմակերպել, որպեսզի իր «պատեհապաշտ» ընկերների առաջ արդարանա, որ ինքը
ՊԱԿ-ի գործակալ չէ», երեկ «Առավոտին» փոխանցեց 1968 թվականից ԱՄԿ ղեկավար, Զատիկյանի
աներորդի Պարույր Հայրիկյանը: «Դիմում եմ այս հայտարարության հեղինակ Մերուժան Հովհաննիսյանին:
Իմ նախկին բարեկամ, դու, որ ԱՄԿ-ի հետ ոչ մի կապ չունեիր, որ մյուս բազում պատեհապաշտներին
հետեւելով 1973թ. մերժեցիր ԱՄԿ պայքարի մաս կազմելու իմ առաջարկը, ինչպես ես քեզ
իրավունք վերապահում խոսել ԱՄԿ «ներքին» խնդիրների մասին: Ի՞նչ բարոյական իրավունքով
ես դու ԱՄԿ երդման հեղինակ, բազում երիտասարդների պայքարի ոգեկոչող Ստեփան Զատիկյանին
թուլակամություն ու ընկճվածություն վերագրելով՝ կապում պայթյունի գործի հետ»,- շարունակեց
Պ. Հայրիկյանը, որը նաեւ ասաց. «Ստեփանն այսօր չկա եւ ի վիճակի չէ իր մասին խոսողներին
սաստել, բայց դա մեզ իրավունք չի տալիս անպատասխանատու շատախոսել»: «Անընդունելի
է ցանկացած հայրենասիրական կազմակերպության եւ ժողովրդի կողմից, որովհետեւ տվյալ
դեպքում զոհվել են ոչ թե այս կազմակերպության կամ նման ազգային գաղափարախոսության
թշնամիները, այլ անմեղ ժողովուրդ»,- նկատի ունենալով Մոսկվայի մետրոյի պայթյունը,
ասում է Մերուժան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Զատիկյանի հետ միասին ԱՄԿ-ի երկու
անդամներ՝ Հակոբ Ստեփանյանն ու նկարիչ Զավեն Բաղդասարյանը գնդակահարվեցին 1979թ.
հունվարի 20-ի դատավճռից 5 օր հետո: Մինչդեռ մոսկվաբնակ մտավորական Բորիս Սոկոլովի
տպավորությամբ, հայտնի դիսիդենտը՝ Զատիկյանը, պայթյունի ժամանակ Մոսկվայում չի եղել:
Ըստ ռուս մտավորականի, Զատիկյանի անձի ընտրությունը կարող էր պայմանավորված լինել
նրանով, որ «նա եղել է իսկապես քաղաքական այլախոհ, ընդհատակյա կուսակցության կազմակերպիչ
եւ ոչ թե շարքային մարդու իրավունքների համար պայքարող մարտիկ»: Տարիներ շարունակ
մենք արծարծում ենք այն հարցը, որ հարյուրավոր բռնադատվածների արդարացման ցուցակներում
չկան Ստեփան Զատիկյանի եւ նրա երկու ընկերների անունները: Ո՞ր այլախոհը (այսօրվա
վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի կարգավիճակում գտնվող) գիտի, թե որտեղ է նրանց
քրեական գործը: 64 հատորանոց գործով անցել է 500-ից ավելի վկա: Արժե մեջբերել նաեւ
Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ Մալվա Լանդային: «Անմեղներին բաժին ընկավ մեռնել
այդպիսի մահով: Երեք գնդակահարվածները ունեցել են եւ ունեն իրավունք անմեղ համարվել,
քանի որ նրանց մեղավորությունը չի ապացուցվել օրինական կարգով, պաշտպանության բոլոր
հնարավորությունների ապահովմամբ»: Հետաքրքիր է, որ Զատիկյանին, Ստեփանյանին եւ Բաղդասարյանին
արդարացնելու հարց չեն բարձրացրել ո՛չ հայրենի անկախ պետության մարմինները, ո՛չ մտավորականները,
ո՛չ էլ նույնիսկ ԱՄԿ անդամները, որոնք պատրաստվում են նշել իրենց տոնը: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել